...

«Չկա վերադարձ անցյալին» վտանգված է

«Չկա վերադարձ անցյալին» վտանգված է

2018 թվականի ապրիլի 23-ից սկսած հասարակությունը լսում է «չկա վերադարձ անցյալին» բավական հաջողված հռետորական ձևակերպումը: Չկա օր, որ այդ մասին չհիշեցնեն իշխանության ներկայացուցիչները: Սկզբում դա հնչում էր առավել քան համոզիչ: Այն ոչ միայն ականջահաճո էր, այլև դարման էր վերջին քսան տարիների զրկանքների և բաց թողնված հնարավորությունների առումով:

Եվ առանձնապես ուշադրություն չէին դարձնում համաշխարհային պատմությանը քաջատեղյակ անհատների հակադարձումներին, որ լինում է վերադարձ անցյալին, այն էլ շատ ավելի վատ պայմաններով: «Չկա վերադարձ անցյալին» թեզը պաշտպանում էին անգամ նախկին ռեժիմի առավել հայտնի պրոպագանդիստները: Նպատակը մեկն էր՝ փափուկ բարձ դնել հասարակության և իշխանության գլխի տակ: Ի վերջո շահել ժամանակ և հնարավորություն ունենալ քիչ կորուստներով վերախմբավորել ուժերը: Մեծ հաշվով, նախկին իշխանություններին դա հաջողվել է: Ապրիլի 23-ին հաջորդող օրերին, ֆանտաստիկայի ժանրից կլիներ այն կանխատեսումը, որ մեկուկես տարի անց, ՀՀԿ-ն ոչ թե կգտնվի պատմության աղբանոցում, այլ կհավաքվի Մելիք-Ադամյան 1-ում և հոխորտալով կպահանջի նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

1,5 տարի անց տեղի չի ունեցել վերադարձ անցյալին, բայց նաև չեն չեզոքացվել բոլոր այն մարտահրավերները, որոնք կարող են հետ շրջել պատմության անիվը: Գործող իշխանության մեծագույն ձեռքբերումը պետք է լիներ այնպիսի իրավիճակի ստեղծումը, որ երկիրը վերջին քսան տարին ասպատակողները, անգամ իրար մեջ, կիսաձայն չերազեին վերադարձի մասին:

Իսկ ինչու է ստեղծվել այսպիսի վիճակ: Բացի այն, որ չի տրվել քաղաքական գնահատական նախորդ իշխանությունների գործունեությանը, չի սասանվել նաև նրանց հզորության ամենակարևոր հենասյունը՝ ֆինանսական ահռելի հնարավորությունները: 

Քոչարյան և Սարգսյան զույգը շարունակում է տիրապետել ավելի շատ ֆինանսական ռեսուրսների, քան Հայաստանի բյուջեն է: Ինչի շնորհիվ նրանց ոչինչ չի խանգարում ավելի շատ ֆինանսական խրախուսում խոստանալ ՍԴ անդամներին, քան դա անում է կառավարությունը՝ նախատեսելով ֆինանսական փոխհատուցում վաղաժամ թոշակի գնալու դեպքում: Նրանց համար խնդիր չէ լրջորեն ֆինանսապես շահագրգռել դատախազին, որպեսզի նա դիմում գրի և հրաժարվի պաշտպանելու Սերժ Սարգսյանի վերաբերյալ մեղադրանքը: Հայտնի տանդեմի հնարավորությունները ներում են պահել տասնյակ հեռուստաընկերություններ և հարյուրավոր կայքեր, որոնք ամենօրյա ռեժիմով կպատերազմեն իշխանության և հասարակության հետ: Մեծագույն ինքնախաբկանք է այն մոլորությունը, թե նրանք կծախսեն իրենց ամբողջ ունեցվածքը ֆեյքերի վրա և կդառնան բոմժ: Հարյուրավոր ընկերություններ դեռ աշխատում են այդ երկուսի համար և ապահովում նորանոր շահույթներ:

«Չկա վերադարձ անցյալին» թեզը արդեն պարտվում է Արցախում: Նախագահական ընտրությունների ֆավորիտները լավագույնս ապացուցում են այդ համոզմունքը: Դա նույնն էր, որ Սերժ Սարգսյանի փոխարեն Հայաստանում իշխանության ղեկը ստանձնեին Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը կամ Միքայել Մինասյանը: Արայիկ Հարությունյանի կամ Մայիս Մայիլյանի ընտրությունը ժողովրդավարության հաղթանակ չէ, այլ վերադարձ անցյալին սողացող տարբերակը: 1,5 տարի անց իշխանությանը չհաջողվեց ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Արցախում հաղթանակի հնարավորություն ունենան այնպիսի թեկնածուները, որոնք որևէ առնչություն չունեն Քոչարյանի և Սարգսյանի հետ: Իսկ վերոհիշյալ երկուսի ռևերանսները Հայաստանի իշխանություններին, պարզապես աչքկապոցու նպատակ են հետապնդում:

2020-ին իշխանությունների առաջնահերթ խնդիրը պետք է լինի իսկապես ստեղծել այնպիսի իրավիճակ, որ անցյալին վերադարձ չի լինելու խոստումը ստանա միս ու արյուն:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», 15, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ