Արտակարգ դրության ժամանակահատվածում հանրապետությունում գնաճ է արձանագրվել: Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.3 % գնանկում, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 1.8 % գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը:
Վիճակագրությունը փաստում է, որ թանկացել են նպարեղենի գրեթե բոլոր տեսակները: Կարագի գինը նույնպես բարձրացել է:
Ապրիլին մարտի համեմատ կարագի գինն աճել է 2.9 %-ով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3.8 %-ով, ալյուրինը՝ 4.0 %-ով, բրնձինը՝ 4.2 %-ով, ոլոռինը՝ 6.0 %-ով, մակարոնեղենինը՝ 6.1 %-ով, ոսպինը՝ 27.3%-ով:
Պաշտոնական տվյալներով՝ ձավարեղենի գներն աճել են 13.5 %-ով, այդ թվում՝ ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3 %-ով:
Մրգի շուկայում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 9.2 %, իսկ 2020թ. մարտի համեմատ`8.3 % գնաճ:
Թանկացել է նաև շաքարավազը: Գնաճը կազմել է 9.0 %: Եթե ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.7 % գնանկում, ապա այս տարվա մարտի համեմատ՝ 7.4 % գնաճ է արձանագրվել:
Նախորդ տարվա համեմատ կաթնամթերքը, պանիրն ու ձուն էժանացել են, մինչդեռ ապրիլին մարտի համեմատ այս շուկայում թանկացումը 4.2 % է կազմել:
Մեկ ամսում ձվի գինը բարձրացել է 19.8 %-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.2 %-ով:
Ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0 %, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0 % գնաճ:
Պատկերը մի փոքր այլ է բանջարեղենի շուկայում: Այստեղ գների անկում ունենք: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 6.5 %, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.7 % գնանկում:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-1.5%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Իջևան քաղաքում:
Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.8 %-ով: