...

ՍԴ ճգնաժամը դեռ երկար է շարունակվելու

ՍԴ ճգնաժամը դեռ երկար է շարունակվելու

Անցած շաբաթ շատերը, այդ թվում՝ իշխանությունը ներկայացնող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, շտապեցին հայտարարել, որ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվեց: Բայց անցավ մի քանի օր և պարզվեց, որ դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, և կան էլի ինչ-որ խնդիրներ: Գուցե դրանք էլ լուծվեն, բայց ՍԴ ճգնաժամը, առաջին հերթին՝ ամբողջական վերակազմավորման առումով, դեռ երկար չի հանգուցալուծվելու:

Իսկ ինչ հանգամանքներ են հիմք տալիս այդպիսի կանխատեսում անելու համար: Առաջին հերթին Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ վերաբերյալ օրենքի փոփոխությունը ստորագրելուց հրաժարվելը: Ակնհայտ է, որ Սարգսյանը սկսել է արդեն բացահայտ խաղալ սեփական պարտիան, որտեղ միշտ չէ, որ նախագահի և վարչապետի շահերը համընկնելու են: Նույնը ԲԴԽ-ի մասով է: Ճիշտ է, իշխանությանը հաջողվեց հեռացնել Գագիկ Հարությունյանին, բայց այդ կառույցում առկա ներկայիս ուժերի հավասարակշռությունը, միանշանակ հիմք չի տալիս պնդելու, որ այն ամբողջովին իշխանությունների վերահսկողության ներքո է: ԲԴԽ-ն հետևողականորեն չի ցանկանում պատժել մի շարք դատավորների, որոնք ակնհայտորեն կատարում են նախկինների քաղաքական պատվերները, իսկ դա խրախուսում է նորերին նույնպես այդպես վարվել՝ չվախենալով պատժվելու հեռանկարից:

Հիմա հերթով կառավարությունը, նախագահը և ԲԴԽ-ն պետք է թեկնածուներ առաջադրեն ՍԴ դատավորների թափուր պաշտոնների համար: Եթե կառավարության մասով կարելի է քիչ թե շատ հանգիստ լինել, ապա միանշանակ չէ, թե ինչ թեկնածուներ կառաջադրեն Արմեն Սարգսյանը և Ռուբեն Վարդազարյանի ԲԴԽ-ն: Այս ամենը հիմք է տալիս կանխատեսելու, որ սահմանված երկու ամսում հնարավոր է ՍԴ-ն ամբողջովին չհամալրվի, քանի որ ԱԺ-ն կմերժի նախագահի և ԲԴԽ-ի 100 տոկոս վստահություն չներշնչող թեկնածուներին:

Անգամ հետհեղափոխական շրջանում Արմեն Սարգսյանը երկու անգամ այնպիսի թեկնածուներ առաջադրեց ՍԴ դատավորի թափուր մնացած պաշտոնի համար, որ իշխող ուժը ստիպված եղավ մերժել: Եվ միայն երրորդ փորձից նախագահը առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Հիմա էլ ավելի բարդ ժամանակաշրջան է, ուժերի հավասարակշռությունը նախկինի համեմատ էապես փոխվել է, և բացարձակ միանշանակ չէ, որ Սարգսյանը կառաջադրի այնպիսի թեկնածություն, որ ընդունելի կլինի մեծամասնության համար:

Նախկինները ՍԴ-ում Հրայր Թովմասյանի հետ ունեն 4 դատավոր: Ամենայն հավանականությամբ իշխանություններին հաջողվել է այդ խմբից պոկել Արմեն Դիլանյանին՝ նրան խոստանալով դատարանի նախագահի պաշտոնը: Հօգուտ այս տարբերակի է խոսում այն փաստը, որ Դիլանյանը չմիացավ ՍԴ վերջին օրերի հայտարարություններին, մինչդեռ առաջ ստորագրում էր նմանատիպ կոչերի տակ: Չմոռանանք նաև, որ Վահե Գրիգորյանը հրապարակավ հայտարարել է, որ չի հավակնում զբաղեցնել դատարանի նախագահի պաշտոնը:

Ի՞նչ է ստացվում: Իշխանությանը անհրաժեշտ է, որ իրենից բացի նաև նախագահը և ԲԴԽ-ն առաջադրեն այնպիսի թեկնածուներ, որոնք լոյալ կլինեն կառավարության հանդեպ և դատարանի նախագահի ընտրություններում անակնկալ չեն մատուցի: Իսկ անակնկալը կարող է լինել շատ ցավագին: Անգամ, եթե նրանցից մեկը քվեարկի Թովմասյանի օգտին, կստանանք այնպիսի պատկեր, որ նա կդառնա ՍԴ լեգիտիմ նախագահ:

Փաշինյանը հաճախ է հարցնում՝ ինչն ենք սխալ արել: Ճիշտ է, նա դա հարցնում է կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում: Բայց, գլոբալ հետհեղափոխական առումով և ՍԴ մասով մասնավորապես, իշխանությանը չի հաջողվել կանխել նախկինների կողմից փողի գործոնի օգտագործումը քաղաքական ուժեր և գործիչներ գնելու առումով: ՍԴ նախկին կազմը և ներկայումս մնացած 4 դատավորները կամիկաձեներ չեն և ոչ էլ խրամատ պահող հերոսներ: Պարզապես նրանց արվել է շահավետ առաջարկ, իսկ իշխանությունը չի կարողացել կանխել այդ անօրինական առևտուրը:

Հուսանք, որ իշխանությունը հետևություններ է արել սեփական սխալներից և թույլ չի տա, որ նույնը կատարվի ՍԴ ապագա դատավորների հետ:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ