...

ԲՀԿ-ականները «կատաղել են»

ԲՀԿ-ականները «կատաղել են»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները շատ են նեղվել խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթից, որտեղ նա անդրադարձել էր հայաստանյան քաղաքական դաշտի էական բարեփոխման անհրաժեշտությանը։ 

Գաղտնիք չէ, որ քսան տարուց ավելի այդ քաղաքական դաշտը ապականված է եղել, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը, իշխանության բռնազավթման ճանապարհին, խորը ավերածություններ է գործել նաև քաղաքական դաշտում, զարգացրել քաղաքական կոռուպցիան ու առևտուրը, ծախել-ծախվելու պրակտիկան, ներդրել հաճախորդ կուսակցությունների համակարգն ու քաղաքական գործիչների կարգավիճակը, կուսակցությունների «ամուսնության» ու «ապահարզանի» երևույթները և այս ամենի թագն ու պսակը՝ նորին գերազանցություն պետականորեն համակարգված ընտրակեղծարարությունը, ընտրակաշառքները, խորհրդարանի ձևավորման քվոտավորումը, նախագահական ու կառավարական սենյակներում Ազգային ժողովի կազմը ձևավորելու ավանդույթը։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ըստ էության ասել էր, թե այս ամենն այլևս տեղ չպետք է ունենան քաղաքական դաշտում, առավել ևս՝ խորհրդարանում. «Այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են՝ այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել՝ նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»: 

Այնուհետ կանխատեսել էր, որ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության՝ ժողովրդական հեղափոխության արժեքները:

ԲՀԿ-ականներին, իհարկե, դուր չեն կարող գալ այստեսակ հայտարարությունները, քանի որ կուլիսներից կառավարվող մարիոնետների մասին հղումը նաև ու առաջին հերթին իրենց մասին է՝ որպես տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար «հաղթանակ» ապահոված և ընդդիմադիր դաշտն ու ընդդիմադիր զանգվածին իր «բարեգործությամբ» փակած բուֆերային ուժ։

ԲՀԿ-ականները Նիկոլ Փաշինյանի ելույթից նեղվելու այլ պատճառ էլ ունեն։ Նա այս կուսակցության անունը (ՀՀԿ-ի հետ միասին) տվել է նաև ընտրակաշառքի մասին խոսելիս. «Նորությու՞ն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորությո՞ւն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել, նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ երբ կանգնում ես ամբիոնից՝ ասում մի բան, որը բոլորը գիտեն, և նշում, թե այդպես չէ՝ դա նշանակում է ինքնաոչնչացում: Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռք առնել»:

Այս ելույթից հետո ԲՀԿ-ականները շատ են կատաղել. Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում օրվա մեջ սյուրռեալիստական-ֆուտուրիստական ոճի երկու-երեք փրփրաբերան հոդված-գրառումներ է թխում, Արման Աբովյանն իրեն ոչ հասու թեմաների մեջ մտնում, դե Գևորգ Պետրոսյանն էլ, ինչպես միշտ, ռաբիս սրամտությունների ալիք է բացել։

Սույն պատգամավորը երեկ մի քիչ լրջի մեջ գրել է. «Նիկոլ Փաշինյանն այլևս 0 է... ԱԺ վերջին ելույթը նրա ինքնախայտառակության գագաթնակետն էր... Հանցագործությունների մասին բազում անհիմն հաղորդումներ... Բայց դա հլը մի կողմ... Ճվճվալով ճշմարտություն չի որոշվում: Անօգուտ էր ծախսածդ էներգիան: Դու ավելի լավ կլինի՝ նույն ինտոնացիայով խոսիր Ռուսաստանում: Չես կարա... Քուանշ...»։

Թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը նույն ինտոնացիայով ու, ընդհանրապես, այս թեմայով խոսեր Ռուսաստանում, անհասկանալի է։ Նաև հետաքրքիր է՝ ինչո՞ւ Գևորգ Պետրոսյանը չի տվել, ասենք, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի անունները, այլ տվել է հենց Ռուսաստանի անունը։

Պատասխանն առավել քան պարզ է և ցույց է տալիս Գևորգ Պետրոսյանի ու ԲՀԿ-ի պատկերացումները քաղաքականության, քաղաքական դերակատարության, պետական ինքնիշխանության, արժեհամակարգային մտածողության մասին։ Նրա համար Ռուսաստանը տեր է, տիրակալ (ինչպես զուտ անձնական փոխհարաբերություններում Գագիկ Ծառուկյանը), իսկ Հայաստանը՝ Ռուսաստանին ենթակա։ Չի բացառվում, որ նրանք ղազագիր գրած լինեն նաև, ասենք, իրենց ռուսական հովանավոր Единая Россия կուսակցությանը։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2714 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ