...

Պարտիզանական պայքարն ընթանում է ամբողջ թափով

Պարտիզանական պայքարն ընթանում է ամբողջ թափով

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվան ընդդիմությունները խիզախություն չարեցին և չստեղծեցին ՈՉ-ի միասնական գլխավոր շտաբ: Փոխարենը ընտրել են պարտիզանական պայքարի մարտավարություն: Փորձում են փոքր ուժերով և տարբեր կողմերից անընդհատ հարվածներ հասցնելով՝ կոտրել իշխանության կամքը և խանգարել հանրաքվե կազմակերպելուն:  Անգամ ակտիվացրել են այնպիսի սուբյեկտների, որոնք մինչև հիմա լուռ էին և միայն բավարարվում էին իշխանության հասցեին մանր կսմիթներով:

Այս օրերին ամենից զգայուն հարվածը բանակում տիրող վիճակն է: Ժամանակ առաջ, Փաշինյանը հայտարարեց, որ բանակում զոհերի թիվը էականորեն նվազել է: Եվ դրան միանգամից հաջորդեց 10 զինվորի մահ, առանց թշնամու միջամտության: Այս իրողությունը չի կարող կասկածների տեղիք չտալ: Հարցեր են առաջանում, քանի որ գիտենք, թե ինչպիսի պատմական հետագիծ ունեն հայտնի ուժերը: Հայտնի է, որ 1998-ի պալատական հեղաշրջման մեջ մեծ դերակատարում ունեցավ շանտաժը՝ կապված Արցախում հայաստանցի զինվորների զորացրման և այլ խնդիրների հետ: Այդ հայտնի ուժերը պահպանում են իրենց դիրքերը հատկապես ՊԲ-ում և իրենց համար այս օրհասական օրերին չեն խորշի դիմել նախկին ձեռագրին:

Արդեն ողջ ծավալով օգտագործվում է բանակում զոհերի խնդիրը: Տարիներ շարունակ բանակում ամենավատ սովորույթների հիմնադրման հեղինակները, բանակը թալանածները կոչ են անում հանրաքվեն չեղարկել և զբաղվել բանակի խնդիրներով: Կարծես մեկը մյուսին խանգարում է և եթե հանրաքվե կազմակերպես, չես կարող զուգահեռաբար նաև բանակում կարգուկանոն հաստատելով զբաղվես: Արհեստական հակադրություն է ստեղծվում, որի հետևանքով կարող են ժողովրդի մի հատվածին մանիպուլյացիայի ենթարկել:

Մանիպուլյացիայի երկրորդ միջոցը հանրաքվեի համար հատկացվող 2.5 միլիարդ դրամի հետ կապված աղմուկն է: Նախ, մեդիաները, որ ամենից լավ պետք է տիրապետեն պաշտոնական հաղորդագրություններին, դիտմամբ ուռճացնում են թիվը՝ այն դարձնելով 3.5 միլիարդ դրամ: Եվ միանգամից հայտնվում են մտահոգները. բա արժե՞ Հրայրի համար այդքան փող ծախսել, Հրայրը այդքան թանկարժեք տղա՞ է: Բայց ասելով Ա, նրանք չեն ասում Բ-ն: Եթե Հրայր Թովմասյանը և մնացած ՍԴ անդամները մնան իրենց տեղում, ապա նրանց գործունեության հետևանքով առաջացած վնասի համար, թերևս հաշվիչ հանձնաժողով ստեղծելու կարիք առաջանա:  Նրանք այնպիսի ռումբեր են տեղադրել պետականության հիմքում, որոնք չվնասազերծելու դեպքում, հարյուրավոր միլիարդ դրամների վնաս է հասցվելու պետականությանը: Հայաստանում չի լինելու որևէ էական բարեփոխում, իսկ նախկին ռեժիմի հանցագործները նոր թափով են լծվելու երկրի հիմքերը խարխլելու իրենց նախկին գործառույթներին: 

Պակաս մանիպուլյացիա չէ, թե ինչու են ժողովրդի վրա դնում Թովմասյանին հեռացնելու գործը: Այնպիսի տոնայնությամբ է դա ներկայացվում, կարծես կառավարությունը նոր հարկատեսակ է մտցնում: Ժողովրդավարությունը մեկ անգամվա գործ չէ: Ժողովրդավար երկիր ունենալու համար պետք է մշտապես աշխատել: Կես ժամ հանրահավաքի գնալ և մի երկու ժամով էլ փողոց փակելով չեն ունենում երազած ժողովրդավարությունը: 

Հանրաքվեն ժողովրդավարության բարձրագույն աստիճանակարգն է, և շատ ողջունելի է, որ իշխանությունը ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար ընտրել է հենց այդ ճանապարհը: Պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի բարեփոխումը պետք է արժանանա համաժողովրդական աջակցության կամ մերժման: 

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2745 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ