...

Երվանդ Զախարյանի ուրվականը՝ Երևանի կենտրոնում

Երվանդ Զախարյանի ուրվականը՝ Երևանի կենտրոնում

Անցած հանգստյան օրերին, երբ կորոնավիրուսը մոլեգնում էր Հայաստանում, իսկ ներքաղաքական իրավիճակը էլ ավելի սրվեց, Հանրապետության՝ նախկին Ալավերդյան փողոցի վրա գտնվող և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերից մեկը քանդվեց, հողին հավասարեցվեց:

Նախկին իշխանությունների օրոք քաղաքացիական հասարակության բազմաթիվ շերտեր, ակտիվիստներ, ճարտարապետներ բողոքի բազմաթիվ ակցիաներ են իրականացրել, որպեսզի Բուզանդի և Հանրապետության փողոցների վրա գտնվող ճարտարապետական և մշակութային արժեք ներկայացնող շենքերը չքանդվեն: Մասամբ դա հաջողվել էր: Ի վերջո, այդ շենքերը հին Երևանի այցեքարտն էին, նրա դեմքը: Ցարական Ռուսաստանի օրոք կառուցված շենքերին նույնիսկ խորհրդային իշխանությունները ձեռք չէին տվել: Իսկ հիմա քանդեցին: Անսպասելի և գաղտնագողի:

Օրերս ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը քննադատել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Մենք էլ մեր հերթին քննադատել էինք Արմեն Դարբինյանին: Մի երկու օր այսպես փոխադարձ հրետակոծություն գնաց ու նախկին վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ մենք նրան քննադատել ենք ոչ թե նրա համար, որ ինքը քննադատել է քաղաքապետին, այլ՝ քննադատության որակի համար: Այսինքն, այնտեղ քննադատություն էլ չկար, այլ լոկ՝ ծաղրանք ու վիրավորանք, ինչը հարիր չէ նախկին վարչապետին, առավել ևս՝ բուհի ռեկտորին:

Քննադատությունը պետք է լինի տրամաբանված, փաստարկված, և եթե նույն Արմեն Դարբինյանը Հայկ Մարությանին քննադատեր Ալավերդյանի վրա գտնվող շենքը քանդելու կամ այն քանդելու թույլատվություն տալու համար, մենք ոչ միայն կողջունեինք նրան, այլ նաև մեր էջում նրա խոսքը կներկայացնեինք, որովհետև սա խայտառակություն է: Այսքան պայքարել ենք, որ Երևանում պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններից թեկուզ մի քար չպակասի, իսկ հիմա վերցրել ու քանդել են շենքը: Չգիտենք, թե որ «շեյխի» համար են այսպիսի շռայլություն արել, բայց Երևանի քաղաքային իշխանությունները բռնել են Երվանդ Զախարյանի ուղին:

Իսկ այդ ուղին քաղաքին ոչ մի լավ բան չի խոստանում: Խոստանում է միայն հերթական անճոռնի ու բարձրահարկ գոմերը, որոնցով լցված է այսօր Երևանի կենտրոնը:

Գնում ես Գյումրի կամ Գորիս, մարդու քեֆը գալիս է, թե ինչպես են այսօր այնտեղ վերանորոգում, թարմացնում հին շենքերը, որոնցից յուրաքանչյուրը ինքնին թանգարան է, քաղաքը քաղաք, դրանք քաղաքի դեմքն ու ձեռագիրն են, դրանցով ենք մենք ներկայանալի դառնում բոլորին: Զբոսաշրջության տեսանկյունից այդ շինությունների նշանակության մասին չենք էլ խոսում:

Եթե կուզեք, ապա սա ոնց որ կրակոց լիներ Երևանի թիկունքին: Երևանի իշխանություններն առայժմ բան չեն ասել շենքը քանդելու առթիվ, թեպետ արդեն երկու օր է, ինչ հանրությունը վրդովված է: 

Եվրոպական ամենազարգացած երկրների քաղաքների կենտրոնում նմանատիպ շենքերն են գերիշխում: Ու ոչ մեկի մտքով չի անցնում դրանք քանդել: Անֆայմ եվրոպացի են էլի, փողի վրա նստած, չեն կարողանում փող աշխատել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ