Օրերս 4rd.am-ը անդրադարձել էր Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ, ԱԱԳԼ) առկա բարքերի և նրա տնօրեն Անի Ապրահամյանի գործունեության հետ կապված դժգոհություններին:
Հիշեցնենք, որ մոտ 2 շաբաթ առաջ ինստիտուտում կուտակված խնդիրների մասին ինստիտուտի 63 աշխատակից նամակով դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Այս նամակից փրփրած, Անի Ապրահամյանը որոշում է պատժիչ գործողությունների անցնել և առաջինը աշխատանքից ազատում է Շուշիկ Մկրտումյանին, որը 27 տարվա անվրեպ ծառայության ստաժ ունի և միակ մեղավորությունն այն է, որ ստորագրել է նամակը:
Անի Աբրահամյանի հետ կապված խնդիրները, սակայն, շատ ավելի խորն են։ Ինստիտուտը ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի օրոք, այլ նաև դրա փլուզումից հետո շարունակում էր հանդիսանալ տեսական ֆիզիկայի լավագույն կենտրոններից մեկն աշխարհում: Երբ ինստիտուտի տնօրեն է նշանակվել Անի Ապրահամյանը, վերջինս կտրուկ կերպով փոխել է ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները՝ գերակա համարելով միջուկային ֆիզիկայի զարգացման տեսլականը: Սա դժգոհություն է առաջացրել կոլեկտիվում և տնօրենի հետ կապված այլ հարցերում առաջացած հակասություններն էլ ավելանալով, ի վերջո նամակ է կազմվել և այն ուղարկել են նախարարությանը:
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ կապված խնդիրներն այնքան են թեժանում, որ խնդիրը սեպտեմբերի 27-ին քննարկվում է Ազգային Ժողովի հատուկ լսումներում։ Քննարկումների արդյունքը միանշանակ է. բոլորը հանգում են այն եզրակացության, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմը, ինչը թույլ կտա վերջապես լուծել գիտական հետազոտությունների ուղղությունների ընտրության հետ կապված շիլաշփոթը և ավարտել ցիկլոտրոնի հետ կապված անիմաստ գործունեությունը։ Ինստիտուտի գիտխորհրդի նախագահ Հրաչ Ասատրյանը լսումների ժամանակ հայտնում է, որ գիտխորհուրդը կքննարկի գիտական ուղղությունների և զարգացման ծրագրի հարցը։ Թվում էր, թե գալիս են ինչ-որ լուծումների, և Անի Ապրահամյանը վերջապես որոշել է գիտնականներին ու կոլեկտիվին հարգել։
Սակայն, հոկտեմբերի 4-ին նշանակված գիտխորհրդի նիստին ընդառաջ Անի Ապրահամյանը անսպասելիորեն նամակ է ուղարկում աշխատակիցներին (ներկայացնում ենք առանց խմբագրման).
«Հարգելի գործընկերներ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 11-ին նշանակված gitkhorhurd հանդիպումը չեղյալ է հայտարարվում:
Փոխարենը բաժնի ղեկավարների presentations տեղի կունենան տնօրինության նիստի ժամանակ, երեկոյան ժամը 16-ին (Հոկտեմբերի 4-ին):
Ես կմասնակցեմ»:
Բնականաբար, սա շոկի մեջ է գցում ինստիտուտի կոլեկտիվին: Թվում է, կրքերը հանդարտվել են, գիտխորհրդի նիստ կլինի, ի վերջո լուրջ բանավեճ կլինի ինստիտուտի հետագա գործունեության, զարգացման ծրագրերի շուրջ, տնօրենը ինքնակամ չեղարկում է նիստը:
Որից հետո Անի Ապրահամյանը երրորդ նամակն է գրում ինստիտուտի աշխատակիցներին, որի բովանդակությունն արդեն բավական է այս տիկնոջը ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացնելու համար:
Նամակում գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ և աշխատակիցներ,
Անցած շաբաթ շատ դժվար շաբաթ էր: 62 մարդ, որից 28-ը գիտնականներ, ստորագրել էին մի նամակ՝ ուղված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Այդ ցուցակում ընդգրկված էր նաև Նոր Ամբերդի խոհարարը, ում ես հավանում էի և հաճույք էի ստանում նրա պատրաստած ուտեստներից (օգտվել եմ մեկ անգամ 2019թ-ին և մեկ անգամ էլ 2018թ-ին): Մեր շփումը սահմանափակ է եղել և ես նրա դեմ ոչինչ չունեմ:
Այս շաբաթ ձեզանից շատերի հետ զրույցների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ ձեզանից ոմանց մոլորության մեջ են գցել: Շատերն ասել են բաներ, որոնք ճշմարիտ չեն: Ձեզանից շատերը նամակը ստորագրելու տարբեր պատճառներ ունեին, բայց ընդհանուր առմամբ բոլորիդ ցանկությունը մեկն էր՝ դարձնել ԱԱԳԼ-ն ավելի լավը: Ես ուզում եմ, որ ԱԱԳԼ-ն դառնա այն բարգավաճող լաբորատորիան, որը կարող է լինել:
Մենք կհիմնվենք մեր գոյություն ունեցող ամենաուժեղ կողմերի վրա և կդառնանք էլ ավելի ուժեղ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարը մեր կողքին են և պատրաստ են օգնել մեզ, եթե մենք միասնական լինենք: Պարտադիր չէ ամեն ինչի շուրջ համակարծիք լինել, բայց մեր ապագա առաջընթացի գործում պետք է միակարծիք լինենք: Դա անելու համար ես յուրաքանչյուրիցդ ակնկալում եմ լավագույնը:
Ես ստիպված եմ ձեզ ասել, որ ձեր աշխատանքը ոչ պատշաճ կատարելը կհանգեցնի աշխատանքից հեռացման: Ես աշխատանքից հեռացրել եմ Շուշիկ Մկրտումյանին իր աշխատանքում թույլ տված բազմաթիվ սխալների և ոչ ճիշտ մեկնաբանությունների համար: Հաշվապահական բաժնում նրա ղեկավարության ներքո մենք չենք կարողանում առաջ շարժվել: Նա չի կատարել իր աշխատանքը կամ կատարել է ոչ պատշաճ ձևով: Ես գնահատում եմ ԱԱԳԼ-ում երկար տարիների ընթացքում նրա կատարած քրտնաջան աշխատանքը, բայց այժմ նա տարածել է կեղծ տեղեկատվություն, չի կատարել իր պարտականությունները և չի արդարացրել իմ սպասելիքները:
Ձեզանից շատերը իմ ժպիտն ու հարգանքը համարել են թուլություն: Հուսով եմ, որ դուք հիմա գիտակցում եք, որ դա այդպես չէ: Ինձ համար ԱԱԳԼ-ի տնօրենի պաշտոն ստանձնելու համաձայնագրի մի մասն էր իմ կամքով աշխատակիցներ հեռացնելն ու նոր աշխատակիցներ ընդունելը: Սա կարևոր նախապայման է ուժեղ թիմ ունենալու համար, որը մեզ առաջ կտանի: Հուսով եմ, որ կարող ենք ինտրիգները թողնել հետևում և առաջ շարժվել: Ես մեծ ծրագրեր ունեմ մեզ համար: Դուք պետք է որոշեք գալիս եք ինձ հետ առաջ շարժվելու, թե՝ ոչ»:
Այսպիսի հեղինակավոր, բազմաթիվ փայլուն գիտնականներ տված, գիտական նվաճումների հասած ինստիտուտի հանդեպ սա պարզապես բացահայտ ցինիզմ է: Անթաքույց հայտարարել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և Էկոնոմիկայի նախարարը իր մեջքին կանգնած են, ու ում ուզում է, գործից հանելու է, ում ցանկանա՝ բերի, սա նշանակում է մարտահրավեր նետել ոչ միայն Ֆիզիկայի ինստիտուտի, այլ նաև՝ ընդհանրապես Հայաստանի ողջ գիտական հանրույթի հանդեպ:
Ի՞նչ է նշանակում՝ կամ իմ հետ եք, կամ էլ՝ ռադ եղեք: «Էդ սպառնըմ ե՞ս»: Այդպես չի ասել ուղղակի, բայց միտքը դա է: Ֆիզիկայի ինստիտուտը դա ՍԱՍ սուպերմարկետ չի, որ կոլեկտիվին հավաքեն, ասեն՝ կամ այսքան ձայն բերեք, կամ էլ՝ մեր մոտ մի աշխատեք:
Առանձին ցանկանում ենք հարց ուղղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին. դուք իսկապե՞ս քարտ-բլանշ եք տվել Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ տնօրեն Անի Ապրահամյանին, որ նա խելքին փչածն անի ու այդ ամենի համար որևէ պատասխանատվություն չկրի: Որ ինքը ավելի կարևոր մարդ է, քան՝ ինստիտուտի կոլեկտիվը, որ նա կարող է ինստիտուտի աշխատակիցների հետ խոսել շանտաժի ու հաշվեհարդարի լեզվով:
Սա չափազանց լուրջ խնդիր է. նժարի վրա է դրված Հայաստանի գիտական ոլորտի լավագույն կենտրոների ապագայի, հեռանկարների հարցը: Այսպիսի կացնային մեթոդներով գործող տնօրենին հովանավորելով՝ ՀՀ իշխանությունները միայն հակառակ արդյունք են ստանալու՝ իրենց դեմ հանելով Հայաստանի գիտական աշխարհին: Սրա մասին մտածել ե՞ք:
Հերթական անգամ սպասում ենք իշխանությունների, հատկապես՝ վերոհիշյալ նախարարությունների արձագանքներին: Ու ասենք ձեզ, որ շարունակելու ենք հետամուտ լինել, որ գիտական կյանքը ԱԱԳԼ-ում վերադառնա իր բնականոն հուն: