...

Դիվանից վեր կացան

Դիվանից վեր կացան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Ալիևի ու Փաշինյանի փաստաբան Լիպարիտյանը:

Հանրային հեռուստաընկերություն կոչվածում հյուրընկալվել էր տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը, ով փրփուրը բերանին համոզում էր, որ Թուրքիան մեր հանդեպ լավ է տրամադրված, և որ Ադրբեջանի սիրտը շահելու համար պետք է ընդունել, որ Արցախն ադրբեջանական է՝ այն հույսով, որ Ալիևը կբաշխի մեզ 29.800-ը։

Լիպարիտյանը հանրության դյուրահավատ հատվածին փորձում էր համոզել, թե, իբր, թուղթ ստորագրելը կարող է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար:

Լիպարիտյանն այնպես էր քարոզում Ադրբեջանի օգտին, որ նույնիսկ քիրվայական գծի կողմնակից լրագրողն էր ընդվզում ու սրտնեղած եզրակացնում, որ Լիպարիտյանը հանձնվել է քարոզում»:

«ՉԻ». Զարմանալի մարդ է այդ Լիպարիտյանը: 25 տարվա ընթացքում այդպես էլ չսովորեց ռազմահայրենասիրական մտքեր հայտնել: 

Այս տարիների ընթացքում գոնե մի անգամ չի ասել «Արցախը Հայաստան է ու վերջ», «Արցախի հարցը վաղուց լուծված է», «100 տարի էլ շրջափակման պայմաններում կզարգանանք», «Մենք թշնամուն հողեր զիջելու կարիք չունենք», «Ոչ մի թիզ», «Մահ կամ ազատություն», «Ղարաբաղի հարցում խընդըռներ չեն կարող լինել», «Մեր բանակը մինչև Բաքու կհասնի», «Փոխզիջումը դավաճանություն է», «Խաղաղության կողմնակիցները կապիտուլյանտներ են»... գոնե մի անգամ սենց մի բան ասեր, մեր հայկական դիվանի գեներալների սիրտները հովացներ: Չսովորեց, էլի, ճիշտ բաներ ասել:

Փոխարենը միշտ մի բան է պնդել ու պնդում. գործել մեր հնարավորությունների սահմաններում, չընկնել անիրատեսական գաղափարների ետևից, երազանքներին տուրք չտալ, ողջամիտ լինել, ռացիոնալ մտածել: Բա սրանք ասելու բանե՞ր են:

Երեկ էլ մարդն ասում էր. մենք էս վիճակում ենք, տարածաշրջանն այս վիճակում է, մեր հակառակորդներն էս վիճակում են, նայենք՝ մենք այս պահին ինչ հնարավորություններ ունենք, դրա սահմաններում առավելագույնը կորզենք: 25 տարի Հայաստանն ու Արցախը դեպի պատերազմ ու պարտություն տարած ուժերը սրանից փրփրել են: 

Վրա են տվել մի մարդու, որը բացառապես դիվանագիտական աշխատանքով հարյուրապատիկ ավելի մեծ ձեռքբերումներ է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, քան էս դիվան քշողները՝ միասին վերցրած: 

Որ ուրիշ բան չասենք, նաև Լիպարիտյանի շնորհիվ Արցախը ճանաչվել էր հակամարտության լիիրավ կողմ: Անհավանական բան է հիմա թվում: Հետո այ էս նույն Թևանյանի շեֆի պատճառով Արցախին տշեցին բանակցություններից: Մենակ սա հերիք է:

Անդրանիկ Թևանյան, Սուրեն Սահակյան. իբր թե մեկը ռուսամետ է, մյուսը՝ արևմտամետ: Ձևական, իրականում երկուսն էլ դիվանամետ են: Պառկեն ու ճոռո-ճոռո խոսեն: Սուրեն Սահակյանն ընդհանրապես առաջարկում է պերսոնա-նոն-գրատա ճանաչել Ժիրայր Լիպարիտյանին: Ընդամենը նրա համար, որ Խորենացու միտքն է կրկնել. ոտքդ վերմակի գյորա մեկնի: 

Իսկ որ այս շառլատանների պատճառով ենք այս օրին հասել, մի գրամ պատասխանատվություն դրա համար չեն զգում: Որովհետև դիվանին պառկելը քրեական հանցանք չի համարվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1578 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ