...

Հեղափոխությունը և համավարակը մի համեմատեք

Հեղափոխությունը և համավարակը մի համեմատեք

Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել հասարակությանը, նրա վերաբերմունքը պատասխանատվության նկատմամբ, օրենքի նկատմամբ, պետության հետ փոխհարաբերությունների մասով և անգամ հիգիենայի մասով: Իհարկե, դա ողջունելի քաղաքականություն է և երկարաժամկետ առումով կտա իր պտուղները: Բայց ճգնաժամը, այն էլ վարակով պայմանավորված ճգնաժամը, լավագույն ժամանակը չէ հասարակության գիտակցությունը փոխելու առումով:

Կրկին և կրկին Փաշինյանը հղում է անում հեղափոխությանը: Բայց եթե Քոչարյանի ու Սարգսյանի ապիկար և վտանգավոր իշխանությունը մի կերպ հնարավոր էր հանդուրժել, ապա այլ է համավարակի պարագան: Այն անհամեմատ ավելի արագ է իրականացնում իր քայքայիչ գործունեությունը, արագ է խլում մարդկանց կյանքը և առողջությունը: Կարելի էր մի կերպ հանդուրժել Քոչարյանին ու Սարգսյանին, մինչև հասարակության գիտակցությունը այնքան բարձրանար կամ համբերության բաժակն այնքան լցվեր, որ համատարած դուրս գային փողոց և մերժեին նրանց:

Ժողովուրդը, նրա գիտակցական հատվածը չի կարող ևս մի քանի ամիս սպասել՝ մինչև վերջին թերահավատը կհավատա կորոնավիրուսին: Հնարավոր չէ սպասել, որ մինչև վերջին «կոնսպիրոլոգը» կհոգնի և չի տարածի ապատեղեկատվություն վիրուսի մասին: Դժվար կլինի սպասել, որ նախկինների մեդիան ի վերջո կգիտակցի վտանգի լրջությունը և չի տիրաժավորի ինքնուս աստղաբանների մտքի գոհարները Կովիդ 19-ի վերաբերյալ:

Օրինակը գուցե չափազանցված թվա կամ գրոտեսկի լուրջ չափաբաժին պարունակի: Աստված մի՛ արասցե պատերազմ է սկսվել, և ռազմաճակատի մի հատվածում որոշ սպաներ վախկոտություն են դրսևորել և առանց գլխավոր շտաբի համաձայնության նահանջում են կամ ավելի վատ՝ փախչում: Ի՞նչ է, պետք է կոչերով հանդես գալ, խնդրել, հորդորել, որ իրականացրեք ձեր պարտքը, թե՞ շատ արագ պատժիչ գործողություններ է պետք իրականացնել, որպեսզի մնացածի մտքով չանցնի նույն վարքագիծը դրսևորել: Նույնը համայնքապետերին ու քաղաքապետերին ուղղված Փաշինյանի հորդորն է: Պետք է ոչ թե շարքային քաղաքացիներին լուսանկարել կամ տեսանկարահանել, այլ ցուցադրել և մատնանշել այն ղեկավարներին, որոնք չեն կատարում իրենց պաշտոնական պարտականությունները: Մարդկային կյանքեր են դրված զոհասեղանին, առանձնապես տուն-տունիկ խաղալու ո՛չ ժամանակ կա, ո՛չ տրամադրություն: Սյունիքի այն համայնքապետերը, որ ժողովրդին հանել էին փողոց և ժամերով ստիպում էին կանգնել, պետք է պատժվեն, նրանց լիազորությունները գոնե ժամանակավորապես պետք է կասեցվեն:

ԱԱԾ-ն ոչ թե մանկապարտեզի հանդեսի կազմակերպիչներին պետք է բացահայտի, այլ հենց այդ դեպքերը: Բացահայտի և հանրությանը ներկայացնի, թե ինչ առնչություն են ունեցել համայնքապետերը և քաղաքապետերը ժողովրդին փողոց հանելու գործում:

Միայն այն խոստովանությունը, որ նոր են սկսել վարչապետին զեկուցել, թե ինչ է կատարվում բանկերում, տոնավաճառներում, տրանսպորտում և այլուր, պետք է ունենա միայն մեկ հետևանք: Իրավապահ համակարգի ղեկավարները թերացել են կամ դրսևորել են հանցավոր անգործություն: Դա այն փաստը չէ, որ արձանագրես ու անցնես առաջ: Եթե չեն զեկուցել, թե ինչ է կատարվում օրը ցերեկով հանրապետության քաղաքների փողոցներում, կարելի է միայն գուշակել, թե ուրիշ ինչ ահռելի չափերի տեղեկատվություն է հեռու պահվել վարչապետից: Արդեն ակնհայտ է դառնում, թե ինչու չեն բացահայտվում նախկինների հանցագործությունները կամ նրանք ինչպես են ճողոպրում հայրենի արդարադատությունից:

Հետևությունները պետք է հիմա արվեն, հետո կարող է ուշ լինել:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ