ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ հեծանիվով փորձել են իրեն «վրաերթի ենթարկել»։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, ինչի մասին պատգամավորը հայտնել է ոստիկանությանը։
«ՉԻ». Հա ի՞նչ, ի՞նչ եք խնդում: Սա լուրջ դեպք է, դարի մահափորձը: Տարիներ առաջ, Աբգար Ափինյան անունով ինչ-որ բանաստեղծ կար, Գրողների միության քարտուղարն էր, սա հայտարարել էր, որ Հրանտ Մաթևոսյանն իր դեմ մահափորձ է կազմակերպել, այսինքն, իր մեքենայի անիվների պտուտակները թուլացրել էր, որ ինքը մեքենան քշելիս վթարի ենթարկվի ու մեռնի:
Հիմա այս պատգամավորին էլ փորձել են հեծանիվով վրաերթի ենթարկել: Մի քիչ դժվար ենք պատկերացնում, թե ինչպես, բայց հո սուտ չի՞ ասում: Մտածում ենք. կարո՞ղ է Էդմոն Մարուքյանն է եղել, խմած հեծանիվ է նստել ու «Իմ քայլի» պատգամավոր է փնտրել, որ վրայով անցնի: Իրավապահները պետք է ստուգեն այս վարկածը:
Բայց եթե լուրջ, մեզ թվում է, որ Նիկոլայ Բաղդասարյանն այնքան խառնված է եղել մահափորձի պահին, որ գլխի չի ընկել՝ այդ երկու ականին ոչ թե հեծանիվ է եղել, այլ ասֆալտի «կատոկ»: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: