ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգին, ասել է.
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ: Վանգան պետք չէր լինել կանխատեսելու համար, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար:
Ես քաղաքացի եմ, ով կողմ է օրինականությանը, ես քաղաքացի եմ, ով կողմ է, որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից: Բայց ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից, երբ չունենք ճիշտ կահավորված կայանատեղիներ, երբ անգամ Շումախեր լինելու դեպքում հնավավոր չէ երևանյան եթևեկության դեպքում բալային համակարգով նախատեսված որևէ խախտում չանել: Ուղղակի հնարավոր չէ»:
1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վլադիմիր Լենինն էր ասել, թե անգամ խոհարարուհին կարող է պետություն ղեկավարել: 70 տարի այդպես էլ ղեկավարել են ԽՍՀՄ-ը՝ դիլետանտներ և շառլատաններ: 1998 թվականի հեղաշրջումից հետո լենինյան այդ թեզը նորից կյանքի կոչվեց: Իշխանության բարձր պաշտոնների անցան դիլետանտներ, խոհարարի ինտելեկտից էլ ցածր մտավոր ցենզ ունեցող անձինք՝ սկսած Ռ. Քոչարյանից: Մարդիկ, որոնք քաղաքականության մեջ գնահատում էին փողը, քծնանքը և հարմարվողականությունը: Մնացածը էական չէր: Դրա համար էլ քոչարյանական և սարգսյանական խորհրդարաններում կարելի էր հանդիպել այդքան տհաս, չուգունե գլուխներով, փողոցային բառապաշարով, ցածր ինտելեկտով, շառլատան դեմքերի: Իբր երկրի կառավարմամբ էին զբաղվում: Անուններ չտանք, ընդհանրացված՝ մի աղբ էր:
Հեղափոխությունից հետո հույս կար, որ այդ աղբը աստիճանաբար կվերանա պետական համակարգից, քանի որ պետություն ղեկավարելը, այնուամենայնիվ, ամեն խոհարարի գործ չէ, այն պահանջում է բազմակողմանի զարգացածություն, տարիների քաղաքական փորձ, արժեքային համակարգ, սկզբունքներ, անցյալի և ներկայի հիման վրա ապագան պատկերացնելու ունակություններ: Որոշակի զանգված կա, որը հեղափոխության արդյունքում իշխանության եկավ ու, բազմաթիվ վերապահումներով հանդերձ, կարող է համապատասխանել այդ պահանջվող ունակություններին:
Հիմա կարող է հարց առաջանալ. իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Նաիրա Զոհրաբյանը: Շատ անմիջական. նա ոչինչ չի հասկանում բալային համակարգից: Այդ հարցում նա խոհարարուհի է: Մենք իրեն որպես ընդհանրացված կերպար ենք ներկայացնում: Այն մարդկանց հավաքական կերպարը, որոնք խոսում են ամեն ինչից ու մեկնաբանում ամեն ինչ՝ անկախ նրանից, հասկանում են թեման, թե՝ ոչ: Իսկ դա վեր է նույնիսկ Ալեքսանդր Դրուզի ու Մաքսիմ Պոտաշովի ուժերից:
Բալային համակարգից պետք է խոսեն նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են ճանապարհային երթևեկության հարցերով, դրանք կարգավորող օրենքներով, վարորդների խնդիրներով, որոնք հինգ մատի պես գիտեն այդ ոլորտը, իրարից լավ են տարբերակում լավ և վատ վարորդ հասկացություններ, որոնք հետամուտ են եղել վարորդների վրա դրված ապօրինի տուգանքները չեղարկելով: Նման կազմակերպություններ, կառույցներ և նախաձեռնություններ Հայաստանում կան և արդեն երկար տարիներ զբաղվում են վարորդների հարցերով: Նաիրա Զոհրաբյանը մի րոպե անգամ չի զբաղվել, բայց քոչարյանականների ձեռնարկած վարորդների, իբր, բողոքի ակցիայի առաջամարտիկ է դարձել: Ու նրա պես շատերը: Լրիվ Սովետի տարիների ոգով. «Պաստեռնակ չենք կարդացել, բայց դատապարտում ենք»:
Դրա համար ամեն մեկը պետք է զբաղվի նրանով, ինչից գլուխ է հանում: Նույն օրը, բացի բալային համակարգի վերաբերյալ այս բեմականացված շոուին մասնակցելուց, Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մի այլ թեմայի էր անդրադարձել, մեջբերենք նրա խոսքը.
«Թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ: Որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը: Նախարարությունից պարզաբանում են, թե փոխել են ֆինանսավորման տրամաբանությունը և այդ խնդիր մասին ամիսներ առաջ տեղեկացրել են քաղաքապետարանին:
Ըստ էության, նախարարությունը այլևս իր անելիքը չի տեսնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին փողոցում թողնելու խնդրում և հարցը տեղափոխել է քաղաքապետարանի դաշտ: Սա այն դեպքն է, երբ ես էլ քաղաքապետարանի մեղավորությունը չեմ տեսնում, որովհետև հարցը քննարկել եմ ավագանիների հետ և հիմա Երևանի ավագանին պիտի ինչ-որ լուծում գտնի այն դեպքում, երբ քաղաքի այս տարվա բյուջեով նման ծախս պարզապես նախատեսված չի:
Հիմա ես չգիտեմ ով ինչի համար է մեղավոր և ի՞նչ նոր սողոմոնյան փիլիսոփայություն է դրված ֆինանսավորման նոր մոդելում, որ քաղաքապետարանն ու հասարակական որևէ կազմակերպություն չի «ֆայմել» դիմի նախարարությանը, բայց մեկ բան հստակ է` մանկապարտեզ հաճախող հատուկ կարիքներ ունեցող երեխաների հարցը պիտի լուծվի և վերջ:
Պատրաստ եմ հարցը քննարկել նախարարության, քաղաքապետարանի և մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ, ով ևս այս խնդրին տեղյակ է»:
Ամբողջ գրառումը ներկայացրել ենք ու մի բան կարող ենք ասել. ապրի Նաիրա Զոհրաբյանը, որ այսպիսի սրտացավությամբ է մոտենում ներառական կրթություն ստացող երեխաների հարցին: Երևում է պատգամավորը իրապես զբաղվում է այս հարցով, բարձրաձայնում է, հասկանում խնդիրի կնճռոտ կողմերը, ցավ է ապրում: Բան չես կարող ասել. այստեղ Նաիրա Զոհրաբյանն իր տեղում է, ճիշտ թիրախներ է ընտրել և հանրության համար օգտակար գործ է անում: Ուրեմն, թող շարունակի նույն ոճով, նույն եռանդով զբաղվել նրանով, ինչից նա հասկանում է, և ինչը նրա սրտին ավելի մոտ է և մարդիկ միայն բարի խոսքերով կհիշեն նրան:
Սա միայն Նաիրա Զոհրաբյանին չի վերաբերում: Սա բոլոր պատգամավորներին և պաշտոնյաների է վերաբերվում: Մի գործեք խոհարարուհու հոգեբանությամբ. դրանով և ձեզ կվնասեք, և՜ պետությանը, և՜ հասարակությանը: