Հայ-ռուսական ազգային-ազատագրական թանգարանում բացվել է իր նկարների ցուցահանդեսը: Ինքն այցելուներին անձամբ է ներկայացնում իր գործերը: Թանգարանի մուտքի վերևը գրված է. «Շինենք Հայաստանը ևս 10 տարի»:
Ներս են մտնում թանգարան. «Սիրելի այցելուներ,- սկսում է ինքը,- ծանոթացեք իմ տաղանդի արգասիքներին: Առաջին սրահում դուք տեսնում ենք «Իվան Ահեղը անզգույշ քաշքշում է իր որդուն» հանճարեղ կտավը, որը ես հեղինակել եմ իմ հայրենակից Կուկուշկինի հետ:
Իսկ սա «Արյունոտ կիրակի» նկարն է: Նկարում, ինչպես տեսնում եք, ժողովուրդը 1905 թվին խաղաղ ցույց է անում Սանկտ Պետերբուրգում, սակայն ավազացարական իշխանությունները զորք բերեցին և կրակեցին խաղաղ ցուցարարների վրա: Ահագին մարդ զոհվեց, սակայն մարդասպաններից ոչ ոք չպատժվեց: Իսկ այս ամենը, ու ես դա բազմիցս եմ ասել, սադրել ու կազմակերպել էր Նիկոլ թագավորը»:
Այցելուներից Իվետա Տոնոյանը միջամտում է. «Խորհուրդ կտամ էդ կրակողների շարքերում մի երկու էլ օլիգարխ ավելացնել»:
«Շնորհակալ եմ խորհրդի համար,- ասում է ինքը,- իսկ սա «5-րդ ալիք» կտավն է, որտեղ մի խումբ մարդիկ կենաց-մահու պայքար են մղում ժողովրդի հեղեղի դեմ, որ չխեղդվեն: Ես էլի ալիքներ ունեմ, բայց ամենաշատը սա եմ հավանում»:
Մեկ այլ այցելու՝ Արուսյակ Ջուլհակյանը, ասում է. «Ազնիվ չէ, որ ձեր մյուս ալիքները չեք ներկայացրել: Խորհուրդ եմ տալիս չթաքցնել դրանք»:
«Աղջիկ ջան, հերիք չի՞, դու ինձ խորհուրդներ տաս»,- զայրանում է ինքը, բայց ուշադիր նայելով Արուսյակին, զարմանում է. «Չէ, վայ, սա ուրիշ կնիկ է»:
«Լավ, շարունակենք,- շարունակում է ինքը,- հաջորդ գլուխգործոցս. «Զապորոժցիները ԺԵԿ-ի տեղեկանք են ներկայացնում թուրքական սուլթանին»: Այս նկարի գաղափարն իմ մոտ մտահղացավ դեռ այն ժամանակ, երբ Ստեփանակերտում «Զապորոժեց» էի քշում: Հի-հի»:
«Մյուսը «Անառակ որդու վերադարձը» նկարն է: Անառակ այս տղան երկար ժամանակ անհետացած է լինում, հետո պարզվում է, որ նա հանցագործություններ է կատարել, գողություն, սպանություն, իշխանության զավթում, դրա համար բանտում է նստել, բայց հետո տարբեր խարդախությունների շնորհիվ այնտեղից դուրս գալով, հիմա՝ ինչպես տեսնում եք, վերադարձել է քաղաքականություն»:
«Ահա և իմ վերջին գործերից մեկը՝ «Խորհրդավոր ընթրիքը»: Սրա վրա մի քանի ամիս չարչարվեցի: Ինչպես տեսնում եք, 17 ուժեր գաղտնի հավաքվել են: Մեջտեղում Փրկիչն է, որը խոսում է դավաճանության մասին և ցանկանում փրկել հայրենիքը: Նա զգուշացնում է, որ սեղանի շուրջ նստած ուժերից մեկը դավաճանելու է իրեն, և բոլորը գլուխները կախում են՝ մտածելով, որ Փրկիչը իրեն նկատի ունի: Ու Փրկիչը տխուր է, քանզի զգում է, որ իր կանխատեսումները ճիշտ են դուրս գալու»:
«Սիրելի ժողովուրդ,- ասում է ինքը, -ինձ կներեք, պետք է գնամ, նոր նկար եմ սկսել, մի քիչ աշխատեմ վրեն, կոչվում է «Երևանի վերջին օրը», պատվեր են տվել, մինչև հունիսի 20-ը պետք է ավարտեմ: Վիկտո´ր, դու շարունակի» և դուրս գալիս թանգարանից:
Արթնանում է իր մութ սենյակում, որը կոչվում է «Սև քառակուսի»:
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021