...

Ձեր Սահմանադրությունը եղել է ձեր գրած ղազագիրը

Ձեր Սահմանադրությունը եղել է ձեր գրած ղազագիրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը հայտարարում է, թե Հայաստանն ակտիվորեն գնում է դեպի բռնապետական ռեժիմ։ Բռնապետության մասին խոսում է մի անձ, որի անդամագրված ու հարազատ կուսակցության ներսում տիրում են խորը ճորտատիրական կարգեր։ 

Մի կուսակցություն, որտեղ կուսակցության գլխին կանգնած մեծն բռնապետը, խոսքի իրական իմաստով, քաղաքական թրաֆինգի է ենթարկում իր ենթականերին, իսկ վերջիններս էլ մեծ հաճույքով ենթարկվում են, հալվում-մաշվում ճորտատիրոջ առաջ ու այդ ամենի դիմաց ստանում իրենց ճորտավարձը։ Իհարկե, շատ կլորիկ վարձ է, մատուցված ծառայությանը համապատասխան։

Օրերս հայտնի դարձան ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների պարտավորագրերը իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Դրանք արդեն ստացել են իրենց պատկերավոր անվանումը՝ ղազագիր։ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն դրանց համար ավելի տիպիկ ու դիպուկ անվանում է առաջարկում՝ ճորտագիր, որտեղ ճորտերը պարտավորվել են հավատարմորեն ծառայել ճորտատիրոջը։ Հակառակ դեպքում… հակառակ դեպքում շատ լավ հայտնի է, թե ինչ կլիներ։

Ու ծառայել են՝ որպես պատգամավորներ։ Տարիներ շարունակ այդ կուսակցությունն ու նրա պատգամավորներն Ազգային ժողովում առաջ են տարել բացառապես իրենց առաջնորդի ու տիրոջ բիզնես շահերը, օրենքներ են ընդունել տվել տիրոջ անձնական ու ֆինանսական կայսրության շահերը սպասարկելու համար։ 

Ոչ թե պետության ու ժողովրդի շահերը, ինչպես ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ, այլ իրենց կուսակցապետ-ճորտատիրոջ, ինչպես պարտավորվել էին ճորտագրերում համապատասխան։ Իրենց համար Սահմանադրություն են եղել հենց այն պարտավորագրերը, որոնք նրանք գրել, երդվել, ստորագրել ու պահ են տվել տիրոջը։

Ու հիմա այս մարդիկ առանց ամոթի խոսում են բռնապետությունից, բռնություններից, մարդու իրավունքներից, արժանապատվությունից, ազատությունից։ Այս ամենը իրենք թողել են իրենց գրած և մարդկային, բարոյական, քաղաքական ու բոլոր տեսանկյուններից ամոթալի ու խայտառակ ճորտագրերում։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1906 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ