...

Տիգրան Ավինյանին սպասելիս

Տիգրան Ավինյանին սպասելիս

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում: Այս մասին ահազանգել է «Հետք»-ը՝ ներկայացնելով քաղաքապետարանի պարզաբանումն առ այն, որ «Ալբերտ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 041196 արձանագրությունը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար»։ Չնայած սրան՝ ապօրինի շինարարության մասին արձանագրությունը կազմելու հաջորդ օրը Ալբերտ Սուքիասյանը շարունակել է շինարարությունը: Իր հերթին պատգամավորի խոսնակ Աննա Մկրտչյանն արձագանքել է հրապարակմանը՝ նշելով, որ Ալբերտ Սուքիասյանն ապօրինի շինարարություն չի իրականացնում, և քաղաքապետարանի տեղեկության մեջ կան անճշտություններ։ «Թե ինչու է Երևանի քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում Ալբերտ Սուքիասյանի անունը, անհասկանալի է։ Հարկ եմ համարում սակայն նշել, որ նշված հասցեում առկա շինությունը կարիք ուներ ամրացման, որը և իրականացրել է շինարարական ընկերությունը։ Խնդիրն այն է եղել, որ շինարարը չի սպասել թույլտվության և սեփական տարածքում իրականացրել է ամրացման աշխատանքներ։ ՏԻՄ ներկայացրած տուգանքը և պետության առջև բոլոր պարտավորությունները շինարարական կազմակերպության կողմից ենթակա են մարման։ Հասարակությանն ապատեղեկատվությունից զերծ պահելու համար ևս մեկ անգամ կրկնում եմ, որ տեղի ունեցածը ամրացման աշխատանքներ են սեփական տարածքում»,- նշել է Աննա Մկրտչյանը։

Տարածքը, որի մասին խոսում են, «Լունապարկի» սկզբնամասում է՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ։ Այս տարածքը տարիներ շարունակ հանրությանը հայտնի է «գռզոյանոց» անունով։ Բոլորն էլ գիտեն, որ քաղաքի այս հատվածը՝ երկու մայթերով, հենց Խաչատուր Սուքիասյանին է պատկանում։ Հիմա կամ վերջինս վաճառել է այդ տարածքը, կամ էլ վարձակալության է հանձնել մեկ ուրիշին։ Եթե վաճառած լիներ, ապա քաղաքապետարանում դրա մասին գոնե տեղյակ կլինեին, իսկ եթե վարձակալությամբ է հանձնված տարածքը, ապա այն վարձակալի համար «սեփական տարածք» չէ, ըստ այդմ՝ նույն վարձակալը չէր կարող ուրիշի տարածքում ինքնագլուխ ամրացման աշխատանքներ իրականացնել։ Մամլո խոսնակը չի հայտարարում տարածքի առքուվաճառքի՝ որպես կայացած փաստի մասին, հակառակը՝ բավականին մանրամասն տեղեկություններ է հաղորդում ուրիշի տարածքում առկա շինության վիճակի մասին, թե բա այդ ուրիշը ամրացման աշխատանքներ է իրականացնում։ Անշուշտ, այս ամենում քաղաքական ինտրիգ կա։ Երևանի քաղաքապետը շուտով փոխվելու է։ Ամենայն հավանականությամբ Տիգրան Ավինյանը կզբաղեցնի այս պաշտոնը, իսկ Ավինյանը բավական մտերիմ հարաբերություններ ունի Խաչատուր Սուքիասյանի հետ։ Հիմա շինարարական աշխատանքների համար սահմանված 200 հազար դրամ տուգանքը կվճարեն, հետո կշարունակեն ապօրինի շինարարությունը և այն չդադարեցնելու համար ևս 2,5 միլիոնով կտուգանվեն։ Բնականաբար՝ կվճարեն։ Հետո կգա Ավինյանը և կօրինականացնի ապօրինի կառուցված շինությունը։ Իսկ թե այդ ժամանակ որտեղ կլինի Հրաչ Սարգսյանը, ոչ մեկին չի հետաքրքրի, ճիշտ այնպես ինչպես չի հետաքրքրում, թե որտեղ է Հայկ Մարությանը և ինչ ճակատագիր ունեցան այն նախագծերը, որոնց ապօրինի շինարարությունը կամ օրինականացումը արգելել էր Հայկ Մարությանը։ 

Գոհար Վեզիրյան   

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ