...

Բանակը միտումնավոր պարտության տանողներին հիշում ենք

Բանակը միտումնավոր պարտության տանողներին հիշում ենք

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեկտեմբերի 19-ին վարչապետի՝ դեպի Եռաբլուր կազմակերպած սգո երթը դիտելուց հետո ես հասկացա, որ Արցախյան այս պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի, զորահավաքային ռեսուրսների համալրման գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր՝ ինձ համար դեռևս անհայտ նպատակայնությամբ»:

«ՉԻ». Այս պատերազմում ինչն է եղել անգրագիտության արդյունք, ինչը՝ միտումնավոր, դժվար է ասել: Կգա ժամանակը, երևի ինչ-որ հանձնաժողով կստեղծվի կամ դատական պրոցես կսկսվի, և գուցե մենք շատ հարցերի պատասխանները ստանանք: 

Բայց երբ Սեյրան Օհանյանը միտումնավորության մասին է խոսում... այստեղ մի հատ պահ է առաջանում: Ինքը արցախյան պատերազմի փառաբանված գեներալներից մեկն է, Արցախում բանակի կայացման և ամրապնդման գործում մեծ ավանդ է ունեցել: Այս մասով մենք ակնածանք ունենք նրա հանդեպ:

Բայց, գիտե՞ք՝ որն է միտումնավորը: Միտումնավորը այն է, որ մեր բազմաթիվ գեներալներ մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն դոլար արժողության առանձնատներ ունեն, ու մենք մինչև հիմա չգիտենք, թե որ զինվորը, որ վաշտը, որ զորամասն է օրերով սոված մնացել, որ այդ առանձնատները վեր խոյանան: Հը՞, Սեյրան Օհանյան, ի՞նչ կասես:

Միտումնավորը այն էր, որ գոմեշի նեխած միսը դրսից կոպեկներով բերում էին, հետո տավարի մսի անվան տակ, ավելի թանկ գնով հանձնում ՊՆ նախարարությանը, այդ միսը հասնում էր զինվորին, կեսը թափում էին, կեսը տալիս էին գեներալներին պատկանող խոզանոցներին: Ու զինվորը՝ կալորիա չստանալով, հազար ու մի հիվանդություն էր ձեռք բերում: Իսկ գոմեշի մսի վրա ահռելի փող աշխատած գեներալները Սևանի ափին դղյակներ էին սարքում: Հը՞, պրն Օհանյան, դա միտումնավոր էր, չէ՞, արվում:

Միտումնավորը այն էր, որ 20 տարի բանակը «Կորեայի որբի» կարգավիճակում է եղել: Ով հասել, այդ բանակից փայ է փախցրել: Բանակի հաշվին հարյուրավոր միլիոնատեր գեներալներ են առաջացել: Տեխնիկա, զենք, ՀՕՊ, ԱԹՍ գնելու փոխարեն այդ գումարները վերածում էին բաժնետոմսերի, օբյեկտների, փայաբաժինների: Ջաբրայիլում պաշտպանական ամուր բնագծեր ու բունկերներ կառուցելու փոխարեն Երևանի կենտրոնում էլիտար շենքեր էիք կառուցում: Ճիշտ չե՞նք ասում, պրն Օհանյան:

Միտումնավորը այն էր, որ զինվորին պատշաճ հանդերձանքով ու հագուստով ապահովելու համար նախատեսված գումարներով որոշ գեներալների կանայք ամեն օր թանկանոց հագուստներ էին կրում ու ամսական 3-4 մլն դրամի ծաղիկներ էին գնում, որ սիրուն սելֆիներ անեն: Միայն սելֆիների համար: Իսկ զինվորին մայկա-նասկի-տրուսիկը նրա ծնողն էր ուղարկում: 

Այ սա, պրն Օհանյան, հաստատ միտումնավոր է եղել: Սա մեր աչքի առջև է եղել, սա մենք տեսել ենք, 20 տարի միտումնավոր բանակին տարել են դեպի պարտություն: Մեր այս գրածներին ոչ մի գեներալ ոչ մի հակափաստարկ չի կարող բերել: Սևանի ձեր առանձնատների փայատեր դառնանք, թե խաբում ենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3394 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ