...

Հաղթելու շանս ունեք

Հաղթելու շանս ունեք

ՔՈ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը մի հատ մեծ դիսերտացիա է հրապարակել Infocom.am-ում: Եթե մտածում եք, որ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին, Լաչինի միջանցքին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերություններին, չարաչար սխալվում եք: Նա գրել է Ժիրայր Լիպարիտյանի մասին. «Ժիրայր Լիպարիտյանի հրեշավոր առասպելները» թույն վերնագրով:

Վայ, էնքան ծավալուն հոդված է, որ իմաստ չունի ամբողջը ներկայացնել: Հոդվածի իմաստն այն է, որ Ժիրայր Լիպարիտյանը ծնված օրվանից երազել է Հայաստանն ու Արցախը հանձնել թուրքերին, ադրբեջանցիներին ու էլի ինչ-որ չար ուժերի: Խորհուրդ կտանք ոչ մի դեպքում չկարդալ, մեկ է, բան չեք հասկանա: 

Բայց մի հատվածի ցանկանում ենք անդրադառնալ: Գրել է. «Լիպարիտյանը հեռավոր 90-ականներից սկսած մինչ օրս պնդում է, թե Հայաստանը պետք է իր կենսական շահերի հարցում հարևանների (մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի) հետ զիջումների գնա:

Ի հեճուկս սրա, մեր հանրությունը 90-ականներին որոշում է զենքով պաշտպանել իր տարրական իրավունքները և այդ կռվում հաղթող է դուրս գալիս»:

Էս մգացված հատվածում խտացված է այսօրվա դառը իրականության և պարտությունների գլխավոր պատճառներից մեկը: Այն, որ 1990-ականների հաղթանակների դերն ու նշանակությունն այն աստիճան այլասերեցին, որ դա վաղ թե ուշ հանգեցնելու էր այդ հաղթանակների արդյունքների զրոյացմանը: Այսինքն, որ այդ ժամանակահատվածում ունեցած մեր հաջողությունները, ձեռքբերումները պայմանավորված էին ոչ թե պետություն ունենալու գործոնով, այլ՝ հանրություն: Ոչ թե պետությունն էր իր իշխանություններով հանդերձ այդ հաջողությունների գրավականը, այլ հանրությունը: 

Այսինքն, ըստ էս մեր ընկերոջ, այն ժամանակ հանրությունը որոշում է պատերազմով պաշտպանել իր իրավունքները: Զենքով: Թե որտեղից այդ զենքը, չի ասում: Երևի հանրությունն է Ռուսաստանից, Եվրոպայից, այստեղից-այնտեղից զենք, տանկեր, ուղղաթիռներ բերել: Կարծես այդ սպառազինությունները Մոսկվայի տոնավաճառում շարված էին, ընդամենը պետք էր գնալ, բերել: Հանրությունն է բանակցություններ վարել, ռազմական օպերացիաներ մշակել և իրականացրել, արտաքին քաղաքականություն իրականացրել, կամավորական ջոկատներ կազմել, կանոնավոր բանակ ստեղծել, թիկունքը ապահովել, սնունդ հասցրել ռազմաճակատում կռվողներին: 

Մի խոսքով, բոլորը, բացի պետությունից: Առանց պետության, առանց իշխանությունների ենք հաղթել, մենք մեզանով: Ու այս «ճշմարտություններով» էլ արդեն 25 տարի է, կերակրում են այդ նույն հանրությանը: Որ կարելի է առանց պետության հաղթել, պատերազմներ վարել: Բա հիմա էլ հաղթեք, ի՞նչ է եղել: Ո՞վ է խանգարում: Պետությո՞ւնը: Պետություն չկա, որովհետև պետության նշանակությունը զրոյի եք հասցրել: Շատ հարմար պահ է, հանրությունով հավաքվեք, գնացեք, հաղթեք: Քանի պետություն չկա, Լիպարիտյանն էլ պաշտոն չունի, որ Հայաստանն ու Արցախը հանձնի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2936 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ