...

էս սպառնըմ ե՞ք

էս սպառնըմ ե՞ք

Խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականները իշխանության ներկայացուցիչներին ու իրավապահներին սպառնում էին, թե շուտով պատասխան եք տալու։ Ուզում էին ասել, թե շուտով երկրում իշխանափոխություն է տեղի ունենալու և ներկաները կանգնելու են դատարանի ու պատասխանատվության առաջ։

Այս սպառնալից հայտարարություններն ինչքան էլ թելադրված լինեին իրավիճակով ու պահով, ինչքան էլ հուսահատությունից դրդված զգայական ճիչեր լինեին, ինչքան էլ իրենց մեջ պարունակեին քաղաքական պրիոմներով որոշակի էֆեկտ թողնելու էլեմենտներ, այնուամենայնիվ, ուղղակիորեն կապ ունեն վերջին օրերին ընթացող քաղաքական գործընթացների ու որոշակի քաղաքական ուժերի կողմից ծրագրավորվող պետական հեղաշրջման հետ։

Այս իմաստով ուշագրավ է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթի մի հատված։ Դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ նա ուղղակիորեն հայտարարեց՝ «դուք եք հրահրում, որ բոլոր մյուս ուժերը մոբիլիզացվեն»։ Ակնարկը առավել քան պարզ է։ Ուզում է ասել՝ քաղաքական մի շարք ուժեր մոբլիզացվում ու համախմբվում են իշխանության դեմ և պատրաստվում են տապալել այն։ 

Ի՞նչ ուժեր նկատի ունի Միքայել Մելքումյանը, այդ ո՞ր ուժերն են համախմբվում իշխանության դեմ։ 
Այդ ուժերի կոնկրետ շրջանակը վաղուց հայտնի է։ Այո, համախմբում տեղի ունեցել է, ու շատ լավ է, որ այդ ուժերը համախմբվել են, քանի որ դրանով, ինչպես նաև այս օրերին հանրապետությունում ընթացող իրավա-քաղաքական գործընթացներով քաղաքական դաշտը վերջնականապես պարզաջրվում-հստականում է. մի կողմում անցյալի հանցագործությունները, անօրինությունները, թալանն ու ընտրակեղծարարությունը պաշտպանողներն են, մյուս կողմում՝ այդ արտավոր երևույթները մերժողները։ Իսկ ժողովուրդը՝ դատավոր-գնահատողը։

Իշխանության դեմ համախմբվող շրջանակներում այս օրերին տեղի են ունենում հրապարակային ու ստվերային իրադարձություններ։ Հրապարակայինն այն է, որ կուսակցական գրասենյակներում կազմակերպվում են հավաքներ, ինչ-որ հարցեր քննարկվում։ Օրինակ, հայտնի է, որ նախօրեին հինգ քաղաքական ուժերի (ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», «Բարգավաճ Հայաստան» և Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունների) ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք-հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ գրասենյակում ու ըստ հաղորդագրության՝ «քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում»: Նման մի հանդիպում օրեր առաջ էլ էր տեղի ունեցել։

Դժվար չէ ենթադրել, որ «ընդհանուր փոխըմբռնումը» ծրագրվող պետական հեղաշրջումն է, որին արդեն տևական ժամանակ է, ինչ լծված են այդ ուժերը։

Բնականաբար, համախմբվողները միայն այս հինգը չեն։ Սրանք ընդամենը երևացող մասն են։ Ստվերում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, փեսա Միշիկն ու ՀՀԿ-ն են, որոնք հանդես են գալիս խաղավարի դերում՝ ամեն մեկն իր կոնկրետ դերակատարությամբ։

Մոբլիզացված ու համախմբված շրջանակները հիմնականում այն նույն ուժերն են ու նրանց քավորությամբ ստեղծված նորաթուխ կուսակցությունները, որոնց ժողովուրդը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մերժեց-հեռացրեց ասպարեզից։ Ըստ ամենայնի, նրանք այնքան էլ լավ չեն հասկացել, որ իրենք ընդմիշտ մերժված-հեռացված են, կամ հույս ունեն, թե ժողովուրդը մոռացել է դա։ Եթե այդպես են մտածում, ուրեմն ապրում են իրենց ստեղծած կեղծ իրականության մեջ։

Իսկ բուն իրականությունն այն է, որ ինչքան էլ հանրությունն այսօր տարբեր դժգոհություններ ունենա գործող իշխանությունից, անցյալի մնացուկների ու նրանց խամաճիկների դեմ պայքարում հանրության մեծամասնությունը լինելու է իշխանության կողքին։ Ու դա լինելու է ոչ թե իշխանության, այլ հեղափոխության պաշտպանություն։

Հեղափոխության առումով հատկանշական է խորհրդարանում  ի պաշտպանություն իրեն Գագիկ Ծառուկյանի խառնափնթոր ելույթի մի արտահայտություն։ Նա ասաց՝ «ձեր հեղափոխության վերջը եկել է»։ Ասել է թե՝ խոստովանեց, որ ինքն ու իր գլխավորած ուժը որևէ կապ չունեն հեղափոխության հետ, հեղափոխությունն իրենցը չէ (սրան որևէ ժամանակ չէինք էլ կասկածել) ու 2018 թվականի ապրիլ-մայիսին «հեղափոխական» էին դարձել ու հեղափոխությանը ջուր էին մատակարարում ակամա։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2040 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ