...

Դուք միշտ լինելու եք ուրացողների կողքին

Դուք միշտ լինելու եք ուրացողների կողքին

«Այսօր, այս քաղաքական իրավիճակում ավելի հմուտ և հետևողական քաղաքական գործիչ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, ես չեմ ճանաչում: Նա ունի այնքան հմտություններ, որ կարող է լուծել խնդիրներ և միակն է, ով ունի համախմբելու այդքան ներուժ: Ես միշտ լինելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին», Արամ Զավենի Սարգսյան, 01.08.2008:

«Ես երկար ճանապարհ եմ անցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, հպարտ եմ, որ նրա կողքին եմ եղել, որ նույն հարթակում եմ եղել, որ ելույթներ եմ ունեցել, որ նրա հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել. Ես շատ բան եմ սովորել Լևոն Տեր-Պետրոսյանից։ Ինչ ուզում եք ասեք, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է և մեծ լումա ունի Արցախյան պատերազմի հաղթանակի գործում, առավել ևս` դրանից հետո Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացում: Նրա դերն իսկապես շատ էր», Արամ Զավենի Սարգսյան, 26.10.2013:

Ընդամենը երկու դրվագ ենք մեջբերել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից: Իրականում տասնյակներով կարելի է մեջբերումներ անել նրա ելույթներից, որտեղ նա խոսում է Լևոն Տեր-Պետրոսյանի «իմաստուն», «խելացի», «իրատես», «հեռատես», «պետականամետ» գործունեության մասին, վերջինիս հավատարմության երդումներ տալիս և այլն:

Իսկ հիմա նույնիսկ դաշնակներն այդպես չեն քարկոծում ու հայհոյանքներ շաղ տալիս Առաջին նախագահի հասցեին, ինչպես Արամ Սարգսյանի կուսակիցները: Էս մարդիկ, օրինակ, հիմա հանկարծ իրենց համար հայտնաբերել են, որ 1998-ի հունվարի 7-8-ին Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճանական մտքեր է հայտնել: 

Մեկը մեջբերում է արել այդ ելույթից, որտեղ նախագահն ասում է. «Ստիպված եմ կրկնել. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր», ու գրել, թե նման միտք հայտնողը կամ թշնամի է, կամ՝ գործակալ, կամ էլ՝ այլազգի: Ու «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները ամենուրեք սա տարածում են՝ ամենավերջին վիրավորանքներով: 

Բա մեկը չլինի՞ ասի՝ Տեր-Պետրոսյանը սա ասել է 1998-ին, ու փաստորեն դրանից 9 տարի անց ձեր առաջնորդը միացել է նրան, գովել, աջակցել, թեպետ իմացել է, որ 1998-ին թշնամուն, գործակալին, այլազգիին հարիր մտքեր է հայտնել: Այսինքն՝ աջակցել է թշնամուն: 

Իհարկե, Արամ Սարգսյանն առաջինը չէ, ոչ էլ՝ գուցե վերջինը, որ ուրանում է Տեր-Պետրոսյանին, նրա դերը մեր պետության կայացման, հաղթանակների, բանակցային գործընթացի մեջ: Ուրացողների ցանկը շատ է, դրանցից մեկը հիմա Հայաստանի ղեկավարներից մեկն է, մյուսը՝ նախկին ղեկավարներից մեկը: Բայց սրանց դեպքը լրիվ կլինիկական է: Տեր-Պետրոսյանի կանխատեսումները, զգուշացումները, որոնք 20 տարի անց մեկ առ մեկ իրականություն դարձան, ոչ թե կանխատեսումներ են համարում, այլ հատուկ, դրսի ուժերի հրահանգով մշակված ծրագիր, որը Լևոնը ցանկացավ իրականացնել, Վազգենը չթողեց, դրա համար Վազգենին վերացրին ու հետո այդ ծրագիրը իրականացրեցին... զառանցանքների շարան է, աջ ու ձախ շաղ են տալիս... Այսինքն՝ 2020-ի պատերազմն էլ է Լևոնի ծրագիրը... 

Սպասենք, տեսնենք Վանոյի կանխատեսումները դրսի որ ուժի հրահանգն են համարելու: Սրանցից արդեն ամեն ինչ սպասելի է:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ