«Մեր մտահոգությունը և վրդովմունքն ենք արտահայտում Արցախի հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ: «Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի ապիկար և պոպուլիստական գործելաոճի պատճառով բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները` դրանով իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր դրույթները»,- ասված է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ։
«ՉԻ». Միայն կարելի է պատկերացնել, թե հանրապետականի անունից տեքստեր գրողները ինչ բառամթերք կօգտագործեին, եթե հակառակը լիներ: Ասենք, լինեին իշխանություն, կորցնեին այն և հաջորդ իշխանության ապիկար և անհեռատես քաղաքականության արդյունքում Արցախը դադարեր բանակցային կողմ լինելուց: Դավաճանություն, թուրքի գործակալ և այլ էպիտետները կհնչեին իբրև բարեմաղթանք:
Միայն կարելի է պատկերացնել, թե Աշոտյանը և մյուսները ինչ հիստերիա կբարձրացնեին, եթե իրենց օրոք ազատագրվեին Արցախը և 7 շրջանները, իսկ հաջորդ իշխանությունը բանակցեր, օրինակ, Քի-Վեսթի փաստաթղթի նման պայմանավորվածությունների շուրջ:
Վիեննայում ու Ժնևում ոչինչ չասող մոնիթորինգի վերաբերյալ թղթի կտոր են հետ գցել, այնպես են ներկայացնում՝ կարծես Ադրբեջանի կապիտուլյացիայի վերաբերյալ ակտ էին ստորագրել: Չմոռանանք, որ թղթի այդ կտորներն էլ ձեռք էին բերել հայ երիտասարդների արյան և հերոսության շնորհիվ:
Մտահոգություն պետք էր ունենալ անցած 20 տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը զինվում էր, իսկ հանրապետական խաժամուժը` հարստանում, այդ թվում՝ բանակի հաշվին: Այնպես որ՝ կոնկրետ այս դեպքի համար է ասված՝ նստեք տեղներդ, մինչև տեսնենք, թե ինչպես ենք հաղթահարում ձեր պատճառով ստեղծված մարտահրավերները: