...

Գտնված «պիպետկային» ավելացնել մի քիչ հաշիշ ու խառնել Տիգրան Ավինյան

Գտնված «պիպետկային» ավելացնել մի քիչ հաշիշ ու խառնել Տիգրան Ավինյան

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: Աղբյուրը փորձել է Ներսես Պողոսյանից պարզաբանում ստանալ, սակայն նա չի ցանկացել, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն: Նրա պաշտպան Յուրա Ավայանը հայտնել է, որ փորձագիտական եզրակացությանը դեռ ծանոթ չեն, չի կարող մեկնաբանել, սակայն վստահեցրել է, որ իր պաշտպանյալի՝ թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ որևէ փաստ չկա:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ճիշտ է՝ օրեր առաջ Ներսես Պողոսյանն այս գործով դեռ կարգավիճակ չուներ, փորձաքննությունների արդյունքներն էլ դեռ հայտնի չէին, բայց, այնուամենայնիվ, պաշտոնյան շաբաթներ առաջ բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով: Նա նաև «Առավոտ»-ին ասել էր, թե որտեղից է իր մոտ հայտնվել «պիպետկան»։ «Դեպքի առաջին օրը` զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել»: Հիմա էլ տանը գտնված հաշիշի մասով է ահագին ծիծաղաշարժ պատմություն մտածել։ Բանն այն է, որ Ավանի թաղապետ Արա Դանիելյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե իր տեղակալի անվան հետ կապված խնդիրները բավարար հիմքեր չե՞ն նրան աշխատանքից հեռացնելու համար, ասել է․ «Իհարկե, շատ հնարավոր է, քրեական գործի արդյունքներով որոշում կկայացվի։ Այդ թեմայով ես զրուցել եմ իր հետ, փորձել եմ բացատրություն ստանալ, Պողոսյանը նշել է, թե տեղյակ չէ՝ որտեղից է այդ հաշիշը հայտնաբերվել իր մոտ։ Պողոսյանը պատերազմի մասնակից է, 40 օր գտնվել է այնտեղ։ Ինձ ասել է, որ համազգեստի գրպանում է եղել այդ թմրամիջոցը և չի հիշում, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել»։

Քանի շուտ է, այս անգամ պետք է արագ պատրաստվել ու դառնալ ոչ թե ծիծաղի առարկա, այլ․․․․․ասենք՝ քաղբանտարկյալ։ Ինչպե՞ս՝ շատ հեշտ․ պետք է հայտարարի, որ իր տան խուզարկության ժամանակ հաշիշ են բերել-գցել տան մեջ, որ «գործ սարքեն» գլխին և ազատվեն իրենից։ Հրապարակումներ եղան, չէ՞, որ Տիգրան Ավինյանը փորձում է ազատվել նրանից։ Ու ճիշտ կանի, որ ճշգրտի «պիպետկայի» պատմությունը։ Ասի, որ դա էլ էր Ավինյանը գցել իր գրպանը այն բանից հետո, երբ ինքը «պիպետկան» գտել և փոխանցել էր Ավինյանին՝ այն դեն նետելու խնդրանքով։ Ավինյանն էլ հարմար տեղ չէր գտել գցելու, բերել տեղադրել էր Պողոսյանի գրպանում։ Առայժմ ճիշտ կանի այսքանն ասի՝ առանց փակագծեր բացելու։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ