...

Գավառական միֆերի երկիրը

Գավառական միֆերի երկիրը

Հայաստանի և Արցախի ճակատագրով հետաքրքրվողներն ումի՞ց են իմանում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Խոսքը ոչ թե տարբեր վերլուծագանգերի հորինվածքների մասին է, այլ քիչ թե շատ հավաստի տեղեկությունների: Միանգամայն ճիշտ եք. մենք տեղեկություններ ենք ստանում Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, երբեմն Արևմուտքի պաշտոնյաներից, եթե նրանք անդրադառնում են մեր խնդիրներին: Իսկ հետո այդ պատառիկները դարձնում ենք վերլուծությունների և եզրահանգումների հիմք՝ ըստ ճաշակի:

Այսպես, հայտնի կայքերից մեկը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն անվանում է «չարագուշակ», հետո մուննաթ է գալիս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վրա՝ ընթերցողին հրամցնելով հետևյալ վերնագիրը՝ «ԱՄՆ-ը և Ֆրանսիան Արցախի վերաբերյալ էլ հարցեր չունե՞ն Ռուսաստանին»:

Երբեմն լրագրողներն են Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններից պատասխաններ կորզում, որոնք հետո վերլուծագանգերը ներկայացնում են իրենց ցանկություններին համապատասխանող լույսի ներքո: 

Հուլիսի վերջին, օրինակ, մեծ աղմուկ բարձրացավ Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցից հետո, իսկ երեկ բոլոր լրատվականները տարածեցին ԱՄՆ դեսպանի պատասխանը հայ լրագրողի հարցին. Լ. Թրեյսին ասել է, թե իրենք չեն համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է: Ահա սա առիթ է տվել, որ մեր արևմտամետները հորթային հրճվանքով հանրությանը համոզեն, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան կտրուկ շեշտադրումներ են անում:

Մեր իրականության մեջ բնավ զարմանալի չէ, որ, օրինակ, «Լրագիր» կայքի մեկնաբանը, խոսելով Ժոնաթան Լաքոտի՝ «Հետք» պարբերականին տված հարցազրույցի մասին, «չի տեսնում» դեսպանի կարևոր պնդումներից մեկը:

«Կովկասյան տարածաշրջանում գերտերությունների մրցակցություն կա՞» հարցին Ժ. Լաքոտը պատասխանում է.

«Հարավային Կովկասի համար մեծ հնարավորություն է այն, որ այստեղ համագործակցություն կա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև։ Դժվարությունները, որ առկա են Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում, գոյություն չունեն Ղարաբաղի հարցի պարագայում։ Նախագահներ Մակրոնը և Պուտինը հաճախակի հեռախոսազրույցներ են ունենում մի շարք վիճելի հարցերի շուրջ, բայց Ղարաբաղյան խնդրի շուրջ ընդհանրություն կա»: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:

Ի՞նչ է ստացվում: Ոչ մի նոր բան: Մեդիադաշտում, սոցցանցերում, հայաստանյան կյանքում շարունակվում է միֆաստեղծարարությունը: Իրականության աչքերին քչերն են փորձում նայել: Նրանք էլ հաճախ տեղեկություններ չունեն: ՀՀ ամենաժողովրդական կառավարությունը, բոլոր հարցերը ժողովրդի հետ լուծելու խոստում տված վարչապետը երկրի համար կարևորագույն հարցերի մասին խոսում են լոզունգներով, այսինքն՝ ոչինչ չեն ասում: 
Հայաստանի սահմանների վիճակի մասին իմանում ենք, երբ ադրբեջանցիները հերթական գործողությունն են անում: 

Բավական լավ տեղեկացված ենք Թուրքիայի և Ադրբեջանի նպատակների մասին, թեպետ այս ինֆորմացիան էլ պետք է զտել:

Իսկ թե ի՞նչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ ոք չգիտի: Գուցե նաև հենց ինքը…

Մի բան, սակայն, մերոնք լավ են անում: Օրումեջ հանրությանը ծամելու նյութ են տալիս: Ակտիվ, ավելի ճիշտ՝ թեթևամիտ, կուտը ուտող հատվածը մի քանի օր զբաղվում է դպրոցի տնօրենով, Աղվան Հովսեփյանով, բուռն քննարկում է Անկախության տոնի խնդիրը, իսկ կարևոր հարցերը մնում են աննկատ, անպետք:

Այսպես աննկատ ու անպետք էլ մնում է երկիրը, որտեղ ծաղկում են գավառական միֆերը:

Զարուհի Գաբրիելյան


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1033 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ