Ծննդատների թեմայի արդյունքում տատմերերի ինստիտուտների ներդրման և ավելի զավեշտալի տեսակետների հետևանքով, ինչպես հաճախ է պատահում, հետին պլան մղվեց գործընթացի քաղաքական բաղադրիչը: Իսկ քաղաքական բաղադրիչը շատ ավելի կարևոր է, քանի որ առջևում կան էլի բարեփոխումներ, որոնք ոչ պակաս ցավոտ են լինելու:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Մելիքյանի միջոցով իրականացրեց «Տարոն, սիրուն չէ» ներկայացման սեփական բեմադրությունը: Այն որ Արսեն Թորոսյանը մշտապես առաջ է ընկնում և կտրվում քաղաքական ընդհանուր տրամաբանությունից, ակնհայտ է: Թերևս ժամանակը չէր գնալ նման կտրուկ քայլերի, թեկուզև դրանք երկարաժամկետ առումով արդարացված են: Ցավոտ ռեֆորմներ անելուց առաջ պետք է վերլուծել ընդհանուր քաղաքական իրավիճակը, ստանալ թիմակիցների լիակատար աջակցությունը և հնարավորինս լավ այն ներկայացնել հանրությանը:
Ամեն առիթով լայվ անող Փաշինյանի տեսակետը այս հարցի վերաբերյալ մնում է գաղտնիք: Պարզ չէ՝ Թորոսյանը իր մտադրությունը կյանքի կոչելուց առաջ խորհրդակցել է վարչապետի հետ, թե՝ ոչ: Եթե խորհրդակցել է և աջակցություն ստացել, ապա վարչապետի վարքագիծը շատ վատ հետևանքներ է խոստանում: Առաջին հերթին թիմի ներքին մթնոլորտի և նախարարների որևէ բարեփոխում իրականացնելու ցանկության և կամքի համատեքստում: Ավելի լավ չէ՞ ոչինչ չանել, խելոք նստել և չընկնել պատմությունների մեջ: Օրինակ, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նման:
Եթե Թորոսյանը չի ստացել վարչապետի աջակցությունը և ինքնագլուխ է նախաձեռնել ռեֆորմը, ապա օր առաջ պետք է ազատվել այդպիսի նախարարից, քանի որ պետության մեջ պետություն չեն կառուցում:
Անորոշ վիճակը միայն խնդիրներ է ստեղծում: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նույն «Իմ Քայլի» որոշ պատգամավորներ ակնհայտ թիրախավորում են Թորոսյանին՝ պատվեր վերցնելով նախկիններից և հատկապես Միքայել Մինասյանից:
Ներթիմային աշխատանքը պետք է կարգավորվի և բացառվի նախկինների ազդեցությունը իշխող թիմի ներսում մթնոլորտ ձևավորելու մեջ: Մեկ-երկու պատգամավոր ունենալը ճակատագրական չէ: Ճակատագրական կարող է լինել նրանց չպատժելը: Այդպիսի վիրուսները տարածվելու մեծ իմունիտետ ունեն:
Արիս Վաղարշակյան