Մայիսի 21-ի հանրահավաքում ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ «Հայաստանը պետք է առաջարկի բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի»:
Այդ առթիվ Բաղրամյան-26 տելեգրամ-ալիքը գրել է. «Ընդդիմությունը սպասում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության ներկայացուցիչը տեսակետ հայտնի, որ ինքն էլ նույն բանը կրկնի՞: Ու որտեղի՞ց էր Սաղաթելյանը «տեսակետ» ճարելու, եթե Լևոն Զուրաբյանը հարցազրույց չտար»:
«ՉԻ». Էդ իմիջիայլոց, Լևոն Զուրաբյանից պետք է հաշիվ պահանջել, թե ինչի է Իշխան Սաղաթելյանին հոգևոր հայրություն անում: Տեսակետներ հայտնելով՝ Դաշնակցության ականավոր գործչին շեղում է փրկչի ուղուց:
Համացանցում տիպեր կան, որոնք այստեղից-այնտեղից գողանում են տարբեր մարդկանց ստատուսները, մի երկու տառ փոխում, դնում իրենց սոցցանցերի էջում, յանի այդ մտքերի հեղինակը իրենք են: Շատ հաճախ դա էլ չեն անում՝ ծերից ծեր քոփի են անում, դնում՝ առանց իրական հեղինակի անունը նշելու: Ու իրենց ծափ են տալիս, լայքում, ասում՝ էս ի՞նչ խելոք մարդ է, լավ բաներ է ասում, թեպետ իրականում դատարկ դեմքեր են: Ուղղակի լավ տիրապետում են Ctrl+C և Ctrl+V կոմբինացիաներին:
Օրինակ՝ մայիսի 14-ին Լևոն Զուրաբյանը շատ ուշ երեկոյան ստատուս էր գրել՝ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի 6 կետանոց դիրքորոշումների մասին: Կետ առ կետ նշել էր հայկական կողմից առաջարկների սնանկությունը: Հաջորդ օրը՝ մայիսի 15-ին, Նաիրա Զոհրաբյանն առավոտ կանուխ Լևոն Զուրաբյանի այդ ստատուսը վերցրել, իր ֆեյսբուքյան էջում է դրել: Իհարկե, բառացի չի թխել: Լ. Զուրաբյանի տեքստը համապատասխանեցրել է իր ոճին, իր բառապաշարի արխիվից հետաքրքիր որակումներ, պիտակավորումներ, տարատեսակ «ա-լյա Նառա» կարգի արտահայտություններ է ավելացրել, դզել-փչել ու վերջ. Նաիրա Զոհրաբյանը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի 6 կետանոց դիրքորոշումները՝ կետ առ կետ նշելով հայկական կողմից առաջարկների սնանկությունը: Կարող եք մտնել, այդ երկու ստատուսները կարդալ ու համեմատել:
Հիմա մեր Իշխանն է: Կամ ավելի ճիշտ՝ ընդդիմությունը, հատկապես՝ Դաշնակցությունը: Մի տեղ որ խելոք, տրամաբանական միտք են տեսնում, անմիջապես իրենցով են անում: Իսկ ինչքան աղետաբեր քայլեր արել են, վերագրում են ուրիշներին: Դրա համար, որ հիմա բացես պատմության գրքերը կամ դաշնակցական քարոզչամիջոցների էջերը, կարդաս դրանց համախոհների մտքերը, կպարզվի, որ Լևոնն է 1920-ին ստորագրել Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան, իսկ ՀՅԴ-ի ջանքերով էլ Արցախը 1990-ականներին դարձել է հակամարտության լիիրավ կողմ: