...

Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով

Նախկինների վերադարձի դեպքում Փաշինյանը կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև կյանքով

Վերջերս հաճախակիացել են վերլուծությունները և դատողությունները, թե Նիկոլ Փաշինյանի համար լավագույն ընդդիմությունը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են: Այս երկու անունների կողքին չմոռանալով դնել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և տարատեսակ ակումբների անունները: Օրերս այդ վերլուծությունները նաև պիկ գրանցեցին, որովհետև փոխվարչապետ Ավինյանը անհաջող հումոր արեց «Վերնատուն» ակումբի մասին հարցին պատասխանելիս: Մինչդեռ ակնհայտ է, որ թարմ օդ անհնար է ակնկալել բազմակի օգտագործված հաճախորդներից:

Ի՞նչ է ընկած այդ վերլուծությունների հիմքում: Երկու էքս նախագահները և նրանց արբանյակները կատարել են բազում հանցագործություններ, ուստի որպես ընդդիմություն հեշտ կթիրախավորվեն իշխանության կողմից: Նրանց հեշտ կլինի լռեցնել՝ սպառնալով կամ հարուցելով քրեական գործեր: Եվ ընդհանրապես հանրությունը մշտապես զուգահեռներ անցկացնելով հնի և ներկայի միջև, նախապատվությունը տալու է ներկաներին:

Վերջին 20 տարում այս դիսկուրսը մշտապես ունեցել է պահանջարկ, քանի որ քաղաքական գործընթացների տրամաբանությունը պարարտ հող է ստեղծել նրա համար: Նախկին իշխանությունները զբաղված են եղել ոչ միայն իշխանության վերարտադրմամբ, այլև իշխանությունը պահելուն միտված ընդդիմության ձևավորմամբ, նրան խորհրդարան անցկացնելու կազմակերպչական աշխատանքներով և ընդդիմության առաջնորդներին քաղաքական հաճախորդի վերածելու նպատակաուղղված քայլերով:

Բացառությամբ 2008 թվականի իրադարձությունների, երբ իշխանությունները հանկարծակի եկան Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից, նրանք մշտապես վերահսկել են քաղաքական դաշտը: 2017թ. նրանք Նիկոլ Փաշինյանին հրամցրին մի կոալիցիա, ըստ որի ներկայիս վարչապետի մանրևրելու հնարավորությունները լինելու էին խիստ սահմանափակ:

2018-ի իրադարձությունները լրիվ այլ խճանկար և իրավիճակ են ստեղծել քաղաքական դաշտում: Անցյալի չափորոշիչներով դատողությունները ոչ միայն չեն կարող դրվել ներկա վերլուծությունների հիմքում, այլև դատապարտված են: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն կարող երկար ժամանակ լինել ընդդիմություն, նրանց արդարադատությունից խուսափելը չի կարող տևել տարիներ, նրանք չեն պատրաստվում ընտրությունների միջոցով հաղթել Փաշինյանին և վերադառնալ իշխանության: Ուստի անգամ մեծ ցանկության դեպքում, գործող իշխանությունը չի կարող նրանցից ստանալ և կերտել ընդդիմություն: Փաշինյանը չի բանեցնում նախկին իշխանության գործիքակազմը ստվերային և տնտեսական գայթակղիչ առաջարկների միջոցով հաճախորդներ ունենալու փորձը: Փաշինյանը հասկանում է, որ Քոչարյանի և Սարգսյանի ռևանշի դեպքում ինքը ամենայն հավանականությամբ կհատուցի ոչ միայն պաշտոնով, այլև ֆիզիկապես: Ոչ մի իշխանություն չի ցանկանում մարդասպաններից կազմված ընդդիմություն ունենալ: Ոչ մի բանական անձնավորություն չի գնում և հարևան դառնում քրեական հակումներ ունեցող անձանց: Ուստի ոչ մի բանական անձնավորություն չի կարող ցանկանալ նման ընդդիմություն:

Պատահական  չէ, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, Փաշինյանը ավելի շատ ոգևորված էր ՀՀԿ-ի  և ՀՅԴ-ի ԱԺ չանցնելով, քան սեփական կուսակցության գրանցած բարձր տոկոսներով: Նա ուրախ էր, որ ժողովուրդը որպես ընդդիմություն ընտրել էր ավելի չափավոր ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին:

Բոլոր առողջ քաղաքական ուժերը չպետք է տրվեն նախկին իշխանությունների մեդիաների սադրանքներին: Հանրությունը թե՛ հիմա, թե՛ առաջիկա տարիներին պահանջելու է որակյալ, կառուցողական, խնդիրները վերհանող և լուծումներ առաջարկող քննադատություն: Իրական ընդդիմադիր դաշտում իրապես վակուում է, և բոլոր առողջ ուժերը պետք է ձգտեն օր առաջ այն լրացնել:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   3148 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ