...

Գևորգ Կոստանյան. Չստացված ջախջախիչը

Գևորգ Կոստանյան. Չստացված ջախջախիչը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտնվել է հայկական հայտնի ասացվածքում նկարագրված իրավիճակում`«մուկն իր ծակը չի մտնում, դեռ ցախավելն էլ պոչից է կախ տալիս»: Կոստանյանը, որի դրդմամբ, ըստ ժամանակ առաջ ՀՔԾ տարածած հաղորդագրության, դեռևս 2008 թվականին ՀՀ ոստիկանությունում «Մարտի 1»-ի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր են կեղծվել, փոխանակ ուժերը կենտրոնացնի իր «կերած բողկերի» համար պատասխան տալու ուղղությամբ, որոշել է կանգնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի թասիբին ու «հիմնովին  ջախջախել» նրան «առնչվող քրեական գործը»:

Նախօրեին «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում նախկին գենպրոկուրորը «ջախջախման օպերացիայի» հետ կապված որոշ դիտարկումներ է հայտնել, սակայն գործադրված ավելորդ էնտուզիազմի պատճառով դեպքերից մի փոքր առաջ է ընկել` հայտնվելով զավեշտալի իրավիճակում: Այդ օպերացիան, անշուշտ, հետաքրքրական կլիներ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, եթե կառուցված չլիներ ակնհայտ մանիպուլյացիայի ու կեղծ տեղեկության հիման վրա: Հարցազրույցի հենց սկզբում պարոն Կոստանյանը հղում անելով ինչ-որ կայքի ինչ-որ հրապարակման` հայտարարում է. «Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ և, քրեական գործը հարուցելու որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը»:  

Նախ նշենք, որ հիշյալ դատավարական փաստաթղթում` քրեական գործ հարուցելու որոշման մեջ, ինչպես նաև քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ որևէ տեղ և որևէ անգամ նշված չէ Հրայր Թովմասյան անուն-ազգանունը: Սակայն դա չի խանգարել պարոն Կոստանյանին մեկ պարբերության մեջ երեք անգամ կրկնել այդ սուտը  /ՍԴ նախագահի անունը նշված լինելը/, և իր ողջ ջախջախիչ մանիպուլյացիան կառուցել այդ կեղծիքի հիման վրա: «Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը և նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն ՍԴ-ի թույլտվությամբ, հետևաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը պետք է ունենային ՍԴ-ի համաձայնությունը, որովհետև քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ»,- ասում է Կոստանյանն ու ավելի հեռուն գնում` հղում անելով ՄԻԵԴ նախադեպային երկու գործի, որոնցով, ըստ նախկին դատախազի, ՄԻ Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ «այն պահից, երբ քրեական գործ սկսելու որևէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող»:  

Իրեն հարգող իրավաբանն ու Եվրոպական դատարանում 14 տարի պետության շահերը ներկայացրած անձը, ենթադրում ենք, պետք է որ պաշտոնական փաստաթղթերին ծանոթանար ոչ թե ինչ-որ անհայտ կայքերի միջոցով, այլ պաշտոնական մարմինների պաշտոնական կայքերում, և վերլուծությունները կատարեր պաշտոնական մարմնի հեղինակած կոնկրետ պաշտոնական փաստաթղթի վրա հիմնվելով: Սակայն, ակնհայտ է, որ Կոստանյանը, «շառը» կայքի վրա գցելով և նմանատիպ զավեշտալի վերլուծությունն անելով մեկ խնդիր ունի` միանալ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելու առիթով բարձրացված աղմուկ-աղաղակին և քանի հնարավորություն ունի նոտա հղել եվրոպական կառույցներին, թե` տեսեք, Հայաստանի նոր իշխանությունը ինչպես է կոպտորեն խախտում օրենքներն ու Եվրոպական կոնվենցիան ու ինչ «օյին է բերում» մեր սրբակենցաղ գործընկերոջ գլխին: 

Ի դեպ` քրեական գործ հարուցելու ՀՔԾ որոշման օրինակներից մեկը ուղարկվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որն էլ այդ որոշման սքրինշոթը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Ըստ այդ որոշման եզրափակիչ մասի` ՀՔԾ-ն ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ, այն ընդունել է վարույթ և ձեռնամուխ է եղել նախաքննության իրականացմանը: Այսինքն` որևէ մեղադրյալ այս պահի դրությամբ սույն գործով առկա չէ, ուր մնաց թե` նշվեր այդ չեղած մեղադրյալի անունը: Հիշեցնենք, որ Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել և պահանջում էր քրեաիրավական գնահատական տալ  Հ. Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու ճանապարհին թույլ տված ապօրինություններին: 

Հ. Գ. Մեկ արձանագրում. քանի որ ՀՔԾ-ում քննվող համապատասխան քրեական գործով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում է նաև Գ. Կոստանյանի անունը, ուստի, ըստ վերջինիս` վերը նշված վերլուծության տրամաբանության, ինքն այս գործով արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակ ունի: Չէ որ, ինչպես նախկին գխավոր դատախազն է նշում,  «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որևէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող»:

Ի դեպ, պարոն Կոստանյանը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, թե 15 օրից կներկայանա ՀՔԾ և պարզաբանում կներկայացնի սույն քրեական գործի հետ կապված: Այդ խոստումից առնվազն 20 օր է անցել, սակայն նրա ոչ իզն է երևում, ոչ էլ թոզը: Նախկին դատախազը կարծեք մտադիր չէ բռնել դեպի ՀՀ բերող ճանապարհը:  
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ