...

Դուք հիշելու ուրիշ բան չունե՞ք

Դուք հիշելու ուրիշ բան չունե՞ք

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մարտի 15-ին ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ելքերին, ասել է. «Ես կարծում եմ, որ Առաջին նախագահը ինչ-որ, այսպես ասած, մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, երևի 96 թվականի իրադարձություններից ելնելով»:

Եկեք տեսնենք, թե Առաջին նախագահը որքանով է մրցման մեջ մտել Վազգեն Մանուկյանի հետ, ձեռքի հետ էլ կթարմացնենք Ալեն Սիմոնյանի հիշողությունը:

2020թ. հոկտեմբերի 18. 13 կուսակցություններ, այդ թվում՝ ԱԺՄ-ն, հայտարարեցին, որ ելնելով իրավիճակից, պետք է ստեղծվի ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին, որին պետք է փոխանցվեն իշխանության բոլոր լիազորությունները:

Տեր-Պետրոսյանը այս հայտարարությանը արձագանքեց. «Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Պատերազմական շրջանի և ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը»:

Ավելին, հետո պարզվեց, որ Վազգեն Մանուկյանն ինքն է հանդիպել Արցախի գեներալիտետի հետ և նրան կոչ արել իշխանությունն իրենց ձեռքը վերցրել: Տեր-Պետրոսյանը նման բան չի արել:

2020թ. նոյեմբերի 10. Եռակողմ հայտարարությունից և կապիտուլյացիայից հետո, հիշում եք, թե Երևանում ինչ տեղի ունեցավ, գրոհեցին Կառավարության շենքը, մտան վարչապետի առանձնատուն:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։
Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար»:

Նոյեմբերի 11-ին Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է»:

2020թ. դեկտեմբերի 6. Վազգեն Մանուկյանը ընդդիմության հանրահավաքում հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:

Տեր-Պետրոսյանն այս առթիվ արձագանքեց. «Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն:
Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ»:

2021թ. մարտի 8. Վազգեն Մանուկյանը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ՝ ՀՀ ԶՈւ ղեկավարության հայտարարությունը, Օնիկ Գասպարյանին կոչ է արել Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, վերցնել իշխանությունը, զորք մտցնել, միանալ ընդդիմությանը:

Տեր-Պետրոսյանն այս առթիվ արձագանքեց. «Ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը»:

2021թ. մարտի 10. Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին դատապարտեց օրինապաշտության սահմանները չանցնելու և Նիկոլ Փաշինյանին իշխանությունից չհեռացնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու մեջ: 

Տեր-Պետրոսյանն այս առթիվ արձագանքեց. «Արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռևս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա»:

Ամփոփենք. բա ո՞ւր մնաց Վազգեն Մանուկյանի հետ մրցումը: Հաշվեք, թե պատերազմի ընթացքում և դրանից հետո քանի անգամ է ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, փորձել իրավիճակը սրել, հեղաշրջման, ռազմական հեղաշրջման, իշխանափոխության, իշխանությունը վերցնելու ուղղությամբ քայլեր իրականացրել, բախումներ հրահրել, այդ ամենի մեջ փորձել ներքաշել Արցախի և Հայաստանի ռազմական վերնախավին, ու քանի անգամ է Տեր-Պետրոսյանը նման գործելաոճը դատապարտել, քննադատել, կոչ արել զսպվածություն ցուցաբերել, կոչ արել գործել բացառապես սահմանադրականության շրջանակներում, և նրա յուրաքանչյուր հայտարարություն նպաստել է ներքաղաքական ծայրահեղ լարված իրավիճակի պարպմանը, ընդդիմությանը զերծ է պահել առավել արմատական գործողություններ իրականացնելուց, ինչը հղի էր անկանխատեսելի հետևանքներով: 

Ալեն Սիմոնյանը և նրա համախոհները այսքանը չեն հասկանում: Տեր-Պետրոսյանի՝ վերջին ամիսներին արտահայտած դիրքորոշումներից իրենց մոտ ֆիքսվել է միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու պահը, էն մնացածը հեչ: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ սրանց բացի իշխանությունը պահելուց, ուրիշ այլ բան չի հետաքրքրում, սրանց աչքին բանականության, սթափության, ողջամտության որևէ խոսք չի երևում:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ