«Հրապարակը» տեսանյութ է հրապարակել հետևյալ գլխագրով՝ «Ինչպես են դիմավորում Քոչարյանին Փաշինյանի հայրենի Իջևանում»:
Բացում ես տեսանյութը և ինչ. Իջևանի մատույցներում մի հատ սեղանիկ է դրված, հավաքված են մոտ 20 հոգի, որից 10-ը՝ «Հայաստան» դաշինքի անդամներ, և Քոչարյանը ուրախ-զվարթ բաժակ է բարձրացնում:
Տեսնես՝ դիմավորման տեսարաններ բեմադրող երկու ուժերը՝ ՔՊ-ն և «Հայաստան» դաշինքը, չե՞ն նողկում այս տեսարաններից: Չե՞ն հոգնել նախապես մթերք գնելուց, մի քանի հոգի մասովկա ապահովելուց ու ժողովրդական ընդունելություններ բեմադրելու տեսարաններ նկարահանելուց:
Հարավամերիկյան «օճառային» սերիալներն ավելի որակով են: Եթե մարդիկ կան, որ սիրում են այդ ոճի ստեղծագործություններ, ապա հաստատ կնախընտրեն հարավամերիկյան տարբերակը, քանի որ այնտեղ գոնե գեղեցիկ արտաքինով դերասանուհիներ կան:
Պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընդհանրապես պետք է արգելվեր շտաբներ բացելը կամ սեփական աջակիցներին մարզերով ման տալը:
Հեռուստատեսություն ու սոցիալական ցանցեր կան, նստեք, բանավիճեք, ներկայացրեք ձեր ծրագրերը, թե ինչպես եք երկիրը հանելու այս վիճակից: Իհարկե, այդպիսի մարտավարության դեպքում, որպես կանոն, երկու առաջատար ուժերի ներկայացուցիչները մի լավ ջարդվում են մյուս ուժերի բանախոսների կողմից: Դրա համար էլ նախընտրում են սեղանիկների շուրջ կենացներ ասելու մարտավարությունը: