...

Մարտնչող հիմարության պատիժը

Մարտնչող հիմարության պատիժը

ՀԱՓՐԱԾ

Հայաստանում տեղի ունեցող ոչ մի «իրադարձություն» վերջին 3.5 տարվա ընթացքում պատահական չէ: Ընդ որում, հաճախ թվում է, որ նույնիսկ ՀՀ հասարակ քաղաքացիների կյանքում կատարվող անհասկանալի «դեպքերը» կառավարվում են իշխանական թայֆային ծառայող անվտանգության մարմինների կողմից: Որովհետև վերոնշյալ թայֆան բուռն և խորունկ մետաստազներ է տվել և փորձում է վերահսկել թե՛ մեր անձնական կյանքը, թե՛ նույնիսկ միտքը: Ակնհայտ է, որ «ազգային» գորշությունը հատկապես աշխուժանում է, երբ հասարակական հնչեղություն են ստանում մեր պետականության ճակատագրի համար կարևորագույն երկու հարց՝ Արցախի խնդրի կարգավորումը և հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը: Ու ամեն անգամ գործի են դրվում ահաբեկչական, կոմպրոմատային, խարդավանքային բոլոր մեխանիզմները:

Ուրեմն փորձենք պարզել, թե ի՞նչ են ուզում սրանք մեզնից՝ ՀՀ սովորական քաղաքացիներից: Իսկ ուզում են հետևյալը. ցմահ մնալ իշխանության գլուխ, իրականացնել իրենց «տնտեսական ծրագիրը», ոչնչացնել բոլոր մասշտաբների ընդդիմադիրներին: Դրա համար էլ նրանց բոլորովին ձեռնտու չէ արցախյան պրոբլեմի խաղաղ կարգավորումը, դրա համար էլ ամեն անգամ գտնում են ձևեր ու խոսափողեր, որպեսզի երկարաձգեն ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը: Եվ այս երկուսից, անշուշտ, նրանց ավելի ձեռնտու է պատերազմը, որովհետև խաղաղ պայմաններում բացվելու են բոլոր ճանապարհները, Հայաստանում այսպես կամ այնպես զարգանալու է բիզնեսը և, բնականաբար, խանգարելու է թայֆայի հովանավորյալ «գործարարներին»: Ու նրանք այդ պարագայում դժվարանալու են մոնոպոլ ոլորտներ պահել մեր երկրում: Օրինակ, շրջափակման վերացումից հետո Հայաստան ներկրվող ապրանքատեսակների թիվն ու քանակը կավելանան կհեշտանա երկրում արտադրվող ապրանքի արտահանումը և խիստ կնվազեն Միկայի ու Գրանտ Տաբակիչի շահույթները:

Իսկ տնտեսական ազատություններն իրենց հետևից բերում են նաև քաղաքական համակարգի կտրուկ փոփոխություն և վերացնում ասիական տիպի բռնապետության հիմքերը: Ուրեմն պետք էր Արցախի հարցն այնպիսի փակուղի մտցնել, որ դրանից քիչ կորուստներով դուրս գալն անհնարին լինի: Եվ 1998-ից ի վեր հայտարարվեց, որ կոնֆլիկտը ոչ թե Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև է, այլ Հայաստանի ու Ադրբեջանի: Հայաստանը դրսից հայտարարեցին ագրեսոր, իսկ պահանջատիրության գաղափարախոսները միայն յուղ լցրին կրակի վրա: Հետևաբար հարցը տեղափոխվեց բոլորովին այլ հարթություն, վերացվեց ինքնորոշման իրավունքի հիշատակումն իսկ, և աներկբա կերպով դրվեց Հայաստանի հարավային դարպասի՝ Մեղրիի հարցը: Այսինքն զիջումներ այս անգամ պիտի անի Հայաստանը, բայց ոչ հանուն Արցախի լիակատար անկախության, այլ հանուն անհասկանալի մի բանաձևի, որն այդպես էլ չեն ուզում հրապարակել: Իշխանությունները լավ գիտեն, որ հայ հասարակությունը հիվանդագին է ընդունում տարածքային այս փոխանակումը (Մեղրին՝ Լաչինի դիմաց) և ընդվզելու է: Ու այսպիսի ընդվզումն իրենց ձեռնտու է: Ամեն անգամ գտնում են կիսաիշխանամետ մի գործչի ու նրա բերանով հայտնում հերթական «ավետիսը»՝ քննարկվում է Մեղրիի հարցը: Արձագանքը նրանց համար պարզ է: Եվ պարզ է նաև միջազգային միջնորդներին տրվող պատասխանը՝ մեր ժողովուրդը դեմ է: Իսկ Ադրբեջանը թեժացնում է վիճակը պատերազմական կոչերով, որոնց հայաստանյան ուզուրպատորները պատասխանում են կեղծ հոխորտալից ճառերով՝ հաղթողական:

Վերջին խոսափողը կաճառական Ռաֆայել Ղազարյանն է, որի երկարատև լռությունը միայն մեկ բան էր նշանակում. այս իշխանությունները նրան լիովին բավարարում են: Հայտնի մտավորականը չխախտեց իր համերաշխ լռությունը ո՛չ հոկտեմբերի 27-ից հետո, ո՛չ էլ առավել ևս «Պապլավոկի» անթաքույց հաշվեհարդարից: Արժանի՛ կեցվածք է: Նրան 1997-ին խանգարում էր մտավորական նախագահը, որից 1998-ին բարեհաջող ազատվեց: Ու վերջ, ու կորավ «քաղաքական արիությունը», քանի որ երկրում սկսված պերմանենտ քաղաքական սպանություններն այլևս անհնար էր Վանոյի անվան հետ կապել: Ուրեմն կարելի էր հանգիստ ապրել: Իսկ հիմա նորից Արցախը դարձավ Ռ. Ղազարյանի մտահոգության առարկան: Ու քիչ է մնում կրկնի Էդ. Հովհաննիսյանի ասածը՝ փոքր-ինչ փոփոխված: Եթե տեռորի մեծ տեսաբանն ու ՀՅԴ բնազդների ճշմարիտ թարգմանը պնդում է, թե հանուն ազգի թող կործանվի պետությունը, ապա սա կասի... Չէ, չենք ուզում սեպ խրել:

Թող մնա նրանց խղճին: Իսկ Արցախն այդպես էլ առկախ կմնա, ու մենք կգլորվենք դեպի պատերազմ: Եվ բոլորովին պատահական չէ, որ Ռ. Քոչարյանը ընդդիմության հզոր հանրահավաքից առաջ (հոկտեմբերի 27-ի երկրորդ ամյակի նախորդ օրը) և հիմա է հիշել իր սահմանադրական իրավունք-պարտականություններից մեկը, ինքը գերագույն գլխավոր հրամանատար է: Մի դեպքում ահաբեկում է երկրի քաղաքացիներին՝ հիշեցնելով, որ զորքն իրեն է ենթարկվում, հետևաբար կարող է ցրել ցանկացած հանրահավաք, մյուս դեպքում՝ ցույց է տալիս, որ նախապատրաստվում է կռիվ տալու, նույնիսկ կամուֆլյաժ էր հագել...

Կամուֆլյաժը՝ կամուֆլյաժ, բայց երկիրն է ափսոս: Որովհետև այս երկրում այլևս ոչ ոք օրենքին չի հավատում, այս երկրում անընդհատ հայհոյվել է Սահմանադրությունը, խախտվել, այս երկրում սպանությունն անգամ դառնում է կեղտոտ առևտրի ու քաղաքական խաղերի առարկա: Այն էլ անթաքույց, վայրենի սպանությունը: Այո՛, չեք սխալվում, նորից «Պապլավոկի» դեպքն ենք հիշել: Ու նորից կրկնում ենք՝ սա ցուցադրական սպանություն էր, ահաբեկման դասական շղթայի օղակներից մեկը, և սրա՛ «բացահայտումը», բնականաբար, ձեռնտու չէ սպանվածի կուսակիցներին, քանզի դիպչելու է իրենց իսկական շեֆին: Բայց «Պապլավոկի» մարդասպանների պատիժը պետք է պահանջեն բոլոր նորմալ քաղաքացիները՝ ելնելով ինքնապաշտպանության անհրաժեշտությունից: Բայց լռում են, չեն հասկանում, որովհետև դեռ ողջ են, ծեծված-սպանված չեն:

Սակայն դառնանք իրադարձությունների տրամաբանական շղթային. հասարակությունը, ազգը, պետությունը այս իշխանությունների օրոք դատապարտված են, որովհետև նրանք երբեք չեն եղել այս հասարակության լիարժեք անդամներ, նրանց պետք չէ պետությունը, պետք չէ ազգը, ու նրանք շարունակելու են տեռորի, կոմպրոմատների, քսու ինտրիգների «քաղաքականությունը», ուրիշ ելք չունեն, այլ կերպ գոյատևել չեն կարող: Ուրեմն մենք վերջապես պիտի խելքներս գլուխներս հավաքենք, եթե դեռ ուզում ենք ապրել: Համոզված ենք՝ ցանկացած նորմալ հասարակություն կընդվզեր ու իշխանությունից կհեռացներ այն մարդկանց, ովքեր կհամարձակվեին «Պապլավոկ» կազմակերպել, եթե անգամ դրանք «լեգիտիմ» լինեին: (Իսկ մեր հայրենակիցները նույնիսկ սպանության վայրը չբոյկոտեցին): Մերը նորմալ չէ, մերը խեղված է, բայց, հուսանք, ուժ կգտնի իր մեջ, երբ գործը հասնի իր սեփական զավակի ոսկորին:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 299, նոյեմբերի 15, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ