...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

ՀԱՍՈՒՆԱՑԱԾ ՀԱՐՑԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Շարունակելով մարզական թեման, ասենք, որ շատ անսպասելի զարգացումներ սկսվեցին հայկական ֆուտբոլում: Թեպետ ոչինչ նման բան չէր ենթադրում: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Միանգամից ասենք, որ Խաշմանյանին համարում ենք բավական բարձրակարգ մարզիչ, որը ակումբային մակարդակով մի շարք հաջողությունների է հասել, բնավորություն ունի, ուժեղ կամքի տեր մարդ է, չի սիրում ուրիշների դուդուկի տակ պարել, մի խոսքով, ամենավատ կադրային որոշումը չէ, ինչ-որ տեղ՝ սպասելի էր:

Ու հանկարծ ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, համատեղության կարգով Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարում է, որ Արթուր Վանեցյանն իրավունք չուներ Խաշմանյանին մարզիչ նշանակել, քանի որ դրա  իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Հետևաբար, Խաշմանյանն առայժմ մարզիչ չէ:

Սրան հաջորդել է ՀՖՖ գործկոմի անդամ, համատեղության կարգով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձագանքը, որը գրել է. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»:
Վերջապես առիթ եղավ այս հարցը տալու. ո՞ւմ հանճարեղ գլխում էր ծագել Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահ նշանակելու գաղափարը: Ի՞նչ էին մտածել այն ժամանակ, երբ ԱԱԾ պետին վստահում էին ՀՖՖ կառույցը: Ո՞վ է ընդհանրապես տեսել, որ երկրի հատուկ ծառայության ղեկավարը միաժամանակ ֆուտբոլի ֆեդերացիա ղեկավարի:

Կարո՞ղ են իշխանությունները գեթ մեկ օրինակ բերել: Մեկը: ԱԱԾ պետը ընդհանրապես պետք է այլ բաներով քիչ զբաղվի, և այլ ոլորտներից հեռու մնա, հրապարակավ քիչ խոսի և երևա: Պարզ բան է: Գուցե Արթուր Վանեցյանը հրաշալի է ղեկավարում ՀՖՖ-ն, մենք առայժմ չենք կարող գնահատել նրա աշխատանքը, բայց դա աբսուրդ էր, որ նրան թույլ տրվեց համատեղել ԱԱԾ-ն և ՀՖՖ-ն: 

ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈՅՈՒՄ ԽԱՌՆ ԵՆ

Ասվածից թող չթվա, թե ուրախացել ենք, որ Վանեցյանի վրա «նաեզդ» են անում կամ  իշխանությունների «դամն» ենք պահում: Բացարձակ: Նույնը վերաբերում է Արսեն Թորոսյանին: Ի՞նչ գործ ունի ՀՖՖ-ում: Առողջապահության նախարար է, ահռելի մեծ համակարգ է, հազար ու մի խնդրով, մանավանդ, որ այդ խնդիրները վերաբերում են մարդկային կյանքերին, թող զբաղվի իր ոլորտով, մանավանդ որ վատ չի զբաղվում: Ե՞րբ եք հասցնում և նախարար լինել, և՝ ՀՖՖ գործկոմի անդամ:

Ընդհանրապես, ՀՖՖ-ի գործկոմի ներկայիս կազմը տեսել եք. ոնց որ «Իմ քայլը» դաշինքի պոլիտբյուրոն լինի: Նախարար, ԱԺ փոխնախագահ, պատգամավոր, ով կա չկա, բերել են: Մենք ֆուտբոլից հասկացող ուրիշ մարդ չունե՞նք: 

Երբ ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանն էր, իրեն էլ էինք քննադատում այս նույն երևույթների համար. այսինքն, որ կարող էր միանձնյա որոշեր, թե ով պետք է լինի հավաքականի մարզիչը, ով պետք է հավաքականում խաղա, ով՝ ոչ: Գործկոմն էլ նույն կերպ էր ձևավորվում. քաղաքապետ, թաղապետ, պատգամավոր, նախարար: Այդպես էլ էր, այդպես. թող մնար, աշխատեր: Ինչո՞վ է զիջում Արթուր Վանեցյանին: 

Իսկ Վանեցյանը լավ կլինի, հեռանա: Զուտ մարզական հետաքրքրությունից ելնելով ենք սա ասում. ահավոր հետաքրքիր է, թե այդ դեպքում նրա տեղը ով կնշանակվի:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՇՎԱՎ

Վերջերս չեզոք, այսինքն, ոչ ընդդիմադիր, ոչ էլ իշխանամետ մի մարդ ասաց, որ Քոչարյանի փաստաբանական խմբից միայն Արամ Օրբելյանն է, որն իր վարքագծով, խոսքով, արտահայտություններով հակակրանք չի առաջացնում, չափած-ձևած է խոսում:

Մեծ հաշվով, կարելի է այս թեզի հետ համաձայնել: Բայց մեր կարծիքով, պատճառն այն է, որ Արամ Օրբելյանը պարզապես ժամանակ չի ունենում աչքի ընկնել վատ արարքներով. Հայկ Ալումյանն ու Ռուբեն Սահակյանը իրար հերթ չտալով, մեկը մյուսից ավելի ցինիկ են իրենց պահում անընդհատ: Ոչ մի րոպե չեն դադարում լաչառության տեսարաններ սարքել:

Երեկ էլ Ռուբեն Սահակյանը, որը ինչպես գիտեք, Պողոս Պողոսյանի սպանության գործով «պալիտ» եղավ, քիչ էր մնում դատավոր Դանիբեկյանին ուտեր: Մի այնպիսի ոգևորությամբ էր հարձակվել դատավորի վրա, զգում էիր, որ մեջը մութաֆյանական ինչ-որ բան կա: «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Եթե չես հասկանում, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Նրանց գործը լսի, ոչ թե մարդկանց… դե, նա շատ կատուներ է պահում»: 

Սա փաստաբան կոչվող մարդու խո՞սք է: Որ չեն ասում՝ հանրապետության ամենափորձառու փաստաբաններից է: Անմիջապես պետք է հարցնել. իսկ ի՞նչ գործեր է շահել, քանի՞ քաղբանտարկյալի շահեր է պաշտպանել, Եվրոդատարանը նրա բողոք-հայցերից քանի՞սն է բավարարել: Փորձառուն այդպես ենք հասկանում:

Իսկ ինչ վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանին, չգիտեինք, որ նա կատուներ է պահում: Դե ասա, կարգին մարդ է, կենդանասեր է, իսկ եթե կենդանասեր է, ուրեմն՝ առյուծ սատկացնող Քոչարյանի գործը բարդանալու է: Կենդանասերները ահավոր չեն սիրում սադիստներին, սուտլիկ որսկաններին և ինքնակոչ հերոսներին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ