Երասխի վրա կրակում են, ադրբեջանցիներն ամիսներ շարունակ ՀՀ սուվերեն տարածքում են, տնօրինում են Գորիս-Կապան ճանապարհը, իսկ համացանցում պարբերաբար հայտնվում են մեր սահմանների լուսանկարները: Ի՞նչ ենք տեսնում: Մի քանի անտերության մատնված զինվորների, որոնք բառիս բուն իմաստով բաց թիրախ են թշնամու համար: Պատերազմից հետո մեկ տարի ոչինչ չենք արել, անգամ սահմանների՝ պաշտպանական, ինժեներական կառուցապատման աշխատանքներ չենք սկսել:
Ռեալ, իրական գործերը թողած՝ բոլորս զբաղված ենք իրար միս ուտելով: Այո՛, երկրի գլխավոր պաշտոնյայից՝ վարչապետից, շատ բան է կախված: Այո՛, ցավոք գրեթե ամեն օր նա մեզ անհամարժեքության անակնկալներ է մատուցում: Սակայն մենք ունենք բանակ, բանակն ունի ղեկավարություն, նույնիսկ պաշտպանության նախարար և գլխավոր շտաբի պետ ունենք: Ինչո՞վ են զբաղված այս պաշտոնյաները: Մոսկվա գնալ-գալը հաշիվ չէ:
Կարո՞ղ էր գլխավոր շտաբի պետը նախաձեռնել բանակն առողջացնելու, սահմանները կահավորելու աշխատանքներ: Կարող էր: Իսկ եթե քաղաքական ղեկավարությունն առարկեր, նա՝ բարձրաստիճան զինվորականը, պարտավոր էր հրաժարական տալ և բացատրել դրա պատճառը: Այդ դեպքում հայ հանրությունը կիմանար, թե ով է խոչընդոտում երկրի պաշտպանությունն ամրապնդելուն:
Բարձրաստիճան զինվորականներն իրենց լա՞վ են զգում, երբ պատեհ-անպատեհ առիթներով պետության բարձր քաղաքական պաշտոններ զբաղեցնողները սահմանային ցանկացած միջադեպից հետո հղում են անում ռուս խաղաղապահներին՝ ի լուր աշխարհի հայտարարելով հայկական բանակի անկարողության մասին:
Բանակում զավակներ ունեցող ծնողները չե՞ն տեսնում իրենց սահմանապահ որդիների անտերությունը: Լա՛վ, երկրի մասին չեք մտածում, երկիրը ձեզ համար վերացական գաղափար է, ձեր զավակները նույնպե՞ս վերացական են…
Այսօրվա քաղաքական իշխանությունը երկիրը տարավ պատերազմի և պարտության, մեր զավակներին գիտակցված տարավ մահվան, սակայն 2021 թ. հունիսի 20-ին նորից բազմեց գահին: Եվ սա մեր բազմադարյան պատմության խայտառակ փաստերից է, եթե ոչ ամենախայտառակը: Եվ հիմա «ժողովրդի ընտրյալները» ոչինչ չեն անում, բացի սեփական անձերի անվտանգությունն ապահովելուց, որովհետև իշխանության ղեկին մնալն իրե՛նց անվտանգ և կուշտ լինելու երաշխիքն է: Ուրեմն սրանք գիտակցելով կամ չգիտակցելով ոչինչ չեն անում երկիրը պաշտպանելու համար՝ մոտեցնելով նոր արյունահեղ աղետը:
Խորհրդարան անցած ընդդիմությունը զբաղված է գործունեության իմիտացիայով: Ի՞նչ եք կարծում, չե՞ն կարող մեր ընդդիմադիր պատգամավորները փաստարկված, առանց ավելորդ սենտիմենտների և միասնաբար բարձրացնել սահմանների, բանակի խնդիրները, իրական լուծումներ առաջարկել և պահանջել: Կարող են: Ինչո՞ւ չեն անում: Սպասենք պատասխանի: Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ կամ դավաճան ու հողատու հորջորջելը բնավ դժվար չէ, դժվարն իրական գործ անելն է:
Ամփոփենք: Քանի որ իշխանություններից որևէ ակնկալիք չունենք, պնդում ենք, որ բանակի ղեկավարությունը, ինչո՞ւ չէ, նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն իրական քայլեր անեն երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այլապես բոլորդ եք վաստակելու դավաճանի պիտակը:
Զարուհի Գաբրիելյան
Հ.Գ. Ոչ մի օտար պետություն, ոչ մի խաղաղապահ մեր խնդիրները չի լուծելու: Թարմ օրինակը Աֆղանստանն է: ԱՄՆ-ը զորքերը դուրս բերեց այդ երկրից, և բնակչությունն ընկավ թալիբների ճանկերի մեջ: Երկրի խամաճիկ նախագահը, այլ պաշտոնյաներ ուղղակի փախան՝ փրկելով սեփական կաշին: Բայց թալիբները գոնե տեղացիներ են… Մենք ի՞նչ ենք անելու, եթե մի գեղեցիկ օր ռուսները որոշեն հեռանալ Հայաստանից և Արցախից, իսկ «ժողովրդի ընտրյալները» ճողոպրեն՝ թողնելով կազմաքանդված բանակ և դատարկ գանձարան: Մտածե՛ք: