ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառումներ է անում և արդյոք հնարավոր չէ նրան գտնել, ասել է. «Կարող է անել այդպիսի հրապարակումներ, սակայն իր տեղը հնարավոր չլինի հայտնաբերել, ունենք մեկ պաշտոնական տվյալ, որ Միքայել Մինասյանը ՀՀ-ի տարածքում չի գտնվում»:
«ՉԻ». Ցնցող բացահայտում է: Իսկ մենք մինչև հիմա մտածում էինք, թե Միքայել Մինասյանը երկնքում է, ասենք՝ տիեզերանավում, կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պադվալում, կամ էլ «Ջազվե» սրճարանի խոհանոցում: Ոչ, և հազար անգամ ոչ: Պարզվում է, Հայաստանում չէ:
Սա լուրջ առաջընթաց է Միքայել Մինասյանի վերաբերյալ հարուցված քրգործի նախաքննությունում: Մի տարի առաջ, օրինակ, հայտնի չէր, նա Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ ահա, ամիսների տքնաջան, օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքների արդյունքում բացահայտվել է այդ գաղտնիքը. նա Հայաստանում չէ: Շերլոկ Հոլմսը ղալաթ է արել, թե կարողանար նման բացահայտում անել:
Բայց մի բան կարող ենք հուշել գլխավոր դատախազին. մի հատ միջին վիճակագրական «հաքերի» դիմեք, 10 օրում կգտնի ու ձեր սեղանին կդնի Միքայել Մինասյանի գտնվելու վայրը՝ տան հասցեով, մեյլի հասցեով, IP-ն որտեղ է գրանցված, նույնիսկ կասի, թե ինչ մակնիշի համակարգչով է իր ստատուսները գրում, համակարգչի վրա Windows 10 է տեղադրած, թե՞ Windows 7: