...

Իշխանությունը պարտվեց քարոզչական ճակատում

Իշխանությունը պարտվեց քարոզչական ճակատում

Ցանկացած իրեն հարգող ռևանշիստ օրը սկսում է հետևյալ տողերով՝ իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը: Կեսօրին պարտադիր պայման է հրապարակել Վրաստանի և Հայաստանի թվերը ու չարախնդալ: Երեկոյան նախընտրելի է հիշել, որ երեք ամիս առաջ Փաշինյանը ասում էր՝ կորոնավիրուսը ո՞ւմ շունն է: Իհարկե, գովելի է, երբ այս երեք պարտադիր կանոնների հետ մեկտեղ նաև անպայման հեգնում են դիմակ կրելու անհրաժեշտությունը կամ կիսվում որևէ անհասկանալի կայքի հոդվածով, որտեղ «մանրամասն» նկարագրված է, որ կորոնավիրուս չկա, և սա սարքած պատմություն է:

Եվ երբ երեկ Փաշինյանը չակերտների մեջ վերցրած նշում էր կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց սխալները, պետք էր անկեղծություն դրսևորել և խոստովանել՝ առաջնահերթ պարտվել են քարոզչական ճակատում:

Պարտվել են, քանզի երկու տարում չեն կարողացել հանրությանը հանրամատչելի ներկայացնել, թե ինչ քանդված, ավիրված ու թալանված առողջապահական համակարգ են ժառանգել: Իհարկե, դրանից նախկինների քննադատելու մոլուցքը չէր նվազի, բայց հանրությունը ավելի լավ կհասկանար, թե ովքեր են կատաղի քննադատները:

Պետական քարոզչամեքենան մատը մատին չխփեց, չիրականացրեց քարոզչական հզոր արշավներ, և այսօր Փաշինյանը ստիպված է ամեն օր լայվով բացատրել՝ դիմակ կրեք, ձեռքերը ախտահանեք և սոցիալական հեռավորություն պահպանեք: Անհասկանալի է՝ երեք ամիս է ինչո՞վ են զբաղված հանրային հեռուստատեսությունը, հանրային ռադիոն և վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ը:

Քարոզչական պատերազմում պարտության լավագույն ապացույցն է, որ առ այսօր հանրությանը չեն կարողացել բացատրել՝ աշխարհի ոչ մի լիդեր փետրվարին կորոնավիրուսին լուրջ չէր վերաբերվում: Թրամփը հեգնում էր և հայտարարում, որ դա դեմոկրատների ձեռքի գործն է: Պուտինը հայտարարում էր, որ ոչ մի վարակ չի կարող խոչընդոտել ապրիլին նախատեսված հանրաքվեի անցկացումը: Լուկաշենկոն խորհուրդ էր տալիս խմել և գնալ սաունա, Ջոնսոնը մինչև հիվանդանալը հայտարարում էր, որ ոչ մի վարակ էլ չկա: Էրդողանը ընդհանրապես մերժում էր, որ վարակը կարող է մտնել Թուրքիա: Իսկ Իշխանական քարոզչության պատասխանատուները միայն մայիսի կեսերին արթնացան և փորձեցին կեսբերան հերքել, որ Փաշինյանի պինցետի մասին խոսքերը ընդհանրապես կապ չունեն կորոնավիրուսի հետ: Մինչդեռ արդեն երկուսուկես ամիս բոլորը համոզված էին՝ Փաշինյանը փորձում էր պինցետով արմատախիլ անել կորոնավիրուսը:

Քարոզչամեքենան չկարողացավ հենց սկզբում մարգինալ դարձնել գևորգպետրոսյաններին ու կարենվարդանյաններին, որպեսզի նրանք և նրանց նման շատերը չկարողանան տարածել իրենց հակագիտական և մարդկանց առողջությանը վնասող թեզերը:

Որևէ աշխատանք այդ ուղղությամբ չտարվեց: Ավելի լավ կլիներ, եթե ռևանշիստների մեդիաները ապատեղեկատվություն տարածեին այս կամ այն բնակավայրում վարակի բռնկման մասին, քան այն, որ առավոտից երեկո «համոզում» էին հանրության մի հատվածին՝ վտանգ չկա, իշխանություններն են հորինել կորոնավիրուսի մասին լեգենդը:

Դա ավելի մեծ վնաս հասցրեց համավարակի դեմ պայքարին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1469 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ