- Պարոն Սողոմոնյան, ինչպե՞ս է իրեն զգում պարոն Քոչարյանը:
- Շատ լավ: Մի փոքր անհարմարություններ կան, բայց կհաղթահարի: Այլևս որևէ բան չի խանգարում պարելուն, կներեք՝ պայքարելուն:
- Ե՞րբ դուրս կգրվի հիվանդանոցից:
- Մենք արդեն պատրաստվում էինք դուրս գրվել, բայց մամուլում եղան հրապարակումներ, որ Հայաստանում հայտնվել են կուբացի ՁԻԱՀ վարակակիր տրանսգենդերներ: Հաշվի առնելով գործող իշխանության նենգությունը՝ որոշել ենք մի քիչ էլ մնալ հիվանդանոցում, շառից փորձանքից հեռու:
- Կարծիք կա, որ Քոչարյանը ցանկանում է ամեն գնով հետաձգել դատավարությունը:
- Այդպիսի մերկապարանոց պնդումներ անողները թող մի օր իրենք հոգան աջակիցների բոլոր ծախսերը, տեսնեմ կկրկնեն նման անհեթեթություններ:
- Ամեն դեպքում, կհստակեցնե՞ք, թե որքան տևեց Բելլա Քոչարյանի հանդիպումը Պուտինի հետ և ինչ հարցեր քննարկվեցին:
- Հանդիպումը տևեց շուրջ 2450 միլի վայրկյան: Նախագահ Պուտինն իր անվերապահ աջակցությունը հայտնեց նախագահ Քոչարյանին: Նա անգամ տիկին Բելլային ուրախացնելու համար հայերեն մի քանի բառ էր սովորել: Օրինակ, հայերեն ասաց՝ «Բելլա ջան, եղունգ ունես, գլուխդ քորի»: Նա նաև մի փոքր ծանրոց էր բերել, որ փոխանցեինք նախագահ Քոչարյանին:
- Եթե գաղտնիք չէ՝ ի՞նչ կար ծանրոցում:
- Իհարկե գաղտնիք չէ: Մոսկվայի «Կռասնի Օկտյաբր» գործարանի կինդեր ձվիկներ էին: Մենք բոլորս հուզվել էինք, թե ինչպես է նախագահ Պուտինը հիշում նախագահ Քոչարյանի նախասիրությունները:
- Քոչարյանը հետևո՞ւմ է տարածաշրջանում ընթացող գործընթացներին:
- Իհարկե: Ակնհայտ է, որ եթե Քոչարյանը լիներ ազատության մեջ, ապա Թուրքիան չէր համարձակվի մտնել Սիրիա, Իրանը չէր պայթեցնի Սաուդյան Արաբիայի նավթային գործարանները, Իսրայելը զենք չէր վաճառի Ադրբեջանին: Փաշինյանը մեկուսացրել է նախագահ Քոչարյանին, որպեսզի պայթեցնի տարածաշրջանը: Բայց նախագահ Քոչարյանը կնստի, դուրս կգա և կարգի կբերի տարածաշրջանը: