Ի վերջո արվում է անհրաժեշտ քայլը, սակայն մեծ ուշացումով, այդ ընթացքում կորցնելով ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը: Իշխանությունը նպատակին հասնում է՝ վճարելով շատ ավելի թանկ գին, քան եթե դա աներ շուտ և արագ:
Այդպես էր 2017 թվականի խորհրդարանի հետ, էլ ավելի արտահայտիչ եղավ Սահմանադրական դատարանի դեպքում: Եվ դեռ վերջնականապես պարզ չէ, թե ինչով կավարտվի այս ճգնաժամը:
Արտակարգ դրությունը հնարավոր չէ հավերժ երկարացնել: 2020 թվականի Հայաստանը 80-ականների Եգիպտոսը չէ, որ տասնամյակներով արտակարգ դրություն հայտարարես և չվերացնես այն: Գալու է օրը, որ այն պետք է վերացվի: Եվ այդ ժամանակ ռևանշիստները դուրս են գալու փողոց: Նրանք չունեն հանրության ոչ միայն մեծամասնության, այլև 20-30 տոկոսի աջակցությունը: Այսինքն՝ չունեն ռեսուրս և հնարավորություն՝ շատ մեծ զանգվածներ փողոց հանելու: Բայց ունեն մեկ այլ ռեսուրս: Ունեն ֆինանսական ահռելի հնարավորություններ, որ նրանց թույլ կտա, ամեն օր, ամեն ժամ Հայաստանի տարբեր քաղաքներում և վայրերում, միաժամանակ մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ դուրս բերել փողոցներ, իրականացնել ամենաչտեսնված սադրանքներ և ստեղծել իմիտացիա, թե երկիրը եռում է:
Այդ պայմաններում իրավիճակից կփորձեն օգտվել նաև այլ ուժեր, առաջին հերթին նախագահ Արմեն Սարգսյանը, որը հանդես կգա հասարակությանը համախմբելու և ատելությունը վերացնելու դիրքերից: Ինչը անխուսափելիորեն նրան կդարձնի ավելի մրցունակ Հայաստանում և նրանից դուրս: Սարգսյանի վերջին գործողությունները, ակտիվությունը և այլն հուշում են, որ նա սպասում է իր աստեղային ժամին:
Իշխանությունը նախատեսում է 2021 թվականին իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Դա չափազանց ուշ է: Այն պետք է իրականացնել շատ ավելի շուտ, վերջնաժամկետ սահմանելով 2020 թվականի ավարտը: Ի վերջո, սահմանադրությունը չի գրվելու զրոյից, նպատակասլաց և արդյունավետ աշխատանքի դեպքում, այն կարող է պատրաստ լինել առավելագույնը 2 ամսից: Եվս երկու ամիս թող դրվի քննարկման և դեկտեմբերին տեղի ունենա հանրաքվե:
Այս տարի հանրաքվե անցկացնելու դեպքում, հնարավոր կլինի խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հեռանկարից: Իշխանությունները կարող են հայտարարել, որ դա վստահության հանրաքվե է և քաղաքական գործընթացների իրենց օրակարգը թելադրեն ռևանշի ձգտող ուժերին: Հակառակ դեպքում, նրանք անընդհատ հայտնվելու են պաշտպանվողի դիրքերում, գնալու են նախկինների օրակարգի հետևից, փորձելու են արդարանալ և խոսել 2018 թվականի ստացած քվեների մասին:
Ներկայումս խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, իշխանության համար շատ ավելի բարդ է լինելու: Նախկինները գործելու են մի քանի ճակատով և թիրախավորելու են առաջին հերթին իշխող խմբակցությանը: Մինչդեռ հանրաքվեի դեպքում իշխանության համար շատ ավելի հեշտ կլինի, ռևանշիստները ստիպված կլինեն միավորվել, և սևի ու սպիտակի հակադրությունը ավելի պարզ կլինի հասարակության համար:
Կարելի է գոնե մեկ անգամ հրաժարվել բրենդային «հագուստներից ու աքսեսուարներից» և կրել իրավիճակին համապատասխան հագուստ: Անպայման չէ բանը բանից անցնի, իրավիճակը դառնա պայթունավտանգ և միայն հետո իշխանությունը որոշի, թե ինչ պետք է անել: Ամեն անգամ գետը գերան չի բերում:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020