...

Ծառուկյանը կրկեսի վերածելու հայրենիք ունի՞

Ծառուկյանը կրկեսի վերածելու հայրենիք ունի՞

Լինում են, չէ՞, դերասաններ, որոնք, վստահ լինելով, որ հմայիչ են, խելացի ու տաղանդավոր, ամբողջ կյանքում երազում են խաղալ լուրջ ու դրամատիկ դերեր, սակայն նրանց միշտ բաժին են հասնում երկրորդ պլանի կոմիկական կերպարները: Նույնպիսին է նաև Գագիկ Ծառուկյանը:

Քաղաքականություն ոտք դնելու առաջին իսկ օրվանից նրա շրջապատն անընդհատ ներշնչել է «քանքարավոր» արտիստին, որ ինքը տաղանդավոր է, շնորհալի, վայելում է «պուբլիկայի» սերն ու ակնածանքը, հետևապես քաղաքականության մեջ արժանի է խաղալ լուրջ ու էպիկական դերեր` Լիր արքա, Հայր Գորիո, զբաղեցնել պատասխանատու պաշտոններ, մի քանի անգամ ավելի պատասխանատու, քան կուսակցության ղեկավար կամ շարքային պատգամավոր լինելն է: Սակայն քանի դեռ կային Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, Ծառուկյանը ստիպված էր համակերպվել ՀՀԿ-ի ռեկվիզիտը քարշ տվողի ու քաղաքական կատակերգակի իրեն բաժին հասած ճակատագրի հետ: Թերթեք կուսակցության անցած ողջ պատմությունը ու ասվածի ապացույցը կգտնեք: Հեղափոխությունը հույս արթնացրեց, որ Ծառուկյանը վերջապես կհասկանա, որ քաղաքական թատրոնն իր տեղը չէ ու կզբաղվի այն գործով, որն ավելի քիչ խելք է պահանջում, քան քաղաքականությունը: (Հակառակ իր խնամի Հովիկ Աբրահամյանի «քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չի» համոզման): Ասենք թե` կզբաղվի համապատասխան բիզնեսի բարգավաճմամբ` անպայման հարկերը վճարելու պայմանով, քանի որ այդ հարկերին այլևս չի սպառնում Մոնտե Կառլոյի կազինոյում կրվելը, և կամ` է՛լ ավելի էնտուզիազմով կնվիրվի ՀՀ սպորտային պատիվը աշխարհում բարձր պահելուն...Սակայն սին էին այդ հույսերը: Ծառուկյանին շարունակում է մոլեռանդորեն հետապնդել վաղեմի երազանքը, ինչի հետևանքով նա պերմանենտ «չարիքանում» է, ընդհուպ պատրաստ է գնալ հոգին սատանային վաճառելու ինցեստին: Այն, որ նա այս օրերին խոսում է հակահեղափոխական ուժերի առոգանությամբ ու բառապաշարով, պահանջում է կառավարության հրաժարականը, այդ ինցեստի նախադրությունն է:

Հակահեղափոխական ճամբարի ներկայիս սցենարիստն ու գեղղեկը վստահաբար լավ գիտեն Ծառուկյանի թույլ տեղը` Լիր արքայի սինդրոմը, և ներշնչել են չկայացած արքային, որ ինքը վերջապես մոտ է փափագելի գլխավոր դերը խաղալու շանսին: Իսկ այդ շանսը կա՛մ այսօր` կորոնավիրուսի այս ահագնացող ժամին պետք է իրացնել, կա՛մ` երբեք: ԲՀԿ նախագահը, հույս ունենք, խաբուսիկ փառքի շողքից չի կուրացել այն աստիճան, որ չհասկանա, թե ում հետ է ինքը գործ բռնելու «մինչև վերջ գնալու համար»: Ովքեր են այն ուժերը, որոնք հավակնում են օգտվել իր «խոնարհ ավանակ» լինելուց ու «հեծնել» նրան: Դրանք այն ուժերն ու խոհանոցային «լովելասներն» են, որոնց «ջարդը» ժողովուրդը տվել է երկուսուկես տարի առաջ, և այժմ նրանք ավելի ցածր վարկանիշ ունեն, քան, ասենք թե` Չալոն, կամ Նաիրա Զոհրաբյանի ձևակերպմամբ` «ԺԷԿ-ի պետի կոֆե դնողը»:

ԲՀԿ նախագահը, հույս ունենք, հասկանում է, որ ինքը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կառավարության ղեկավար լինել չի կարող մի քանի անառարկելի պատճառներով, որոնցից գլխավորը մտավոր և լեզվական կարողություններն են: Սա ասում ենք ոչ թե մարդու թերությունը երեսով տալու համար, այլ արձանագրելու, որ բնությունը ասուններին օժտելիս երբեմն աղաղակող սուբյեկտիվիզմ է ցուցաբերում: Առավելագույնը, ինչը կարող է անել 2015-ի բուրժուադեմոկրատական իշխանափոխության տապալված լիդերը, 2018-ի հեղափոխության ջրամատակարարը, ռևանշի շտաբին իր ռեսուրսներով «քյոմագ անելն» է: Եվ եթե այդ ճամբարի մասխարաները մտել են նրա «տամարն» ու համոզել նրան միանալ իրենց ճոխ պաշտոնի հույսով, ապա, ժարգոնային լեզվով ասած, «կայֆ են բռնել» նրա վրա: Նրանց նպատակը Ծառուկյանի ռեսուրսներն օգտագործելն է` կարճաժամկետ նպատակներով: ԲՀԿ ղեկավարն ունի ահռելի ֆինանսներ, կեղտոտ ու ոչ այնքան կեղտոտ, որոնք պետք են կեղտոտ գործարքներ իրականացնելու համար, ենթադրենք` իշխանության ներսում դասալիքներ գտնելու ու նրանց գնելու համար: Պետք են նաև նրա մարդկային ռեսուրսները` ընտրազանգվածը, որը հարկ եղած դեպքում հնարավոր կլինի փողոց հանել` ռևանշի համար հանրային աջակցության պատրանք ստեղծելու նպատակով: Եթե անգամ տեսականորեն հաջողի քրեաօլիգարխիային ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել երկրում, արյուն հանելու գնով հեռացնել իշխանությանը, անգամ այդ ժամանակ Ծառուկյանը չի կարող առաջին պլանի խաղացող դառնալ, քանի որ նույնիսկ հակահեղափոխական ճամբարում շարունակում են համոզված լինել, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Եվ ոչ միայն այդ ճամբարում:

Ելենա Ազատյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ