...

Չեղարկման կոչ անողներն անկեղծ չեն

Չեղարկման կոչ անողներն անկեղծ չեն

Նախկինները ջանք չեն խնայում խուճապ տարածելու և իշխանությանը մեղադրելու Հայաստանում կորոնավիրուսի տարածման մեջ: Քարոզչության առաջին օրերը նրանց համար էլ ակնհայտ դարձրեցին, որ հանրաքվեի կայանալու դեպքում իրենք որևէ շանս չունեն և հերթական անգամ մերժվելու են:

Այնպիսի հռետորաբանությամբ են քննադատում, կարծես միայն Հայաստանում է տարածվում այդ վարակը, նրանց մեդիաների անտեղյակ ընթերցողը կարող է տպավորություն ստանալ, որ Փաշինյանը և առողջապահության նախարարը միասին են կերել այդ չարաբաստիկ չղջիկը:

Եվ հիմա, անգիր արած միայն մեկ նախադասություն են արտաբերում՝ չեղարկեք հանրաքվեն: Չեն էլ ասում հետաձգեք, այլ միանգամից չեղարկեք: Կարծես վարակը երբևէ չի հաղթահարվելու: Եթե չի հաղթահարվելու, ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ: Քոչարյանը կմնա կալանքի տակ, թե ոչ:

Օրինակ Ֆրանսիայում, որտեղ կա տասնյակ անգամ ավելի շատ վարակակիր, չեն չեղարկել կամ հետաձգել առաջիկա մունիցիպալ ընտրությունները: Մինչդեռ փակ են դպրոցները և այլ կրթական հաստատությունները: Քսան օրից ավել ժամանակ կա, և հանրաքվեն կարելի է հետաձգել շատ ավելի ուշ՝ հաշվի առնելով վարակի տարածման միտումները և վտանգները: Բացի դրանից, պնդում էիք, որ հանրաքվեին մարդիկ չեն մասնակցելու: Հիմա կորոնավիրուսը էլ ավելի կպակասեցնի մասնակցությունը, ինչո՞ւ եք վախենում: Չէ՞ որ հրաշալի առիթ կլինի մի անգամ գոնե մի փոքր մոտ լինեք ճշմարտությանը:

Հանրաքվեի չեղարկման կոչ անողների անկեղծությունը չի դիմանում քննադատության ևս մեկ կարևոր զուգահեռի պատճառով: Հանրաքվեից 5 օր շուտ կայանալու են Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, բայց չեղարկման կոչ անողները երբևէ համանման կոչով հանդես չեն գալիս Արցախի մասով:

Այս զուգահեռը հստակ ցուցադրում է, որ չեղարկման կոչ անողների մտահոգությունն ամենևին էլ ժողովրդի առողջությունն չէ, այլ կորոնավիրուսը պատեհ առիթ է օգտագործելու, որպեսզի փրկեն ՍԴ անդամներին, իսկ նրանք իրենց հերթին ժամանակ ունենան փրկելու Քոչարյանին և Սարգսյանին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ