ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․ «Քանի կար, դիմակի համար էին մարդկանց տուգանում, հիմա էլ կարծիք արտահայտելու համար են մարդկանց պատժում: Վերջը Նիկոլ, ինչի՞ ես ըտենց ակտիվորեն լծվել երկիրը քանդելու գործին: Չթարգեցիր խասյաթդ, հո զոռով չի»:
«ՉԻ». Երևի գիտեք, որ այս օրերին կորոնավիրուսի տարածման մակարդակը շեշտակի աճել է: Արդեն զգուշացնում են, որ եթե սանիտարական կանոնները չպահպանվեն, շուտով օրական 1000-1200 վարակակիր կունենանք:
Իսկ ինչո՞ւ են թվերը աճում: Որովհետև մեկը այս Գևորգ Պետրոսյանը ամիսներ շարունակ կոչ է անում դիմակ չկրել: Հիմա վարակի աճի տեմպերի համար ո՞ւմ մեղադրել՝ պետությա՞նը, թե՞ սրա նմաններին: Կամ նման կոչերով ո՞վ է պետությանը թիկունքից հարվածում:
Մենք մի լավ գաղափար ունենք, թե ոնց Գևորգ Պետրոսյանի այս ռազմահայրենասիրական ջիղը վասն հայրենյաց օգտագործել:
Ուրեմն, իրեն պետք է տանել առաջնագիծ: Այնտեղ իրեն ազատել դիմակ կրելու և կարծիք արտահայտելու սահմանափակումներից: Առավոտից իրիկուն թող խոսի: Օրը 24 ժամ: Ու այնքան բարձր, որ ադրբեջանցիները դիմացի խրամատներում չկարողանան քնել: Առավոտը թշնամու զինվորները, աչքերն ուռած, անքնությունից տանջված, ի վիճակի չեն լինի ո՛չ քայլել, ո՛չ կրակել: Լրիվ շարքից դուրս կգան ու դրանից օգտվելով՝ կարելի է նրանց ջարդել: Բան ենք ասում, Գևորգ Պետրոսյանի ղժղժան ձայնը հրետանու համազարկից ավելի սարսափազդու կլինի հակառակորդի համար: