...

Եթե կոռուպցիա չկա, թող ասեն՝ ով է նվիրատուն

Եթե կոռուպցիա չկա, թող ասեն՝ ով է նվիրատուն

Կառավարությունը որոշել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփական 15 տոկոս բաժնեմասը կառավարման հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերությանը։ Այն պետական սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություն է, որի տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Վերջինիս «վերածննդին» կանդրադառնանք առանձին հրապարակմամբ, մինչ այդ հիշեցնենք, որ կոմբինատի 60 տոկոսը ձեռք է բերել ռուսական «Գեոպրոմայնինգը», որից 25 տոկոսը նվիրել է կառավարությանը։ Փաշինյանն երեկ կառավարության նիստին սրտնեղել է, թե փորձ է արվում բաժնեմասերի մի մասի անցումը կառավարությանը ներկայացնել բացասական լույսի ներքո, մինչդեռ սա իրականում ձեռքբերում է։ «Այն, որ պետությունը իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր և զրկված է եղել, դա փաստորեն կասկածելի չի, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերում, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր և գործարքներ գտնել: Ես ուզում եմ պարզաբանել, որ կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ կոռուպցիայի արդյունքում պետությունը կորցնում է»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերել «Ազատություն» ռադիոկայանը։

Փաստորեն, այն ինչ կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, կարելի է վերագրել կոռուպցիային։ Ասել է թե՝ երկրի ինքնիշխանության կորուստը, իրարահան եղած պետական ստրուկտուրան, դիվանագիտական կոլապսը, որոնք պատուհասել են մեր պետությանը, հնարավոր է հենց կոռուպցիայի արդյունք են։ Այստեղ վեճ չունենք Փաշինյանի հետ։ Վեճն այն է, որ եթե նախկինները կոռուպցիան չէին կարգավորում օրենքով՝ դրանով թեմա տալով հասարակությանն ու ընդդիմությանը, ապա Փաշինյանը կոռուպցիոն գործընթացները «կարգավորում» է համապատասխան օրենսդրությամբ, որ երբ ցանկանա՝ օրենքը մատնանշի։ Բայց սա պրիմիտիվ մոտեցում է, գուցե աշխատող յուրայինների և ժողովրդական այն զանգվածների համար, որոնց համար Նիկոլ Փաշինյանը համարյա Քրիստոսն է՝ փրկչի առաքելությամբ։ Բայց այստեղ խնդիրն ակնհայտ է։ Տեսեք, հենց կոնկրետ այս օրինակի վրա կարող ենք մատնանշել փաստեր, որոնք կոռուպցիոն կասկածների տեղիք են տալիս։ Բանն այն է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ կառավարությունն այդպես էլ մինչ այս պահը չեն մեկնաբանել, թե ինչպես նրանց հաջողվեց ձեռք բերել կոմբինատի 25 տոկոսանոց արժեքավոր բաժնեմասը։ Եթե ամեն ինչ օրենքով է, և ՀՀ կառավարությունն էլ բացառապես առաջնորդվում է թափանցիկության սկզբունքով, ապա ինչո՞ւ բացատրություն չի տրվում այս մասով։ Ո՞վ, ե՞րբ կամ ինչպե՞ս է որոշել, որ ՀՀ կառավարությանը պետք է նվիրի կոմբինատի բաժնեմասերից։ Ինչո՞ւ է հենց 25 տոկոսի վրա կանգել նվիրատուի ընտրությունը։ Արդյո՞ք սա չի արվել ինչ-որ բանի դիմաց, արդյո՞ք սա կասկածելի գործարքի «մաղարիչ» կամ լավության տակից դուրս գալու դրսևորում չէ։ Չեն խոսում։ Լռում են, դեռ մի բան էլ Ավինյանին են հանձնում կառավարումը։ Իսկ Ավինյանի բիզնես նախասիրությունները շատ հեռուն են գնում։ Պետականությունից էլ հեռու։

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   3200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ