...

Ձեզ ուրիշ բանի համար են «ողջունելու»

Ձեզ ուրիշ բանի համար են «ողջունելու»

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը 2018-ի հանրահավաքներից մի լուսանկար է հրապարակել ու տակը գրել․ «Սերժ Սարգսյանը կարծում է, որ այսօր Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Հիշեցման կարգով՝ 2018-ին հավաքվել էինք ողջունելու Սերժի ժողովրդավարությունը»։

Տարոն Չախոյանին երևի թվում է, թե քանի որ արդեն հինգուկես տարի է անցել՝ ժողովուրդը մոռացել է, թե 2018-ին ինչի համար էր հավաքվել։ Հիշեցման կարգով՝ ժողովուրդը հավաքվել էր ոչ թե նրա համար, որ դժգոհ էր ժողովրդավարության մակարդակից, այլ որովհետև մինչև կոկորդը կուշտ էր կոռուպցիայից, շատերը հույս ունեին, որ շուտով «թալանը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու են» ու բաժանեն իրենց, հեղափոխականների հիմնական կարգախոսներից մեկն էլ սա էր՝ «ո՛չ Հայաստանի ադրբեջանականացմանը»։

Իսկ ինչո՞ւ է ՔՊ-ական պաշտոնյան հարցն այնպես ներկայացնում, թե իբր հեղափոխության պատճառը ժողովրդավարության պակասն էր։ Որովհետև թալանը «քյաբաբ առ քյաբաբ» չվերադարձվեց, ինչ էլ քերեցին՝ հիմնականում մեջ-մեջ արեցին, կոռուպցիան ոչ թե վերացվեց, այլ ընդամենը «ծյունինգ արվեց», Արցախն ու ՀՀ տարածքի մոտ 250 քկմ-ն էլ «ադրբեջանականացվեց»։ Մնում է ժողովրդավարությունը, դա թմբկահարողներին էլ՝ ջերմ ողջույններ ՏԻՄ ընտրություններում հաղթած ու արդյունքում՝ կալանավորված բազմաթիվ համայնքապետերից։

Բայց այս ամենը կապ չունի, որովհետև եթե ժողովուրդը 2018-ի նման ևս մի անգամ հավաքվի՝ հավաքվելու է ողջունելու ոչ թե «Նիկոլի ժողովրդավարությունը», այլ նրա «խաղաղության դարաշրջանը»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ