...

Եթե Քոչարյանի որդին նրա օրոք լիներ ընդդիմադիր

Եթե Քոչարյանի որդին նրա օրոք լիներ ընդդիմադիր

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հասկանում եմ, որ վերջին դատական նիստից ընդհանուր առմամբ ձևավորվել էր դրական սպասելիք. շատերն էին մտածում, որ ստորությունը և անմարդկային այս վերաբերմունքը պետք է ունենա սահման, սակայն ոչ ես, ոչ հայրս այլ սպասում չունեինք: Չէ որ ակնհայտ է, որ այստեղ իրավական որևէ գործընթաց չկա: Մեզ, և համոզված եմ շատ գիտակից մարդկանց համար, ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը, անցնելով բոլոր բարոյական սահմանները: Սա ընդամենը մեկ մարդու ազատության պայքար չէ: Սա պայքար է ստի ու կեղծավորության այն ահռելի քանակի դեմ, որի միջոցով մոլորեցրել և շարունակում են մոլորեցնել մեր բազմաթիվ հայրենակիցների: Սա պայքար է մեր ազգային արժեքների համար, մեր փառահեղ հաղթանակները պահպանելու և նորերը կերտելու համար, որտեղ հերոս են դառնում ոչ թե ճարտար խոսելու ու արհեստավարժ ստելու համար, այլ սեփական և հարազատների կյանքը վտանգելու գնով հաղթանակ բերելու համար: Ի վերջո, սա պայքար է Հայաստանում այլ որակի կառավարման համակարգ ունենալու համար, և այս նպատակների շուրջ համախմբվող մարդկանց քանակն օրեցօր ավելանում է»:

«ՉԻ». Մի պահ պատկերացրեք, որ տողերի հեղինակը (իրականում համոզված ենք, որ ինքը չի գրում) Քոչարյանի որդին չէ, այլ մեկ այլ քաղաքացի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հզոր ընդդիմադիր գործիչ կլիներ Քոչարյանի կառավարման տարիներին: Ինչ հմտությամբ և պերճախոսությամբ կմերկացներ Քոչարյանի ռեժիմի հանցագործությունները: Ինչպես անարգանքի սյունին կգամեր ռեժիմի պարագլխին, որը հարյուրներով մարդկանց դատապարտում էր անազատության միայն նրա համար, որ դուրս էին եկել փողոց և իրենց անհամաձայնությունն էին հայտնում կեղծված ընտրություններին:

Եթե տողերի հեղինակը Քոչարյանի կառավարման տարիներին ընդդիմադիր լիներ, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ խոսքերի կարժանանար Քոչարյանը, օրինակ՝ Սամվել Բաբայանին, Ժիրայր Սեֆիլյանին կամ Սմբատ Այվազյանին կալանավորելու համար: Առնվազն այսպիսի գնահատականի. փոքրոգի, վախկոտ մարդուկ, որ կալանավորում է այնպիսի մարդկանց, ում տանը հաց է կերել: Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ խոսքերի կարժանանար Քոչարյանը, եթե տողերի հեղինակը լիներ ընդդիմադիր և ցանկանար պիտակավորել նրա վարքագիծը Վազգեն Սարգսյանի ընտանիքի և մասնավորապես նրա մայրիկի հանդեպ: Մոտավորապես այսպես. նողկալի արարած, որ ուրացել է այն ընկերոջը, որն իրեն նախագահ կարգեց: Եթե տողերի հեղինակը Քոչարյանի տարիներին լիներ ընդդիմադիր, ապա Բուզանդի փողոցի բնակիչներին իրենց տներից արտաքսելու   գործընթացին կտար մոտավորապես այսպիսի գնահատական. անկուշտ և ողորմելի էակ, որ աչք է դրել ուրիշների ունեցվածքին:

Ինչ վերաբերում է գրառման վերջին պարբերությանը: Որքան շատ Լևոն Քոչարյանը խոսի կառավարման նոր որակ բերելու մասին, այնքան շատ մարդ է ցանկանալու, որ հայրը մնա կալանքի տակ: Մի անգամ ժողովուրդը տեսավ, թե Քոչարյանը կառավարման ինչ որակ բերեց, և այժմ նա կալանավորված է հենց այդ կառավարման մոդելի համար: Նոր կառավարման մոդելը ի՞նչ է նշանակելու: Ավելի շա՞տ արյուն, ավելի շա՞տ հանիրավի դատապարտված քաղաքացի: Ավելի շա՞տ ունեզրկված մարդ: Հայաստանի ավելի շա՞տ գույքի օտարում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ