...

Հանրաքվեն վերածվում է աջաբսանդալի

Հանրաքվեն վերածվում է աջաբսանդալի

Երկու օր առաջ հընթացս, այսպես ասած, ոտքի վրա, որոշվեց, որ ապրիլի 5-ին քվեարկում ենք ոչ միայն ապօրինի ՍԴ-ից ազատվելու վերաբերյալ: Հեղափոխության առաջնորդը որոշել է հռչակագրի տեսքով գնահատական տալ նաև անցած 30 տարիներին:

Չի բացառվում, որ մինչև քարոզարշավի ավարտը ժողովուրդը ստիպված լինի նաև կոմյունիկե ստորագրել այն մասին, որ նախկիններն իրավունք չունեն վերադառնալու իշխանության, ստորագրենք պայմանագիր, որ միակ ճիշտը Քաղաքացիական Պայմանագիրն է, վավերացնենք հուշագիր, որ այսուհետ ամեն ինչ լինելու է աննախադեպ և, ի վերջո, տարածենք մամլո հաղորդագրություն, որ հայոց պատմությունը սկսվում է 2018 թվականից:

Հումորը մի կողմ, բայց հանպատրաստի մատուցված փաստաթուղթը չափազանց խոցելի է: Խոցելի է ոչ միայն իրավական, այլև պատմության և արդարությունը վերականգնելու տեսանկյուններից:

Չափազանց հետաքրքիր է, թե ինչ չափանիշներով է Նիկոլ Փաշինյանը պարզել, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները կեղծված էին, իսկ ահա 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ ոչ: Այն որ Կարեն Դեմիրճյան և Վազգեն Սարգսյան տանդեմը վայելում էր ժողովրդի մի մասի համակրանքը՝ աներկբա է: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ այդ ընտրությունները եղել են արդար, մրցակցային և չի օգտագործվել վարչական ռեսուրս: Բանակը քվեարկել է ճիշտ նույն կերպ, ինչպես քվեարկել է 1999 թվականից առաջ և հետո: Շարքով, կարգով և ըստ սպաների կողմից նախապես տրված «ինստրուկցիաների»: Գյուղապետերը և քաղաքապետերը մեկ մարդու նման լծված էին «Միասնություն» դաշինքի համար ձայներ բերելու սուրբ գործին: Եվ դա՞ է Փաշինյանի պատկերացրած ազատ ընտրությունները: Եթե այո, ապա նա շատ խեղված պատկերացումներ ունի արդար ընտրությունների վերաբերյալ: Եթե Փաշինյանի համար 1999 թվականի ընտրությունները արդար էին միայն մեկ պատճառով, որ Քոչարյանը այնքան էլ հակված չէր «Միասնություն» դաշինքի հաղթանակին, ապա դա չափազանց փոքր փաստարկ է այդ ընտրությունները արդար գնահատելու համար: Ի՞նչ կապ ունի, թե ով է ընտրությունները կեղծում՝ նախագահը թե պաշտպանության նախարարը: Ի՞նչ կապ ունի, թե հօգուտ ում են կեղծում:

Ստացվում է, որ Փաշինյանը իր գնահատականներում առաջնորդվում է ոչ թե ընտրությունների վերաբերյալ համընդհանուր չափանիշներով, այլ քաղաքական հակառակորդների տարիներ առաջ ունեցած դիրքավորման փաստից: Պատմական գնահատականներում, այն էլ փաթեթավորված հանրաքվեի, այսինքն՝ ժողովրդի կամարտահայտության գեղեցիկ տեսքով, չի կարելի առաջնորդվել քաղաքական կոնյունկտուրայով և սեփական հավակնությունները բավարարելու շարժառիթներով:

Օրեր առաջ գրել էինք, որ այս հանրաքվեում իշխանության ամենամեծ ախոյանը, որքան էլ տարօրինակ է, հենց նույն իշխանությունն է: Կեղծ օրակարգեր առաջ բերելով, միայն կարելի է վնասել այն օրակարգին, որի շուրջ կար կոնսենսուս՝ հավաքվելու ապրիլի 5-ին:

Հիմա, ինչպե՞ս քվեարկի Հայաստանի հպարտ քաղաքացին, որը գտնում է, որ Հրայր Թովմասյանը և կոմպանիան ապօրինի են, իրավունք չունեն պաշտոնավարելու, խոչընդոտում են բարեփոխումներին, գտնվում են Քոչարյանի և Սարգսյանի ազդեցության տակ, նրանց համար պատրաստվում են ապահովել անձեռնմխելիություն, սակայն համաձայն չէ Փաշինյանի քաղաքական և պատմական գնահատականների հետ:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1966 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ