...

Եվս մեկ «վերլուծագանգ» Նիկոլի շրջապատից

Եվս մեկ «վերլուծագանգ» Նիկոլի շրջապատից

Եթե առաջ որոշ «ռազմահայրենասեր» քաղաքագետների զառանցանքները` «ոչ մի թիզ հող չզիջելու», իսկ հիմա` «Հադրութն ու Շուշին հետ վերցնելու» մասին գուժում են մեր հասարակության (ինչպես Արման Գրիգորյանը կասեր) «քաղաքակրթական ճգնաժամը», ապա Հակոբ Բադալյանի երեկվա գրառումը Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցի վերաբերյալ «բարոյական ճգնաժամի» ցցուն օրինակ է:

Նա ասում է, թե, տեսնես, Ժիրայր Լիպարիտյանը և «բանակցային գործընթացի մյուս մշակները» երբևիցէ կխոստովանե՞ն, որ Արցախյան հարցը ի սկզբանե դրել են սխալ ուղու վրա: Սխալ ասելով` նա նկատի ունի «մասնավորապես այն, որ մեր դիրքերը կառուցվել են այսպես կոչված փոխզիջումային պատրաստակամության վրա, որը չի եղել այլ բան, քան տարածքների հանդեպ Ադրբեջանի իրավունքի ճանաչում, այն դեպքում, երբ Ադրբեջանը իր հերթին չի ճանաչել հայկական կողմի ոչ մի իրավունք»: Ավելին` նա 44-օրյա պատերազմում կրած պարտությունը համարում է այդ սկզբնական սխալի «կուլմինացիան»: Բայց, վերջիվերջո, գթասիրտ է գտնվում Լիպարիտյանի նկատմամբ և շեշտում, որ այն ժամանակվա «անփորձությամբ» երևի ավելին անել հնարավոր չէր:

Այլ կերպ ասած, այս մտքի գիգանտը մեզ ուզում է հրամցնել, որ`

ա) միջազգային հանրությունը, որը մեզ նույնիսկ չներեց մեր ընդամենը ձևական փոխզիջումային պատրաստակամությունը 1998-2020 թթ. և լռելյայն հավանություն տվեց Ադրբեջանի ագրեսիային, «խելոք» կհամակերպվեր մեր մաքսիմալիստական պահանջներին, եթե մենք հենց սկզբից որևէ փոխզիջում բացառած լինեինք․

բ) մեր ընդունել-չընդունելուց էր կախված Ադրբեջանի իրավունքը ԼՂԻՄ-ին հարող 7 շրջանների նկատմամբ, որոնց վրա Արցախի անկախության հանրաքվեն անգամ չէր տարածվում.

գ) մենք Ադրբեջանից կարող էինք «իրավունքի ճանաչում» կորզել՝ նրա իրավունքը 7 շրջանների նկատմամբ չճանաչելով, այսինքն՝ նրանց վրա «ծախել» այն, ինչ առանց այդ էլ միջազգային իրավունքի տեսակետից միանշանակորեն պատկանում էր նրանց (ի տարբերություն ԼՂԻՄ-ի տարածքի)․

դ) այդ դեպքում չէինք պատժվի միջազգային հանրության կողմից՝ 7 շրջանների անեքսիայի և, ընդհանրապես, ապակառուցողական դիրքորոշման համար (մի բան է` ասել, որ մեզ անվտանգության գոտի է անհրաժեշտ, բոլորովին այլ բան՝ որ այդ տարածքներն այլևս մերն են)․

ե) 44-օրյա պատերազմը ոչ թե Փաշինյանի արկածախնդիր համառության և քաղաքական վախկոտության, այլ Տեր-Պետրոսյանից ու Լիպարիտյանից ստացած «ժառանգության» հետևանքն է, ուստի, Փաշինյանը չէր կարող դրանից խուսափել․

զ) ինքը՝ Բադալյան Հակոբը, այն մարդն է, որը կարող է «ներել» Լիպարիտյանի «անփորձությունը»:

Քաղաքագիտական առումով այս ամենի ետևում թաքնված է մի մեծ և հին սուտ, այն է՝  դիվանագիտությունը կախված չէ սեփական հնարավորություններից, ուստի ինչ-որ անորոշ «ճկուն դիվանագիտություն» վարելու պարագային (որը երբեք մանրամասն չի նկարագրվում) հնարավոր է թքել միջազգային հանրության և իրավունքի վրա, գերտերությունների ու հարևանների դեմքին և հասնել սեփական նպատակին՝ առանց որևէ բան զիջելու:

Պարզ է նաև գրառման քաղաքական ուղերձը. Փաշինյանը մեղավոր չէ իր օրոք տեղի ունեցած աղետի համար, մեղավոր չէ, որ դավաճանի պիտակից խուսափելու համար գերադասեց հստակ ուրվագծվող պարտությունը խաղաղությունից, ընդհակառակը, մեղավոր են նրանք, ովքեր հիմք էին ստեղծել խնդրի խաղաղ և իրատեսական կարգավորման համար։

Այսքան մանրամասն չէի անդրադառնա այս քաղաքագիտական դադայիզմի վառ օրինակին, եթե այսօր ես ևս մեկ անգամ ունկնդիր եղած չլինեի Լիպարիտյանի պայծառ մտքին: Ի՞նչ տրամաբանության ու բարոյականության տեր մարդ և առավել ևս քաղաքագետ պետք է լինես, որ այդ հարցազրույցը լսելուց հետո դիմես այսպիսի ծախու մանիպուլյացիաների:

Վահրամ Հովհաննիսյան

Ժիրայիր Լիպարիտյանի հետ հարցազրույցը՝ այստեղ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   950 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ