...

Չենք կարող սպասել, որ բոլորի գիտակցությունը բարձրանա

Չենք կարող սպասել, որ բոլորի գիտակցությունը բարձրանա

Կորոնավիրուսի՝ Հայաստանում հաստատման առաջին դեպքից արդեն գրեթե 3 ամիս է անցել: Բայց իշխանությունը և ընդդիմությունը դեռ ամբողջ լրջությամբ չեն գիտակցում և ամենակարևորը հասարակությանը իրենց ուղղված մեսիջներով ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին:

Երեք ամիս անց իշխանությունը խոսում է անհատական պատասխանատվության, հասարակական գիտակցության բարձրացման մասին: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վարակը հաղթահարելու իբրև կոնցեպտ բերում է հեղափոխության օրինակը: Ինչ է ասում վարչապետը: Հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ հավատաց Քաղաքացիական Պայմանագրի գաղափարախոսությանը, հավատաց պայքարի արդյունավետությանը, միացավ համաժողովրդական շարժմանը և արդյունքում ռեժիմը տեղի տվեց: Փաշինյանը պնդում է, որ այդպես իրենց օգտին գրանցված ունեն ևս մեկ հեղափոխություն, խոսքը տնտեսական հեղափոխության մասին է: Հիմա Փաշինյանը գրեթե ամեն օր կրկնում է՝ վարակը կհաղթահարվի, եթե տեղի ունենա երրորդ հեղափոխությունը, այն է՝ յուրաքանչյուր քաղաքացի ներդնի անձնական ջանք:

Առաջին հայացքից որևէ վատ կամ անիրատեսական բան չի ասում վարչապետը: Բայց այս մի փորձը կարող է ենթարկվել կատարյալ ջախջախման, քանի որ ելակետային տվյալներում մուտքագրվում են ցուցանիշներ, որոնք բացարձակ պիտանի չեն վարակի հաղթահարման դեպքում:

Որքան էլ պնդենք, որ հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև պայքարին միացավ ամբողջ հասարակությունը, չենք կարող հերքել, որ 2018 թվականին էլ կային մեծ թվով մարդիկ, որոնք դեմ էին հեղափոխությանը, չէին ցանկանում փոփոխություններ, բայց քանի որ նրանց թիվը անհամեմատ քիչ էր, չկարողացան ազդել գործընթացի վրա: Եվս մեկ կարևոր առանձնահատկություն. սխալ է պնդել, որ հասարակությունը հեղափոխություն անելու իր որոշումը և պատրաստակամությունը կայացրեց ապրիլի մի քանի օրերի ընթացքում: Այն վաղուց էր հասունացել և 2018 թվականին պարզապես հասավ իր գագաթնակետին: Հիմա դժվար կլինի, եթե ոչ անհնար, որ ամիսներով կամ տարիներով սպասենք, թե երբ կբարձրանա հասարակության բոլոր անդամների անհատական պատասխանատվությունը: Եթե գնանք այդ ուղղությամբ, հնարավոր է իսկապես վերջում բոլորի պատասխանատվությունը բարձրանա, բայց այդ պահին 3 միլիոնի փոխարեն ունենանք 2 միլիոն բնակչություն:

Վարակը ունի իր առանձնահատկությունը. եթե անգամ հասարակության 90 տոկոսի գիտակցությունը բարձրանա, բայց 10 տոկոսինը մնա նույնը, այդ 10 տոկոսը կարող են հաղթել մնացած 90 տոկոսին: Քաղաքական տրամաբանությունը, այսինքն՝ քաղաքացիների մեծամասնության կամքի դրսևորումը, չի կարող ունենալ նույն հետևանքները վարակի պարագայում: Քաղաքական փոփոխությունների փիլիսոփայությունը ու տրամաբանությունը բացարձակ կիրառելի չեն վարակի հաղթահարման պայքարի գործում:

Ընդդիմությունը նույնպես ադեկվատ չէ իրավիճակին: Միայն այն, որ վարակի հաղթարշավի երրորդ ամսում նրանց օրակարգի առաջին տեղում դիմակ կրել-չկրելու հարցն է, վկայում է այդ ընդդիմության չափազանց ցածր որակական հատկանիշների մասին: Այսինքն՝ մի դրեք դիմակ, հիվանդացեք և միգուցե մահացեք, իսկ արդյունքում կունենանք ավելի վատթար վիճակ, որը կհեշտացնի գործող իշխանության դեմ պայքարը: Պանդեմիան մի օր կհաղթահարվի, բայց հասարակությունը պետք է հիշի, թե ինչ հակապետական և հակահասարակական գործունեություն էին ծավալում իրենց ընդդիմություն հորջորջողները:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1075 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ