ԱԳՆ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են, ինչի առթիվ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «Այս առավոտ, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։
«ՉԻ». Ասենք՝ երբ կոտրում են «Առավոտի» յութուբյան էջը, հասկանում ենք, որ դա կարող էին անել այն ուժերը, մարդիկ, որոնց գործունեության վերաբերյալ «Առավոտը» ռեպորտաժ էր պատրաստել: Շատ հստակ, կոնկրետ անուններով տեսանյութը ներկայացնում էր, թե ինչպես էին որոշ իշխանավորներ ապրում մինչև հեղափոխությունը, և ինչպես՝ հիմա:
Այ մարդ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստատուսները, հոդվածներն ես կարդում, բան չես հասկանում: Այսքան ժամանակ նույնիսկ չգիտեինք նրա ֆեյսբուքյան էջի գոյության մասին: Պարզ չի, թե ինչ է գրում, ում մասին է գրում, ուզածն ինչ է: Տպավորություն է, որ Աճառյանի բառարանը բացում, աչքն ինչքան սիրուն բառեր է տեսնում, հավաքում, իրար կողքի է շարում, անունը դնում ստատուս կամ հոդված:
Ուրեմն, դժվար է ասել, թե նման ոճի հոդվածներից ամենաշատը ով կազդվեր: Այնտեղ ազդվելու բան չկա: Թե ազդվող լիներ, մենակ Աճառյանը կարող էր ծանր տանել: