...

PR-Ի և սադիզմի արանքում

PR-Ի և սադիզմի արանքում

Հեռացող գլխավոր դատախազը PR-ի նոր ձև է գտել։ Մարդն առաջարկում է Հայաստանում վերականգնել մահապատիժը այն անձանց դեպքում, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զբաղվել են պետական դավաճանությամբ։ Ըստ դատախազության՝ պատերազմից և դրանից հետո արձանագրված առերևույթ պետական դավաճանության դեպքերով նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող դրսևորումները առաջնային են դարձնում այս հանցատեսակի դեմ պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը:  

Նախաձեռնության մասին հայտարարությանը շատերն են արձագանքել․ դրանք հիմնականում բացասական են։ Բացի դատողական գնահատականներից՝ կան օբյեկտիվ իրողություններ․ Հայաստանը միջազգային պարտավորություններ է ստանձնել, որոնք արգելում են պատժի այս տեսակի կիրարկումը որևէ պարագայում։ Արթուր Դավթյանը սրա մասին քաջատեղյակ է, գիտե նաև իրավական-քաղաքական համայնքի մոտեցումն այս հարցում, և ուրեմն՝ ինչո՞ւ է հանդես գալիս այնպիսի նախաձեռնությամբ, որը անհնար է կյանքի կոչել։

Պարզապես հեռանալուց առաջ փորձում է շատ ավելի մտահոգ ու անհանդուրժող երևալ դավաճանների նկատմամբ, քան իրականում է։ Ասում է՝ բերեք պետական դավաճաններին կյանքից զրկենք։ Հասարակության մի մասը, էմոցիաների ազդեցության տակ ծափահարում է։ (Երեկ համացանցում որոշ հարցումներ էին շրջանառվում, որոնք հենց այս փաստ էին ապացուցում)։ Իսկ տեսնես երբևէ մտածե՞լ է, որ Հայաստանում գոյություն ունեցող արդարադատությունն իրականում հակառակ տրամաբանությամբ է աշխատում։ Մեղավորները, որպես կանոն, դատարանում անմեղ են ճանաչվում, որովհետև տիրապետոում են որոշակի ռեսուրսների, իսկ անմեղները գնում-կորչում են։ Արդարադատության չգոյության պայմաններում խոսել մահապատժի անհրաժեշտության մասին սադիզմի է նմանվում։ Բայց դե Դավթյանը հենց այնպես է առաջարկել, որ հետո իր «կռուգում» հայրենասիրական ճառեր ասի ու ապացուցի, թե որքան անհանդուրժող է դավաճանների նկատմամբ։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ