...

Եվ դարձյալ ազատության չափը

Եվ դարձյալ ազատության չափը

ՍՈՒԲՅԵԿՏԻՎՆ ՕԲՅԵԿՏԻՎԻ ՄԱՍԻՆ

«Ազատ ենք»: Որոնում ենք մեր ազատության չափն ու հայտարարում, ոչ մեկը մեզ նման օբյեկտիվ, արդարացի ու ազատ չէ, ոչ մեկին չենք պաշտպանի, քանզի մտավորական ենք ու լավը: Ու մեզ Օլիմպոսի աստվածների կարգավիճակում զգալով՝ զբաղվում ենք ինքնախաբեությամբ: Վախենում ենք մեր իրական արժեքը տեսնելուց, որովհետև ստիպված կլինենք իջնել «երկինքներից» ու ճանաչել սեփական փոքրոգությունը: Ու մեզ դրա դիմաց սպանում են, քանզի պատմությունն անողոքաբար կրկնվելու «բնավորություն» ունի:

Այսքանը՝ որպես նախաբան:

Իսկ հիմա՝ որոշակիացնենք: Ցավոք, Հայաստանն այդպես էլ չդարձավ ազատ անհատների երկիր: Ցավոք, այժմ Հայաստանում վերջին հարվածն են հասցնում ազատության մեր երազանքին: Պայքարում են անողոք ու բիրտ, կարողանում են կոծկել եղած-չեղածը և անում են դա մեր «ազատների» և «օբյեկտիվների» միջոցով: Ընդ որում, «օբյեկտիվները» նույնիսկ Ազատ Արշակյանի համարձակությունն ու իրավունքը չունեն՝ հայտարարելու, թե իշխանությունների հետ գործարքի մեջ են:

Ուրեմն՝ չունեն այդ իրավունքը: Ու սրանց ավելի հեշտ է կենցաղային կոմպրոմատով ահաբեկելն ու առնելը: Ու սրանց թույլ են տալու մերթընդմերթ «սուր», բայց անվտանգ բաներ գրել ու ասել նույն իշխանությունների մասին, որպեսզի պահեն-պահպանեն օբյեկտիվության պատրանքը: Առայժմ: Եվ օգտագործելու են, քանի դեռ իրենց պետք են՝ դանդաղ սպանելով նրանց մեջ պահպանված (?) ազատության սաղմերը: Իսկ հետո սպանելու են: Չէ՛, ֆիզիկապես չեն անի, չեն հերոսացնի, էդքան խելք ունեն: Ուղղակի կդատարկեն, կփչացնեն ու դեն կնետեն՝ մի քիչ փող տալով, որպեսզի բերանները ցմահ փակեն:

Իսկ ո՞րն է հիմա այդ օբյեկտիվության դերը: Չե՞ք տեսնում: Ուշադիր կարդացեք մեր ազատ մամուլի մի պարբերականը գոնե ու տեսեք, թե երբ է ամենից հնչեղ դառնում վերոնշյալ կեղծ հատկանիշը: Իսկ զնգում է «արծաթի» նման, երբ «նորերը» համեմատվում են «նախկինների» հետ: Բայց համեմատում են և ապահովագրվում, թե չգիտեն` մեղավո՞ր էր Վանոն, թե՞ ոչ: Ու լուրջ կերպով փորձում են «արժեվորել» նրա անցյալը: Ինչու՞ են ապահովագրվում, ինչու՞ են անընդհատ կասկածում, եթե Վանոյի հանցանքը դատարանը չի ապացուցել՝ ինչու՞ են խախտում անմեղության կանխավարկածը՝ կասկածով: Որպեսզի օբյեկտիվ լինեն: Ու որպեսզի օբյեկտիվ լինեն, հետն էլ ազատվեն ՀՀՇ-ածին պիտակից, անդադար կրկնում են նույնը՝ այսօրվա վիճակի պատճառները պետք է որոնել «նախկինում», «նախկինները» սրանց նման էին, նույնն էին կամ մի~ քիչ լավը, բայց նույնն էին:

Հասկացա՞ք՝ ո՛ր մեխին են խփում: Բացատրեմ՝ երեքուկես տարի է այս ապօրինի իշխանությունը կռիվ է տալիս Հայաստանի առաջին նախագահի ու նրա նախկին զինակիցների դեմ: Երեքուկես տարի է «նորերին» հանգիստ չի տալիս ո՛չ նրանց գոյությունը, ո՛չ նույնիսկ զոհվածների ստվերը: Որովհետև ժամանակին այդ նախկիններին շատ են ուզեցել նմանվել, բայց չի ստացվել: Որովհետև միշտ հարմարվել ու քծնել են նրանց՝ նախանձելով ու ատելով: Որովհետև այժմ զավթել են իշխանությունը և ուզում են հավերժ իշխանավոր լինել: Որովհետև ց’այսօր վախենում են այդ նախկիններից ու զարմանալի կերպով համոզված են, որ իրենց հախից միայն նրանք կարող են գալ: Ինչո՞վ՝ չգիտեմ, գուցե փորձով-իմացածով, գուցե խելքով, գուցե՝ նախկինում եղած այն ձեռքբերումներով, որոնց սրանք մասնակցության շատ փոքր տոկոս ունեն: Ուրեմն գլխացավանքից ազատվելու համար պետք է օգտագործել տարբեր միջոցներ: Բավական երկար հայհոյանք ու թույն թափեցին ձեռնասուն քարոզչամիջոցներով: Ընդ որում, հիշեցնենք՝ թունավորման գործընթացը 1998-ից չեն սկսել, այլ 1991-ից: Որովհետև մեր երկրի ռոմանտիզմի դարաշրջանում «նախկին» իշխանությունները հանդուրժում էին նույնիսկ անթաքույց ու բիրտ հայհոյանքը, բայց որևէ մեկին դատի չէին տալիս. հավատում էին, երևի, որ դեմոկրատիայի ուղին ենք բռնել: Իսկ երբ «փակվեց» մեկ թերթ ու կասեցվեց մեկ կուսակցություն, այն էլ՝ դատարանում ապացուցված քրեական մեղադրանքով, մեր այսօրվա օբյեկտիվները այն ժամանակ էլ խիստ բարձր ու լավն էին և չգիտես ինչու չէին կասկածում, որ ճաղերի հետևում սովորական տեռորիստ հանցագործներ են, ու պնդում էին՝ Հայաստանում հետապնդում են քաղաքական հարյուրամյա կուսակցության, Հայաստանի իշխանությունները (այսօր՝ նախկին) դեմոկրատ չեն: Հիշեցնենք նաև, որ մեր օբյեկտիվների պաշտպանյալ այսօրվա գաղափարական իշխանավորներից ոմանք մինչև հիմա դատարանով արդարացված չեն:

Բայց՝ շեղվում ենք: Դառնանք բուն նյութին: Ուրեմն տարիներ շարունակ թափված թույնի նկատմամբ հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել: Նոր մեթոդ է պետք: Իսկ հեռու գնալու կարիք չկա: Կարելի է դիմել օբյեկտիվների օգնությանը, որոնք ամեն առիթով կարող են հայտարարել, թե հասարակությանը տեղեկատվություն են հրամցնում: Եվ ազատ են, հարգված իմիջ ունեն ու լավն են: Հետն էլ՝ մի քիչ վախկոտ ու անապահով: Եվ ավելի նուրբ կարող են անել այն, ինչ իրենց գործընկերները անում էին տարիներ շարունակ: Կարող են խփել «նախկիններին»՝ ուղղակի համեմատելով: Հաշվարկը ճիշտ է: Եվ լրագրողի ազատ հոդվածում համեմատվում է, օրինակ, մամուլի վիճակն անցյալում և այսօր: Համեմատվում է՝ հավասարության նշան դնելով: Այսինքն՝ ոնց որ կար, այնպես էլ մնացել է: Շահեկան դիրքորոշում է: Մանավանդ, հարկ չեն համարում խորապես վերլուծել երևույթի պատճառները և տեսնել, որ մամուլն իրականում մեր հասարակության ծնունդն է, մեր հասարակության ծնունդն են նաև օբյեկտիվները և օբյեկտիվության նրանց պատկերացումը: Շահեկան դիրքորոշում է, որովհետև նախկինների ինտելեկտին գոնե որևէ մեկը չէր կասկածում, իսկ սրանց ինչո՞վ կարող ես «մեղադրել», խեղճերը կարգին կրթություն էլ չունեն: Ու եթե նույնն են, սիրելի՛ հասարակություն, պիտի հաշտվես, չպիտի մտածես փոփոխության մասին ու նստես տեղդ: Որովհետև սրանք մի քիչ ավելի «անկիրթ» են ու կամովին հրաժարական չեն տա: Պիտի հաշտվենք, որովհետև այսպես են ասում օբ-յեկ-տիվները, նրանք, ովքեր ոչ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում, նրանք, ում ոմանք ՀՀՇ-ածին են ասում, ոմանք էլ՝... Քանի որ մեր օբյեկտիվների ազատության չափը վախն է, վախը՝ օբյեկտիվ չերևալուց, լավը չլինելուց, պրիմիտիվ վախը կոմպրոմատներից և...

Ու ամորֆ այս կեցվածքը արդեն օգտագործում են և օգտագործելու են: Եվ կտեսնենք այս կեցվածքի դրսևորումն ավելի էքստրեմալ պայմաններում:

Երանի՝ սխալվենք:

Լ. Ասատրյան

P.S. Օբյեկտիվության չափանիշ չունենք: Ազատության մեր չափանիշը մեր գաղափարներն են ու մեր փոքրիկ երկրի ճակատագիրը, որն այսօր վտանգված է ո՛չ «նախկինների», այլ «ներկաների» մեղքով: Ազատության մեր չափանիշը կեցվածք չէ, կենսակերպ է: Եվ չենք վախենում «սուբյեկտիվ» լինելուց: Օբյեկտի ու սուբյեկտի տարբերությունը, հուսով ենք, հասկանում եք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 307, դեկտեմբերի 4, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   747 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ