...

Քոչարյանականները և հանրապետականները կրկին տապալվեցին

Քոչարյանականները և հանրապետականները կրկին տապալվեցին

Կորոնավիրուսը կհաղթահարվի, ավելի հանգիստ պայմաններում կվերլուծվի, թե ինչ տակտիկական սխալներ արեցին կառավարությունը և հատկապես նրա առանձին պատասխանատուներ: Բայց կորոնավիրուսը քննություն է նաև ընդդիմության համար, որը նա ամբողջովին տապալեց: 

Քսան տարի իշխանություն լինելուց հետո ներկայիս ընդդիմությունը տոտալ մերժվեց: Հեղափոխությունից երկու տարի անց ակնհայտ դարձավ, որ նրանք բանի պիտանի չեն նաև որպես ընդդիմություն: Ճիշտ է, այդ գնահատականը դոմինանտ էր նաև վերջին երկու տարում, բայց անցած 15 օրվա նրանց գործունեությունը բացեց մնացած փոքր տոկոսի աչքերը: 

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի սպասարկող ուժերն ամեն ինչ արեցին և շարունակում են անել, որ երկրում խուճապ ստեղծվի, ինչը իր հերթին կհանգեցնի քաոսի: Դա նրանք անում են իրենց հասու բոլոր միջոցներով՝ չխորշելով թիրախավորել անգամ բանակը: Մյուս անգամ, երբ նրանք կրկին փորձեն ճամարտակել բանակի վերաբերյալ, պետք է հենց այդ փաստը մտցնել նրանց աչքը: 

Քոչարյանը, Սարգսյանը և նրանց սատելիտները շատ կոնկրետ ցուցադրեցին, որ իրենց համար պետականությունն արժեք չունի, միակ բանը, որի համար անհանգիստ են և որի համար ընդունակ են դիմել ցանկացած միջոցի, իշխանությունն է:

Մինչդեռ նախորդ ընդդիմությունները պրակտիկ դաս էին տվել, որ չնայած տարաձայնություններին, չնայած կոշտ պայքարին, այնուամենայնիվ երկրի համար կրիտիկական պահերին նրանք ոչ միայն չեն պատրաստվում օգտվել առիթից, այլև հակառակը՝ կոչ են անում համախմբվել իշխանության շուրջ: Դա անում էին ոչ թե Քոչարյանի կամ Սարգսյանի սիրուն աչքերի համար, այլ գիտակցում էին, թե ինչ վտանգներ են պարունակում նման պայմաններում ընդդիմության ռադիկալ քայլերը: Այդպես էր 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել գործող նախագահի շուրջ: Այդպես էր նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը ոչ միայն դադարեցրեցին քաղաքական պայքարը, այլ նաև իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին գործող իշխանություններին՝ դրանով սատար կանգնելով պետականությանը:

Քոչարյանականները, հանրապետականները և նրանց տիրապետության տակ գտնվող ուժերը տապալեցին քննությունը, որի անունն է՝ Հայաստանը վեր է ամեն ինչից: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1819 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ