«Ոչ ՄԱԿ-ը, ոչ Մինսկի խումբը ծպտուն չեն հանի արտակարգ դրության պատճառով Արցախը ՀՀ-ին միացնելու դեմ: Ինչին են սպասում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:
«ՉԻ». Տա Աստված, կորոնավիրուսը արագ հաղթահարվի: Այլապես այս տեսակը գլուխ է բարձրացնում և կարող է ազգային անվտանգությանը սպառնալիք դառնալ: Սոցիալական պոպուլիզմով զբաղվողներն այս տեսակի համեմատ բացարձակ վտանգավոր չեն և անգամ ինչ-որ տեղ՝ ընդունելի:
Հանուն մի քանի տասնյակ լայքի՝ ինչպես կարելի է նման անպատասխանատու հայտարարություններ անել: Քաղաքական հայտ ներկայացրածը ինչպես է պատկերացնում, որ այսպիսի հայտարարություններից հետո իրեն լուրջ ընդունեն: Դրա համար էլ ցույց է անում, որին 1-2 հոգի են մասնակցում:
Իրանում վիճակն ավելի լուրջ է, կարելի է միանգամից Ուրմիա լիճն էլ ազատագրել: Իսկ Իտալիայում Մխիթարյան միաբանության վանականները, օգտվելով այդ երկրում ստեղծված իրավիճակից, կարող են հռչակել Սուրբ Ղազար կղզու անկախությունը:
Խզմալյանի համար պետք է բացառություն անել, թող դուրս գա օդափոխվի. տունը մնալով՝ դառնում է համացանցի Նապոլեոն: