...

Եվ այդ մեկ մարդը Փաշինյանն է

Եվ այդ մեկ մարդը Փաշինյանն է

Այն, ինչ կատարվում է Արսեն Թորոսյանի անձի շուրջ, առաջին հերթին պետք է դառնա մեկ մարդու լուրջ ուսումնասիրության թեմա: Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Նա պետք է հասկանա հակաքարոզչության և ֆեյք նյուզի ուժը: Հասկանա, թե ինչ կարող է անել հիբրիդային պատերազմը ամենահեղափոխական և իր ոլորտում բարեփոխումներ կատարած նախարարի հետ:

Ասֆալտը իհարկե պետք է, իհարկե այն ավելի հարմարավետ է դարձնում մարդկանց կյանքը և իհարկե այն չափազանց հեշտ միջոց է, որ ներկայացվի, թե ինչ է փոխվել: Բայց ոչ մի դեպքում ասֆալտը համակարգային փոփոխություն չէ, արմատավորված կոռուպցիան և նախկինների բարեպաշտության դիմակը պատռել չէ: Իսկ Արսեն Թորոսյանը պատռեց նախկին առաջին ընտանիքի դիմակը: Պարզվեց, որ Նարեկացու արձան տեղադրող, աշխարհի մեծամեծերի հետ ընկերություն անող Միքայել Մինասյանի հայրը չի խորշել զբաղվել պետպատվերով բուժվող հիվանդներին հատկացվող գումարների յուրացմամբ: Եվ թերևս փաստերն այնքան համոզիչ էին, որ նախընտրեց փախչել, քան կանգնել խամաճիկային արդարադատության առջև:

Արսեն Թորոսյանը կառավարության անդամներից առաջինը ենթարկվեց միշիկական, իսկ այնուհետև նաև քոչարյանական լրատվամիջոցների և հաստիքային ստատուսչիների գրոհներին: Որովհետև, նախ չներեցին իրենց մերկացնելը, իսկ այնուհետև հասկացան՝ բարեփոխում է ոլորտը, իսկ դա կարող է դառնալ մի կողմից հեղափոխության գովազդ, մյուս կողմից՝ իրենց ապիկարության վառ դրսևորում: Իհարկե, սրան գումարվեց նաև Թորոսյանի քաղաքական համարձակությունը, որ երբեք չխորշեց նախկինների սազանդարներին անվանել իրենց անուններով:

Ի տարբերություն գործող կառավարության մի շարք անդամների, որոնք քաղաքական հայտարարություններից փախչում են այնպես, կարծես դա կորոնավիրուս լինի: Արսեն Թորոսյանի դեմ պայքարում իրենց յուրահատուկ դերը ունեցան նաև ՔՊ-ի մի շարք անդամներ, որոնց Փաշինյանը չկարողացավ կամ չցանկացավ սանձել: Տարատեսակ Լուլուները, Զեյնալյանները և լրատվամիջոց ունեցող ևս մեկ ՔՊ-ական օր ու գիշեր այնպես էին պայքարում և դեռ շարունակում են պայքարել Թորոսյանի դեմ, որ դրա 1/10-րդ չափով չպայքարեցին Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Այս նույն անձինք, նույն լրատվամիջոցների հրետակոծության ներքո, Թորոսյանին շարքից հանելուց հետո, անցնելու են Փաշինյանին, և նա էլ Թորոսյանի պես մնալու է առանց թիմակիցների աջակցության: Քանի որ ավանդույթի ուժը և թիմի կոտրվելը դառնալու են սովորություն:

Այս պարագայում չի աշխատելու բաժանիր, որ տիրես սկզբունքը: Հակառակը, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել խոհանոցում, Փաշինյանը պետք է թիկունք կանգնի իր ամենահեղափոխական նախարարին, իսկ այն թիմակիցներին, որոնք գործում են նախարարի դեմ, հանրամատչելի բացատրի, որ զբաղված են դավաճանությամբ:

Եթե հիմա դեռ մի փոքր հույս կա, որ իշխանությունը խելքի կգա և կհասկանա, որ ռևանշի ճանապարհը փակելու միակ միջոցը խորը համակարգային բարեփոխումներն են, ապա Թորոսյանին «ժերտվա» տալու դեպքում, մյուս նախարարները դառնալու են ավելի խեղճ, փորձելու են աչքի չընկնել, որ չառերեսվեն նախկինների մեդիա գրոհների հետ: Նրանց ավելի շատ վախեցնելու է մեդիատեռորը, քան հասարակության քննադատությունը կամ Փաշինյանի կշտամբանքները կառավարության նիստի ժամանակ:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ