Անկախության երեսնամյակին հաջորդելու է խայտառակ պատերազմի մեկ տարին: Ցավոք, երեսուն տարի առաջ հայ հասարակությունն ավելի ռացիոնալ էր, քան հիմա է: Սակայն Հայաստանի պատմությունը ո՛չ երեսուն տարի առաջ է սկսվել, ո՛չ 3 տարի առաջ, ո՛չ էլ 1: Անկախ Հայաստանը Խորհրդային Հայաստանի շարունակությունն էր՝ դրական և բացասական բոլոր իրողություններով:
ՀԽՍՀ ժառանգությունը նախ և առաջ մարդիկ էին, որոնք Անկախության հանրաքվեով, այսինքն՝ օրինակարգ ճանապարհով ընտրեցին անկախանալու ուղին: Ընտրությունը գիտակցված էր, մտքի և տրամաբանության հաղթանակ էր, որին հաջորդեց հաղթանակը ռազմի դաշտում:
Նորմալ մարդկանց համար հասկանալի էր, որ իրական անկախ պետություն ունենալը ջանքեր և ժամանակ է պահանջում, սակայն մեր առավելապաշտ ծայրահեղականները անասելի աղմուկ բարձրացրին, երբ 90-ականների սկզբին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց անկախացման գործընթացի սկզբի մասին: Խիստ հայրենասերների կարծիքով՝ մենք արդեն անկախ էինք:
Հայդատական, պահանջատիրական, քիչ ուշ՝ ոչմիթիզական հանրույթը կուսակցական տարբեր մոդիֆիկացիաներով (ԱԺՄ, ՀՅԴ, ՀՀԿ, Ծռեր և այլն) ամեն ինչ արեցին, որ անկախացման մեր առաջին տարիների ռացիոնալ դիսկուրսը վերացնեն և ազգային հիվանդ միֆերը ներկայացնեն որպես ազգային գաղափարախոսություն, երազանք կամ հեռանկար:
Բնական էր, որ հանրությունն այս աղմուկի մեջ աստիճանաբար կորցնում էր «մտքի թելը» և վերածվում մի կողմից բողոքավոր, բայց անգործունակ զանգվածի, մյուս կողմից՝ կեղծ հերոսականություն կրող ամբոխի:
Այն, որ հատկապես 1998-ին հաջորդող հերոսական պաթոսը կեղծ էր, լավ երևաց 2021 թ. հունիսի 20-ի ընտրությունից: Մեր երկրում 600000-ից ավելի ընտրողներ հաշտվել են ազատագրված տարածքների, Հադրութի և Շուշիի կորստի հետ, ներել են կամ անգամ չեն նկատել հազարավոր երիտասարդների զոհաբերումը, չեն հասկանում, որ Նիկոլ Փաշինյանին ձայն տալով՝ կործանում են Հայաստանը:
90-ականների սկզբի հակալևոնական աղմուկը, որ, ինչպես նշեցինք, ազգային գաղափարախոսության պաճուճանք ուներ, բնույթով նախ և առաջ հակաանկախական էր: Այսինքն՝ վարկաբեկելով Առաջին նախագահի գաղափարները՝ Վազգեն Մանուկյանը, դաշնակցականները և այլք վարկաբեկում էին հայոց անկախ պետականությունը:
Հանրությունը և առաջին հերթին Խորհրդային Հայաստանում ձևավորված մտավորականության աղմկոտ շերտը սկզբում շշուկով, բամբասանքով, հետո՝ բարձրաձայն կրկնում էին, թե երկիրը երկիր չէ, պետք է նորը կառուցել:
Իհարկե, այս ծերունական մառազմի, ոչ վաղ անցյալում «բեսեդկայական», այժմ սոցցանցային ազգային գաղափարախոսության ռեկորդակիրը Նիկոլ Փաշինյանն է, որի խոսույթի հիմնական մոտիվը նախորդ երեսնամյակը ջնջելն է: Ջնջեց:
Ցավոք, անգամ պարտությունը մեզ չսթափեցրեց: Պատերազմից մեկ տարի է անցել, իսկ մենք ոչինչ չենք անում՝ բացի ինքնարդարացումից, բողոքելուց կամ նվնվալուց: (Թեպետ «ռեալիստները» գտել են ճանապարհը. լքում են երկիրը, որ ուրիշների կառուցած պետություններում ապահովեն իրենց զավակների քիչ թե շատ ապահով ապագան): Իսկ մեր դժվար ծնված անկախ պետությունը ո՛չ օրակարգ ունի, ո՛չ իշխանություն, ո՛չ էլ բանական խոսույթ ձևավորող ինտելեկտուալ վերնախավ: Փոխարենը ծաղկում են սովետից մնացած մտավորականության իռացիոնալ պրոպագանդանդիստները՝ ներկայանալով որպես ազգայինի կրող, և ՔՊ-ական կիսագրագետ ֆեյքերը, որոնք ո՛չ սկզբունքներ ունեն, ո՛չ բավարար կրթական ցենզ, սակայն իրենց իրավունք են վերապահում կարծիք հայտնելու:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ անկախացումից 30 տարի անց կրած մեր ջախջախիչ պարտության հիմքում նորմալ տրամաբանության ոչնչացումն էր:
Զարուհի Գաբրիելյան